Ծնունդով Պոլսից Տարոն Աճեմօղլուն վերջերս տնտեսագիտության բնագավառում արժանացավ Նոբելյան մրցանակի։ Երկրորդ դեպքն է, երբ հայկական արմատներով գիտնականը ստանում է նման բարձր պարգև․ 2021-ին Նոբելյան մրցանակի էր արժանացել ծնունդով Բեյրութից Արտէմ Փաթափութեանը բժշկագիտության բնագավառում։
Պոլսաբնակ գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը նկատում է, որ երկու անվանի գիտնականներին միավորում է այն, որ երկուսն էլ սերում են հայկական միջավայրից։ Աճեմօղլուի և Փաթափութեանի ծնողները ուսուցիչներ են եղել, որոնք, ըստ Քոփթաշի, մեծ դեր են ունեցել Նոբելյան մրցանակակիրների աշխարհայացքի ձևավորման համար։
ՍիվիլՆեթի հետ զրույցում Քոփթաշն անդրադառնում է Տարոն Աճեմօղլուին՝ նրա ինքնության հարցերին, վերլուծելով նրա կերպարը Թուրքիայի հանրությունում, ինչպես նաև ներգրավվածությունը թուրքական քաղաքական գործընթացներում։
Ըստ Քոփթաշի՝ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայում շատ ճանաչված և հեղինակավոր տնտեսագետ է և չնայած՝ տեղափոխվել է ԱՄՆ դեռևս 90-ականներին, սակայն իր կապերը Թուրքիայի հետ չի կտրել և շարունակում է պարբերաբար այցելել։ Հետևաբար, ըստ Քոփթաշի, Աճեմօղլուի հաջողությունները լայնորեն տարածվում են Թուրքիայում և հայ համայնքում։
Հրապարակախոսն ընդգծում է, որ Աճեմօղլուի ընտանիքը կարևոր հասարակական գործունեություն է ծավալել պոլսահայ համայնքում։ Հայրը՝ Գէորգ Աճեմյանը, իրավաբան էր ու դասավանդում էր Ստամբուլի համալսարաններից մեկում։ Նա ժամանակին թուրքական մամուլում իր գաղափարներն է ներկայացրել 60-70-ականների Թուրքիայի քաղաքական զարգացումների վերաբերյալ։ Մայրը պոլսահայ մտավորականներից էր, դասավանդել է Պոլսի հայկական վարժարաններում և որպես արձակագիր իր աշխատությունները հրատարակել է հայկական «Մարմարա» թերթում։ Քոփթաշը նկատում է, որ հայկական համայնքում մեծ դեր է ունեցել նաև Տարոն Աճեմօղլուի պապիկը, որը Պոլսի Կաթողիկե Մխիթարյան վարժարանի շրջանավարտների միության հիմնադիրն էր։ Բացի այդ, հիմնադրել է «Տոգո» անվանումը կրող կոշիկի արտադրությունը, որը ցայսօր թուրքական շուկայում շարունակում է իր գործունեությունը։
Քոփթաշն նշում է, որ Նոբելյան մրցանակից հետո Աճեմօղլուի ինքնության հարցը քննարկումների տեղիք տվեց։ Չնայած թուրքական մամուլը Աճեմօղլուին ներկայացրել է որպես թուրք գիտնական, սակայն քննարկումներ ծավալվեցին այն մասին, թե արդյոք այն ճիշտ բնութագրում է, թե ոչ, և արդյոք պետք է նշվի վերջինիս հայկական արմատների մասին։
Քոփթաշը համոզված է, որ Թուրքիայում շատերը տեղյակ են Աճեմօղլուի հայկական արմատների մասին։ 2023-ի Թուրքիայի նախագահական ընտրություններում նա ներգրավված էր Թուրքիայի գլխավոր ընդդիմության՝ Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին առաջնորդ ու նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի նախընտրական թիմում՝ որպես նրա տնտեսական հարցերի խորհրդական։
Տարոն Աճեմօղլուին մասնագիտական հարցերով համագործակցություն են առաջարկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ահմեթ Դավութօղլուն։ Մասնավորապես, վերջինը, ըստ Քոփթաշի, արտաքին գործերի նախարար լինելու ժամանակ առաջարկել է Աճեմօղլուին ՄԱԿ-ում թուրքական դեսպանի գործառույթները, սակայն վերջինս հրաժարվել է։
Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը
Civilnet











