Հոկտեմբերի 26-ի առավոտյան 8-ին Վրաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնք որոշիչ են լինելու երկրի հետագա ընթացքի համար։ Իշխող Վրացական երազանք կուսակցության հաղթանակը կնշանակի, որ Վրաստանը շեղվում է իր եվրոպական ուղուց՝ չնայած ԵՄ-ին անդամակցության նպատակը ամրագրված է երկրի Սահմանադրությունում։
Երկիրն արդեն 12 տարի կառավարող Վրացական երազանքի դեմ պայքարում է չորս հիմնական ընդդիմադիր խումբ։
Ընտրություններին մասնակցում է 18 կուսակցություն և դաշինք, ինչը նախորդ՝ 2020-ի ընտրությունների համեմատ կիսով չափ պակաս է։
Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցությանը 2012-ին հաղթելուց հետո, Գործող Վրացական երազանք կուսակցությունը, որը ղեկավարում է նրա հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, հաղթել է խորհրդարանական բոլոր ընտրություններում։
Ակնկալվում է, որ չորս հիմնական ընդդիմադիր խումբ կհաղթահարի խորհրդարան մտնելու 5 տոկոսանոց շեմը.
Միասնություն — Ազգային շարժում. սա նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ընտրական միավորումն է։ Այս ընտրություններում նրանց հետ են Ստրատեգի Աղմաշենեբելին և մի քանի փոքր խմբեր, որոնք նախկինում դաշնակցել են կուսակցությանը։
Փոփոխությունների կոալիցիա. ստեղծվել է մարտին, խումբը ներառում է Միացյալ ազգային շարժման նախկին գործիչների։ Կոալիցիան բաղկացած է երեք կուսակցությունից՝
* Ախալի. ղեկավարում են Միացյալ ազգային շարժման նախկին նախագահ Նիկա Մելիան և Միացյալ ազգային շարժման նախկին պաշտոնյա Նիկա Գվարամիան,
* Գիրչի. ավելի շատ ազատություն՝ լիբերտարիական կուսակցություն, որը ղեկավարում է Զուրաբ Ջափարիձեն,
* Դրոա!. ղեկավարում է Միացյալ ազգային շարժման նախկին պաշտոնյա Էլենե Խոշտարիան։
Ուժեղ Վրաստան. այս խումբն իրեն դիրքավորում է որպես Վրացական երազանքից առանձին տարբերակ՝ միաժամանակ մնալով հեռու Միացյալ ազգային շարժումից։ Խումբը բաղկացած է չորս կուսակցությունից՝
* Լելո Վրաստանի համար. ղեկավարում են նախկին բանկիրներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն,
* Հանուն ժողովրդի. ղեկավարում է Աննա Դոլիձեն՝ Վրացական երազանքի օրոք պաշտպանության նախարարի նախկին տեղակալը, որը եղել է մարդու իրավունքների պաշտպան,
* Ազատության հրապարակ. քաղաքացիական հասարակության գործիչ Լևան Ցուցկիրիձեի կուսակցությունը,
* Քաղաքացիներ. ղեկավարում է նախկին լրագրող և քաղաքային ակտիվիստ Ալեքո Էլիսաշվիլին։
Հանուն Վրաստանի. Գիորգի Գախարիայի կուսակցությունն է, որը 2019-21 թվականներին երկրի վարչապետն էր մինչև Վրացական երազանքի հետ հարաբերությունների վատթարացումը։
Վրաստանյան ընտրություններին մասնակցող կուսակցությունների մասին առավել մանրամասն տե՛ս՝
Civilnet











