Շոթա Կինչա, OC Media
Վրացական ոստիկանությունը խորհրդարանական վճռորոշ ընտրություններից ընդամենը երկու օր առաջ ներխուժել է ամերիկյան Atlantic Council վերլուծական կենտրոնի երկու հետազոտողների տները:
Հինգշաբթի առավոտյան, ըստ տեղեկությունների, ֆինանսական ոստիկանության գործակալները ներխուժել են Սոպո Գելավայի և Էտո Բուզիաշվիլիի տները Թբիլիսիում:
Գիորգի Նոնիաշվիլին, որը վերջերս հիմնադրված Ֆեդերալիստական կուսակցության անդամ է և Սոպո Գելավայի ամուսինը, պնդում է, որ իշխանությունները իրենց բնակարանից առգրավել են «բոլոր սարքերը»։
Հինգշաբթի առավոտյան ոստիկանությունը խուզարկել է նաև Քութայիսիում վրացական Concentrix՝ ամերիկյան բազմազգ տեխնոլոգիական ընկերության գրասենյակները, որոնք, ըստ տեղեկությունների, պատկանում են ստենդ-ափ կատակերգու Օնիսե Ցխադաձեին և մեկ այլ անձի՝ Վալերի Տկեշելեաշվիլիին: Հաղորդվում է, որ Օնիսե Ցխադաձեն և նրա եղբայրը՝ Սանդրո Ցխադաձեն, Concentrix-ի աշխատակիցներ են: Դեռ պարզ չէ, թե արդյոք միջադեպերը կապված են իրար հետ։
Ընդդիմադիր հեռուստաալիքները մեջբերել են Սոպո Գելավանի և նրա ընտանիքի փաստաբանի խոսքերը, որ իրենք տեղում են իմացել, որ հետաքննություն է անցկացվում խարդախության, հարկերից խուսափելու և փողերի լվացման համար, և որ քննիչները փնտրում են Atlantic Council-ի կապալառու ընկերություն։
Գելաձեի փաստաբան Շոթա Թութբերիձեն խուզարկությունը որակել է անօրինական և հիմնված դատարանի «անհեթեթ և անհիմն» որոշման վրա։
Նմանապես, Էտո Բուզիաշվիլին, ըստ տեղեկությունների, հաստատել է, որ իշխանությունները «հետաքրքրված են» իր գործատուով՝ Atlantic Council-ով:
Բուզիաշվիլին հայտնել է, որ խուզարկությունն իրականացնող գործակալությունը Ֆինանսների նախարարության ենթակայության Ֆինանսական ոստիկանությունն է: Նրա խոսքով, սպաները ներկայացել են իրենց որպես գազի տեսչական ծառայության աշխատակիցներ և մտել են բնակարան՝ պնդելով, թե գազի արտահոսք կա:
Ըստ Tabula-ի՝ Բուզիաշիվլիի անունը դատարանի որոշման մեջ նշված է եղել այն 13 անձանց կողքին, որոնց նկատմամբ դատարանը խուզարկության հրաման է տվել:
Ե՛վ Գելավան, և՛ Բուզիաշվիլին վերջերս մի քանի զեկույցներ են հեղինակել Վրաստանում ռուսական ապատեղեկատվական գործողությունների վերաբերյալ՝ որպես Atlantic Council-ի թվային հետազոտությունների լաբորատորիայի աշխատանքի մաս: Ռեյդերից ընդամենը մեկ օր առաջ Atlantic Council-ը հրապարակել էր Բուզիաշվիլիի հեղինակած «Ռուսաստանն ուղղակիորեն և անուղղակիորեն միջամտում է Վրաստանի գալիք ընտրություններին» զեկույցը։
OC Media-ն մեկնաբանության համար դիմել է Atlantic Council-ին և Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայությանը, գործակալություն, որը, ըստ հաղորդումների, հինգշաբթի ավելի վաղ խուզարկություններ է իրականացրել։
Civilnet











