Կարպիս Փաշոյան
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո վարչապետ Փաշինյանը աստիճանաբար տիրապետող դարձրեց առանց Արցախ, ապաշրջափակված, 29,743 քառ․ կմ տարածքով, դեմարկացված սահմաններով, արագ զարգացող, ժողովրդավարական, իրական Հայաստանի գոյության անհրաժեշտությունը։ Կարելի է ենթադրել, որ 2020-ից հետո աշխարհաքաղաքական որոշ բևեռներ համոզել ու քաջալերել են նրան հենց այդ ճանապարհով շարժվելու համար՝ տալով անվտանգության բանավոր երաշխիքներ, շռայլելով քաղցր խոսքեր ու հաճոյախոսություններ։
Եդեմական այս տեսլականը հայ քաղաքական միտքը, քաղաքացիական հասարակությունը, ժողովրդական զանգվածներն ընդունեցին գրկաբաց, իհարկե ոչ առանց հուժկու և վայրենի քարոզչության միջամտության։ Ներկայացվեց երեք հիմնական առաջնահերթություն, որոնք են՝ խաղաղություն Թուրքիայի և Ադրբեջանի հետ, եվրաինտեգրում և, իհարկե, տնտեսական դիվերսիֆիկաացիա։ Իսկ այս առաջնահերթությունները բնականաբար պետք է ունենային կյանքի կոչման լրջագույն խոչընդոտներ, օրինակ՝ Արցախը, Ռուսաստանը, նախկինները և, ընդհանրապես, Հայաստանի պատմությունը։ Վառ ու անհոգ ապագայի խոստումը բնականաբար պետք է հիմնավորվեր վուլգար մատերիալիզմի կարգախոսներով, օրինակ՝ «30 տարի թալանել են» կամ էլ «այստեղ հաց, այստեղ կաց» և այսպես շարունակ։ Ամենաբարձր մակարդակով թմբկահարված այս բառախաղերը տարածվեցին երկրի չորս կողմերը՝ դառնալով հալածյալ զանգվածների դարմանը։ Ինչպես կասեր Ումբերտո Էկոն․ «Լրատվամիջոցների կողմից խաբված մարդն ըստ էության բոլոր իր նմանների մեջ ամենահարգվածն է, նրանից միայն պահանջվում է դառնալ այն, ինչ որ կա արդեն»։
Քարոզչական այս իրականությունից անդին հարցերը շատ ավելի բարդ են ու անլուծելի։ Արդեն իսկ ակնհայտ է, որ խաղաղության փաշինյանական քաղաքականությունը դատապարտված է արժեզրկման ու ձախողման։ Ընդհակառակը՝ հիմքեր կան պնդելու, որ Հայաստանը մոտենում է մի նոր ռազմական բախման, ինչը բնականաբար կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Խնդիրն այն է, որ ներքաղաքական քաշքշոցի մեջ սաղմնավորված մեր դոգմատիկ ճշմարտություններն ու նարատիվներն այդպես էլ մնացին ներքաղաքական մակարդակում։ Միջազգային ու տարածաշրջանային խաղացողները անհահորդ մնացին ապաշրջափակման ու «Խաղաղության խաչմերուկի» մասին մեր երազանքներին։ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն և նույնիսկ Վրաստանը ունեն իրենց պատկերացումները տարածաշրջանի վերաձևման ու վերակազմավորման վերաբերյալ, ինչը համառորեն անտեսվում է հայ փորձագետների ու ինտելեկտուալ շրջանակների կողմից։ Նրանց թվում էր, թե Ղարաբաղյան հակամարտության ապամոնտաժումն ու չեզոքացումը հանգեցնելու է անխուսափելի խաղաղության։ Չորս տարվա սահուն փլուզման ընթացքում հանդիպած անհարթություններին նրանք վերաբերվել են ըմբռնումով՝ կարծելով, թե դա է այն գինը, որը պարտված Հայաստանը պետք է վճարի։ Երբեմն էլ փլուզման այս կամ դրվագը ներկայացրել են որպես դիվանագիտական հաղթանակ, օրինակ՝ Հյուսիսարևելյան սահմանի դեմարկացիան։ Արևմտյան մայրաքաղաքներից հնչող քաղցր խոսքերը ներկայացրել են որպես ճնշում Ադրբեջանի վրա, որը իբր թե բարդ դրության մեջ է՝ զրկված ագրեսիայի դիմելու հնարավորությունից։
Այս աղմուկի մեջ բնականաբար մարգինալացվել ու մոռացության է մատնվել «Զանգեզուրի ճանապարհ/միջանցքի» հիմնախնդիրը, որը թերևս Հայաստանի առջև ծառացած ամենաբարդ մարտահրավերն է։ Հետևողականորեն անտեսվել է նաև այն իրողությունը, որ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռ ուժի մեջ է, դրա մեջ առկա կետերը ենթակա են կատարման։
Իհարկե, հայ փորձագետներն ու պոլիտիկանները կարող են հավերժ իրենց չհասկացողի տեղ դնել՝ պնդելով, թե մենք որևէ պարտավորություն չունենք, քանի դեռ չեն կատարվել հայտարարության մնացյալ կետերը։ Կարող ենք այդպիսի արդարամիտ պնդումներ անել, ՀՀ ԱԳՆ-ն էլ կարող է հրապարակախոսական հայտարարություններ տարածել հարցի վերաբերյալ, բայց իրերի էությունը դրանից չի փոխվելու։ Միջազգային հարաբերությունները արդարության մասին չեն։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետը կա, և այդ փաստից ոչ մի տեղ չենք կարող փախչել։
Ստեղծված բարդագույն իրավիճակը հիշեցնում է 2020-ի հուլիս-օգոստոս ամիսները, երբ հայ քաղաքական միտքը էյֆորիայի մեջ պարփակված չնկատելու էր տալիս ահագնացող աղետը։ Այդ ժամանակ էլ Նիկոլ Փաշինյանն իր քարոզիչների հետ հոխորտում էր Ադրբեջանի և միջազգային հանրության վրա՝ ցուցադրելով հայոց բանակի անպարտելի ոգին։ Իրականում Հայաստանի վարչապետն այն համոզմունքն ուներ, թե քաղաքակիրթ աշխարհը թույլ չի տա, որ ավտորիտար Ադրբեջանը հարձակվի ժողովրդավարական Հայաստանի վրա։ Կրոնական այս դոգման միգուցե նրան հուշել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը շարունակում է հավատալ ժողովրդավարության փրկագործական առաքելությանը։ Իսկ հիմա այդ նույն Գրիգորյանը խոսում է ապագա պատերազմում պայքարելու անհրաժեշտության և նույնիսկ հացահատիկը բրնձով փոխարինեու պատրաստակամության մասին։ Հետաքրքիր է՝ ոչ վաղ անցյալում «ոչմիթիզական» և Բաքվի հետ բանակցությունները դավաճանություն համարող ԱԽ քարտուղարը ինչո՞ւ է հայ բնակչությանը ցորենի փոխարեն բրինձ առաջարկում։ Նույն տրամաբանությամբ, ինչո՞ւ է Փաշինյանն անընդհատ վառ պահում նոր ԱԷԿ-ի թեման։
Փորձագետները կպնդեն, թե այս ամենը արվում է տարածաշրջանից Ռուսաստանի հեռացումը ապահովելու համար, հատկապես, որ վերջինս էլ հանգիստ ու առանց խոչընդոտների դուրս եկավ օդանավակայանից ու Իրանի հետ սահմանի անցակետից։ Այս տեսակետի քննադատներն էլ կբերեն այն հակափաստարկները, թե Փաշինյանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, երկրի տարածքից չի հեռացնում ռուսական ռազմաբազան, ԵԱՏՄ-ից մեծագույն տնտեսական օգուտներ է քաղում, ու հետևաբար նա ռուսամետ է, իսկ եվրաինտեգրացիան էլ միֆ է։ Մեծ հաշվով երկու տեսակետներն էլ ճշմարտանման են, բայց մյուս կողմից չափազանց կատեգորիկ ու դոգմատիկ են։ Հավանաբար երկու կողմերն էլ առաջնորդվում են 19-րդ դարի իրենց քարացած ընկալումներով։ Այսինքն, եթե Ռուսաստանը Հայաստանին պատերազմ չի հայտարարում, չի պատժում, գազամատակարարումը չի խոչընդոտում, ուրեմն ամեն ինչ կարգին է։ Չփորձելով որևէ մեկին վիրավորել՝ համանման պնդումներն իմ համոզմամբ քառակուսի մտածողության հետևանք են։ Այսպես չէին մտածում նույնիսկ 19-րդ դարում։ Պատմության ընթացքում ռուս-թուրքական 12 պատերազմ է եղել, բայց երբեք կայսրությունների միջև ապրանքաշրջանառությունը չի դադարեցվել։ Հիմա ի՞նչ, Օսմանյան և Ռուսական կայսրությունների միջև ոչ մի կոնֆլիկտ իրականում չի՞ եղել։
Իսկ մյուս կողմի ներկայացուցիչներն էլ չափազանցնում են Ռուսաստանի թուլացումն ու դրամատիզացնում Թուրքիայի կառուցողական դերը տարածաշրջանում։
Խնդրի էությունը հասկանալու համար պարզապես անհրաժեշտ է հասկանալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության էությունը։ Հասկանալ հատկապես 21-րդ դարի խաղի կանոններով, այլ ոչ թե իրականությունը գնահատել պատմական այս կամ այն փաստի վերարարտադրությամբ՝ ունենալով այն համոզմունքը, թե պատմությունը անպայման պետք է կրկնվի։
Ի դեպ, մինչև 44-օրյա պատերազմն էլ խնդիրը ըստ պատշաճի չէր ընկալվում։ Մարդկանց թվում էր, թե հարցը Պուտինին օդանավակայանում չդիմավորելն է կամ ընդհանրապես հեղափոխությունը։ Իրականում, Հայաստանն ու Ռուսաստանը ընդամենը մեկ խնդիր ունեին, որն էր՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։
Հիմա էլ մարդիկ չեն ուզում հասկանալ, որ Ռուսաստանի համար շատ հարցեր կարող են երկրորդական ու երրորդական լինել։ Մենք չգիտենք, թե ինչ կարող ենք սպասել այդ տերությունից։ Նրա պատմությունը նահանջի և վերադարձի մի ուշագրավ հերթափոխ է։ Եվ այս համատեքստում մեծամիտ հայ փորձագետներին թող չթվա, թե ռուսների աշխարհը սկսվում և ավարտվում է Հայաստանով։ Նրանք հեռացել են Արևելյան Գերմանիայից, անհրաժեշտության դեպքում առնվազն երկու անգամ հանձնել են սեփական տարածքի մեծ մասը, խայտառակ են եղել Ղրիմի և ռուս-ճապոնական պատերազմներում և այսպես շարունակ։ Բայց Ռուսաստանը կա, չի կործանվել։ Այս նույն տրամաբանությամբ նա կարող է և հեռանալ Հարավային Կովկասից ու վերադառնալ միայն քսան տարի անց։ Կարող է նաև անցնել վճռական գործողությունների ու ազդեցության նոր գոտիներ սահմանել։ Ամեն ինչ էլ հնարավոր է, բայց մեր մտահոգության առաջնային առարկան դա չի կարող լինել։ Հատկապես, որ ռուսական ցասումի բացակայանությունից զարմացողները այդպես էլ չեն հասկացել, որ այդ պատիժը վրա է հասել արդեն շատ վաղուց։
Մի՞թե Արցախի կորուստը հայ մարդու համար ամենամեծ պատիժը չէր։ Ընդհանրապես, պետք չէ կարծել, թե ռուսական պատիժը լինելու է երկնքից թափվող կրակների տեսքով։ Հայաստանի համար ամենամեծ պատիժը կլինի նրա անգործությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բզկտվող, փոքրիկ Սիրիայի վերածվող երկրի ճակատատագրի նկատմամբ։
Այսպիսի պայմաններում Հայաստանից պահանջվում է ընդամենը որոշում կայացնել, որը կապահովի երկրի անցնցում ելքը դեպի ժամանակավոր կայունություն։ Այդպիսի որոշում կարող է լինել «Զանգեզուրի ճանապարհ/միջանցքի» հիմնախնդրի կարգավորումը։ Ռուսների հետ, թե առանց, միևնույն է, այդ հարցը այլևս չի լքելու տարածաշրջանը։ Որոշումը մերն է՝ ճանապարհը կվերահսկի Ռուսաստա՞նը, թե՞ Թուրքիան։ Կամ էլ պարզապես կարող ենք հավատալ Իրանի կարմիր գծերին և սպասել արևմտյան դեսանտին։
Civilnet











