Գլխավոր Լրահոս

Ինչու ՀՀ նախագահը չի հիշում Կարսի անկումը

Ինչու ՀՀ նախագահը չի հիշում Կարսի անկումը

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի նախագահի գրասենյակը տարածեց մամուլի կարճ հաղորդագրություն, որն ընդամենը մեկ նախադասություն էր. «Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Թուրքիայի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ»:

Լրատվամիջոցները գրեթե ուշադրություն չդարձրին այս հաղորդագրությանը: Պատճառը պարզ էր: Սա արդեն անընդմեջ երրորդ տարին է, որ Հայաստանի նախագահը շնորհավորում է Թուրքիայի ազգային տոնը: Մի քանի ընդդիմադիր լրատվամիջոցներ հումորով և հեգնանքով գրեցին, որ Սարգսյանը հինգ օր առաջ է շնորհավորել Գյուլին և Թուրքիային, որպեսզի որևէ այլ պետության նախագահ նրանից առաջ չհասցնի շնորհավորել:

Իրավամբ, Թուրքիայում ազգային տոնը՝ Հանրապետության օրը, նշում են հոկտեմբերի 29-ին: Թե ինչու են Հայաստանում այս տարի այդքան շտապել, մնում է միայն ենթադրություններ անել: Չի բացառվում, որ օրվա հարցում պարզապես սխալվել են: 2010-2011 թթ. ևս Սարգսյանը շնորհավորական ուղերձներ էր հղել Գյուլին, բայց դա արել էր հոկտեմբերի 28-ին՝ տոնից մեկ օր առաջ:

Հայաստանը և Թուրքիան նախագահների մակարդակով միմյանց ազգային տոները ուղերձներով շնորհավորում են 2010-ից, ընդ որում՝ առաջինը դա արել է Գյուլը 2010-ի սեպտեմբերի 21-ին: Ի պատասխան, Սարգսյանը մոտ մեկ ամիս անց շնորհավորեց Գյուլին, գրելով. «Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ հարևան Թուրքիային՝ առաջընթաց»։ Անցյալ տարի և այս անգամ, սակայն, Սարգսյանի շնորհավորական ուղերձը հակիրճ էր՝ առանց Թուրքիային առաջընթացի մաղթանքների:

Բայց անգամ նման կարճ շնորհավորանքները շատ հայերի համար անընդունելի և վիրավորական են մի քանի պատճառներով: Առաջին, Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է նաև այն տարածքների վրա, որոնք ժամանակին եղել են հայկական՝ Արևելյան Հայաստան (Կարս, Արդահան, Սուրմալու) և Արևմտյան Հայաստան (Կարին, Վան, Մուշ, Բիթլիս, Սեբաստիա և այլն): Ավելին, Թուրքիայի Հանրապետությունը ստեղծվել է բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում հայերի արյան վրա: Երկրորդ, ինչո՞ւ շնորհավորել մի պետության, որի առաջնորդները ամեն պատեհ առիթով հերքում են Հայոց Ցեղասպանությունը, սպառնալիքներ հնչեցնում հայության հասցեին, Արցախի հարցում աջակցում Ադրբեջանին և արդեն 20 տարի շրջափակման տակ պահում Հայաստանը, որպեսզի վերջինս ստիպված լինի տնտեսական զրկանքների ենթարկվել: Երրորդ, ինչո՞ւ շնորհավորել մի երկրի ազգային տոնը, երբ այդ երկրի հետ չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ Հայաստան-Թուրքիա շփումները ամենացածր կետի վրա են: Կարելի նաև այլ փաստարկներ բերել, ցույց տալու, որ նման շնորհավորանքը տեղին չէ և արդարացված չէ, անգամ եթե Թուրքիան շնորհավորում է սեպտեմբերի 21-ը:

Հայաստանի առաջին նախագահը, որին ժամանակին կպցրել էին «թուրքամետ» պիտակը, իր նախագահության ութ տարիներին չի շնորհավորել թուրքերի ազգային հիմնական տոնը՝ հոկտեմբերի 29-ը: Ճիշտ է, ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ Լևոն Տեր-Պետրոսյանը, Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերությունների հաստատումը համարում էին կենսական Հայաստանի համար: Հիշում եմ, որ երբ Տեր-Պետրոսյանը 1993-ի ապրիլին մեկնեց Անկարա և մասնակցեց նախագահ Թուրգութ Օզալի հուղարկավորության արարողությանը, շատ հայեր ամենախիստ կերպով քննադատեցին Հայաստանի ղեկավարին: Հատկապես սփյուռքում շատ սուր քննադատվեց արտգործնախարար Վահան Փափազյանը, ով 1994-ին Ստամբուլից Բեյրութ ժամանեց՝ օգտվելով «Թուրքական ավիաուղիներից»:

Հայաստանի երկրորդ նախագահը ևս երբեք չի շնորհավորել Թուրքիայի ազգային տոնը: 1998-ին, երբ Թուրքիայում շուքով նշում էին Հանրապետության հիմնադրման 75-ամյակը, Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցության հրավեր ստացավ, սակայն հրաժարվեց մեկնել Անկարա, հստակ բացատրելով, թե ինչու Հայաստանի նախագահը չի կարող ներկա լինել նման տոնակատարության:

Ընդհանրապես, նախքան Սարգսյանի նախագահության ստանձնումը, Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները միմյանց ուղերձներ են հղել հիմնականում ողբերգական իրադարձությունների դեպքերում: Օրինակ, 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը զոհ գնացած հայ բարձրաստիճան պաշտոնյաների հուղարկավորության արարողությանը Թուրքիան ներկայացել էր պետական նախարարի մակարդակով: Նույն տարի, երբ Թուրքիայում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, Հայաստանը ցավակցություն հայտնեց և փրկարարներ ու մարդասիրական օգնություն ուղարկեց: Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաները՝ նախագահները, վարչապետները և արտգործնախարարները, միմյանց շնորհավորել են պաշտոնը ստանձնելու առիթներով նաև: Այսպես, երբ 2007-ին Գյուլը դարձավ նախագահ, նրան շնորհավորական ուղերձներ հղեցին Ռոբերտ Քոչարյանը, Վարդան Օսկանյանը և Ռաֆֆի Հովհաննիսյանը:

Թուրքիայի Հանրապետության ազգային տոնը Հայաստանի կողմից նախագահի մակարդակով շնորհավորելը, իրավամբ հակասական ու քննադատական մեկնաբանությունների տեղիք կարող է տալ Հայաստանում և Սփյուռքում: Անշուշտ, ինչպես Թուրքիայի հանդեպ այլ նախաձեռնությունների դեպքում (նախագահ Գյուլին Երևան հրավիրելը, ապրիլի 24-ի նախօրեին «ճանապարհային քարտեզի» մասին հայտարարելը, Հայաստան-Թուրքիա երկու արձանագրություններ ստորագրելը, փակ սահմանների առկայության պայմաններում Բուրսա մեկնելը, արձանագրությունները հետ չկանչելը), Թուրքիայի ազգային տոնը շնորհավորելու հարցում ևս նախագահ Սարգսյանին պաշտպանողների պակաս, գոնե՝ Հայաստանում, չի զգացվում:

Թուրքերը իրենց ազգային տոնը նշում են հոկտեմբերի 29-ին: Բայց թուրքերի համար տոն է նաև հաջորդ օրը՝ հոկտեմբերի 30-ը: Թուրքերը այդ օրը նշում են հայերից Կարսի «ազատագրումը»: Կարսում կազմակերպվող ամենամյա միջոցառմանը հաճախ մասնակցում են Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահները և վարչապետները:

Հայ ժողովրդի պատմության մեջ հոկտեմբերի 30-ը ամենաողբերգական օրերից է: 1920թ. այդ օրը Հայաստանի Առաջին Հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքը և Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքներից մեկը՝ Կարսը, անցավ քեմալականներին: Քյազիմ Կարաբեքիրի զորքերը, գրեթե չհանդիպելով դիմադրության, գրոհով վերցրին քաղաքը, ապա և ամբողջ Կարսի մարզը: Հազարավոր հայեր սրի քաշվեցին ու գերի ընկան: Հայաստանի Հանրապետությունը Կարսի և համանուն մարզի անկումով կորցրեց ավելի քան 20 հազար քառակուսի կիլոմետր տարածք:

1991-ից ի վեր Հայաստանում որևէ մակարդակով չի հիշատակվում Կարսի անկման օրը: Երբեմն թերթերում այդ մասին հոդվածներ են գրվում: Արժանի չէ՞ Կարսը հիշատակվելու: Եթե Հայաստանը և նրա գործող առաջնորդը իրենց շռայլություն են տալիս և շնորհավորում Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը՝ հոկտեմբերի 29-ը, ապա գոնե Հայաստանի շարքային քաղաքացիները իրավունք և համարձակություն չունե՞ն հոկտեմբերի 30-ին ինչ-որ կերպ հիշել ու հիշատակել Կարսի ողբերգական և անարդար անկումը:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում