Հայաստանի քաղաքացիները քաղաքական գործիչներից ամենաշատը վստահում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հրապարակվել է ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրային կարծիքի ուսումնասիրությունը։
Հարցումն անցկացվել է 1 503 քաղաքացիների շրջանում՝ սեպտեմբերին։
Ըստ հարցման արդյունքների՝ քաղաքացիների 16 տոկոսն ասել է, որ վստահում է Փաշինյանին։ 4 տոկոսը հայտնել է, որ վստահում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, նույն չափի է նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հայտնած վստահությունը։ Հարցվածների երկու տոկոսն ասել է, որ վստահում է Ռոբերտ Քոչարյանին, ևս երկու տոկոսը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։ Հարցվածների 61 տոկոսը պատասխանել է՝ ոչ մեկին չի վստահում։

Նիկոլ Փաշինյանին վստահություն հայտնած անձանց մեծամասնությունը 56 և ավելի տարիքի են։ Նույն պատկերն է նաև Արարատ Միրզոյանի, Արամ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի դեպքում։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի դեպքում, ըստ տարիքի, հավասարապես վստահություն են հայտնել 36-55 տարեկանները և 56 և ավելի տարիքի մարդիկ։
Եթե համեմատություն անցկացնենք 2023-ի դեկտեմբերին անցկացված հարցման հետ, Փաշինյանին, Արամ Սարգսյանին ու Քոչարյանին վստահածների թիվն անփոփոխ է մնացել, Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի դեպքում անկում է գրանցվել։
Ու՞մ կընտրեին քաղաքացիները, եթե խորհրդարանական ընտրություններ լինեին հաջորդ շաբաթ։ Հարցված 1 503 քաղաքացիների 20 տոկոսը պատասխանել է՝ Քաղաքացիական պայմանագրին, 3 տոկոսը՝ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ին, 2 տոկոսը «Հայաստան» դաշինքին, 2 տոկոսը՝ Հանրապետական կուսակցությանը, նույնքան՝ ՀՅԴ-ին և Արամ Սարգսյանի «Հանրապետությանը»։ 29 տոկոսն ասել է, որ չի մասնակցի քվեարկությանը, 18 տոկոսը պատասխանել է՝ չգիտեմ։
Ո՞ր ինստիտուտի աշխատանքից եք ամենաշատը գոհ։ Հարցվածների 64 տոկոսը գոհունակություն է հայտնել զինված ուժերից, 61 տոկոսը՝ ոստիկանությունից, 57 տոկոսը՝ մարզպետարաններից, 55 տոկոսը՝ Ազգային անվտանգության ծառայությունից, 48 տոկոսը՝ Հայ առաքելական եկեղեցուց։ Քաղաքացիները ամենամեծ դժգոհությունն արտահայտել են Ազգային ժողովից։ Այս մարմնի աշխատանքից գոհ է հարցվածների 30 տոկոսը։
Պատասխանելով հարցին, թե ո՞րն է կառավարության վերջին վեց ամիսների ամենամեծ ձախողումը, հարցվածների մեծամասնությունը պատասխանել է՝ սխալ արտաքին քաղաքականությունն ու սխալ կադրային քաղաքականությունը, կառավարության վատ աշխատանքը։ Որպես երրորդ ամենամեծ թերություն քաղաքացիները մատնանշել են սահմանազատումն ու Ադրբեջանի հետ բանակցությունները։
Civilnet











