Պարտադիր լիազորված ծախսեր իրականացնելու նպատակով կառավարությունը Գյումրիի քաղաքապետարանին 143 մլն դրամի դոտացիա է հատկացրել, որով փակվելու են հիմնականում աշխատավարձային պարտքերը։ Մինչ այդ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձրաձայնել էր նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք տեղ գտած միլիարդավոր դրամների փոշիացման մասին։ Ստացվում է, որ կառավարությունը փոշիացված միջոցները վերականգնելու համար յուրօրինակ միջոց է ընտրել՝ նախկին քաղաքապետի պարտքերը փակել հարկատուների հաշվին։
Վարդան Ղուկասյանի ենթակա ավագանին դեմ արտահայտվեց Սամվել Բալասանյանի՝ քաղաքապետարանում աուդիտ անցկացնելու առաջարկին, իսկ քաղաքապետարանին ենթակա կառույցների աշխատակիցները առանց մի քանի ամիս չվճարված աշխատավարձով հազիվ թե կարողանան երկար աշխատել։ Սակայն աուդիտի հանգամանքը ոչ մի կերպ չպետք է խոչընդոտեր իրավապահ մարմիններին և Վերահսկիչ պալատին զբաղվել փոշիացված գումարներով: Այս ուղղությամբ դեռևս հրապարակայնորեն քայլ չի արվել։
Սամվել Բալասանյանը հայտարարել էր, որ քաղաքապետարանը պարտքեր ունի Վարդան Ղուկասյանին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցին և նրա որդու անվան հետ կապվող «Գյումրեցի ընկերներ» ՍՊԸ-ին: Եթե կառավարությունը շարունակի նույն տրամաբանությամբ, ապա որոշ ժամանակ հետո կպարզվի, որ մենք՝ հարկատուներս ենք վճարել այս պարտքերը։
Կառավարությունը կարծես ավանդույթ է դարձնում հարկատուների գումարները հետաքրքիր նպատակներով օգտագործելը: Վերջերս, օրինակ, գործադիրը իր պահեստային ֆոնդից մայրաքաղաքի ասֆալտապատմանը հատկացրեց 4,5 մլրդ դրամ: Հետաքրքիր է, որ Երևանի քաղաքապետարանը պոստ ֆակտում է կառավարությանը ներկայացրել, որ մոտ 9 մլրդ է ծախսել ասֆալտապատման համար, որից 4,5 մլրդ դրամը պարտք է։
Որևէ արատավոր բան չկա, երբ կառավարությունն ըստ նպատակահարմարության որոշում է օգնել այս կամ այն համայնքին: Սակայն արատավոր է պրակտիկան, երբ այդ օգնությունը սուբյեկտիվ և խտրական բնույթ ունի, որում ավելի շատ քաղաքական հաշվարկներ կան, քան միջոցների ռացիոնալ օգտագործում:
Կրկին հարկատուների հաշվին
Թեմա











