Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը չորեքշաբթի նախընտրական ամփոփիչ հանրահավաք է անցկացրել Թբիլիսիում, որին մասնակցելու համար տասնյակ հազարավոր մարդիկ են ավտոբուսներով բերվել մայրաքաղաք:
Հանրահավաքից առաջ Ազատության հրապարակ են եկել «Վրացական երազանք»-ի աջակիցները՝ կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Ցոտնե Իվանիշվիլիի, «Վրացական երազանք»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված օլիմպիական չեմպիոն Գենո Պետրիաշվիլիի և պարամարզիկ Վախթանգ Ախոբաձեի գլխավորությամբ։
Ընդդիմադիր լրատվամիջոցների տվյալներով՝ իշխող կուսակցությունը վարչական ռեսուրս է կիրառել, այդ թվում՝ ենթադրաբար ճնշումներ է գործադրել, որպեսզի մարզերից մարդկանց մայրաքաղաք բերի։
Չորեքշաբթի՝ օրվա ընթացքում, Թբիլիսիիում ժամերով խցանումներ էին, քանի որ քաղաքի կենտրոնի մեծ հատվածները փակվել էին հանրահավաքին նախապատրաստվելու համար:
Չորեքշաբթի «Վրացական երազանք»-ի հանրահավաքին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել՝ կաթվածահար անելով երթևեկությունն ամբողջ քաղաքում: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։
Մարզերից աջակիցներ բերած ավտոբուսներն ավելի ուշ կայանվել էին քաղաքի մի քանի հիմնական փողոցներում՝ նպաստելով խցանումների առաջացմանը։
Հանրահավաքին ներկա ամբոխը Թբիլիսիի գլխավոր մայրուղիներից մեկից՝ Ռուսթավելի պողոտայից քայլում է դեպի Ազատության հրապարակ: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։
Երթին հաջորդած հանրահավաքը մոտ մեկուկես ժամ է տևել և ուղեկցվել է բարձրաստիճան կուսակցականների, այդ թվում՝ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի, կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլիի, «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի և այլոց ելույթներով։ Հանդիպումն ավարտվել է Իվանիշվիլիի որդու՝ Բերա Իվանիշվիլիի երգով և ելույթով։
Հանրահավաքի խոսնակները հիմնականում կրկնել են ավելի վաղ արված հայտարարություններն ու ընտրական խոստումները: Իվանիշվիլին կրկին խոստացել է արգելել ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունը, եթե ընտրություններում «Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն ստանա: Նա նաև կրկնել է, որ կուսակցությունը կամրագրի ընտանեկան արժեքների պաշտպանությունը և «կոնկրետ քայլեր կձեռնարկի, որպեսզի ուղղափառ եկեղեցու պաշտպանությունն ու ամրապնդումն իրականացվի սահմանադրական մակարդակով»։
Դիմելով բազմահազար աջակիցներին՝ Իվանիշվիլին պնդել է, որ «մեր երկրի քաղաքական սրտի բաբախյունը լավագույնս զգացվում է Թբիլիսիում, և մեծ մասամբ հենց Թբիլիսին է որոշում Վրաստանի քաղաքական ապագան»։ Այդպես է եղել նախկինում և այդպես է հիմա»։
Իվանիշվիլին կրկին անդրադարձել է այժմ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության օրոք երկրի նախկին իշխանություններին՝ հայտարարելով, որ «2003-ից Վրաստանը կառավարվում է արտաքին ուժերի կողմից վերահսկվող ռեժիմի կողմից»։ «Վրացական երազանք»-ը նախկինում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը մեղադրել է վրաց ժողովրդի դեմ «հանցագործություններ» կատարելու մեջ և պնդել, որ դրա առաջնորդները «նշանակվել են» «օտարերկրյա գործակալության» կողմից:
«Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ և հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կրկին ելույթ է ունեցել զրահակայուն ապակու հետևից։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/ OC Media։
«Վրացական երազանք»-ը իշխանության ղեկին է 2012-ից՝ խորհրդարանական ընտրություններում «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը հաղթելուց հետո։
Իր ելույթում Իվանիշվիլին կրկնել է նաև նախկինում արած պնդումները, թե «Վրացական երազանք»-ի իշխանության օրոք Վրաստանը կդառնա ԵՄ անդամ։
«Եթե հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում հաղթի «Վրացական երազանք»-ը, ինչում վստահ եմ ոչ միայն ես, այլև ողջ Վրաստանը, այդ թվում՝ մեր հակառակորդները, մենք ոչ միայն կպահպանենք խաղաղությունը և կփրկենք երկիրը, այլև կհաղթենք, քանի որ մեզ զարգացման և վերակառուցման տարիներ են սպասվում և ինտեգրում Եվրոպական միությանը»,- ասել է նա:
Իվանիշվիլին ընդգծել է խաղաղության կարևորությունը և զգուշացրել է պատերազմի վտանգների մասին, ուղերձ, որը «Վրացական երազանք»-ի առաջնորդները պարբերաբար են հնչեցնում Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ֆոնին։
Վրաստանը, Մոլդովայի և Ուկրաինայի հետ միասին, ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022-ի սկզբին: Չնայած Մոլդովան և Ուկրաինան թեկնածուի կարգավիճակ ստացան 2022-ի հունիսին, Վրաստանը մերժվեց: Առաջարկվող բարեփոխումների ավարտից հետո միայն ԵՄ-ն Վրաստանին պաշտոնապես թեկնածուի կարգավիճակ շնորհեց 2023-ի դեկտեմբերին։
Ավելի ուշ, երբ «Վրացական երազանք»-ի հռետորաբանությունն ավելի ու ավելի հակաեվրոպական և հակաամերիկյան էր դառնում, եվրոպացի առաջնորդները 2024-ի հունիսին հայտարարեցին, որ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի սառեցվել է: Դա ԵՄ-ի թերևս ամենաբացահայտ հայտարարությունն էր, որ վերաբերում էր Վրաստանի կողմից օտարերկրյա գործակալների մասին վիճահարույց օրենքի ընդունման հետևանքներին և քաղաքական բռնությունների ալիքին, որոնց թիրախում իշխանության քննադատներն էին:
Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԱՄՆ-ն այդ ժամանակվանից կասեցրել են Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության փաթեթներն ու այդ երկրի հետ համագործակցության այլ նախագծեր:
Չնայած ԵՄ-ի հայտարարություններին և զգուշացումներին՝ «Վրացական երազանք»-ը շարունակել է իր ենթադրաբար եվրոպամետ հռետորաբանությունը, որը կրկնվել է նաև չորեքշաբթի տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ։
Civilnet











