Կարպիս Փաշոյան
44-օրյա պատերազմում ծանրագույն պարտությունից, Արցախի հայաթափումից ու լուծարումից հետո իշխանական քարոզչամեքենան ոչնչի առջև կանգ չառավ պատասխանատվությունից խուսափելու և աղետը որպես անխուսափելի իրողություն ներկայացնելու նպատակով։ Քարոզչական այս արշավն այնքան զորեղ էր, որ ՔՊ-ականներն էլ, ամենայն հավանականությամբ, սկսել են հավատալ իրենց ստեղծած կեղծ իրականությանը։
Փաշինյանական դիսկուրսի հաղթական ու արդյունավետ լինելը առաջին հերթին պայմանավորված է դիմադրության բացակայությամբ։ 2010-ականներին Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին օր ու արև չտվող քաղաքացիական հասարակությունն ու առաջադիմական շրջանակները Արցախին վերաբերող հարցերում լուռ են ու անհաղորդ։ Հավանաբար, Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման համար որևէ մեկը դրամաշնորհներ չի բաժանում, և նրանք զբաղված են Ռուսաստանի դեմ պատերազմով։ Վերջերս էլ մտահոգվում են Վրաստանի ժողովրդավարական ապագայով։
Մի ազդեցիկ շերտ էլ, միգուցե ինտելեկտուալ կամակորությունից ելնելով, դիրքավորված է որպես ռացիոնալ ու կառուցողական։ Հետազոտողի բարձր ու անհոգ դիրքերից նրանք քաղաքական լուծումներ են փնտրում՝ փսևդոինտելեկտուալ բառախաղի մեջ քողարկելով համերաշխությունը Փաշինյանի առաջարկած լուծումների նկատմամբ։ Օբյեկտիվության պաշտամունքը նրանց դրդում է խնդիրները դիտարկել մեր իրականությունից անդին՝ Արցախի կործանումը վերագրելով աշխարհաքաղաքական անբերանպաստ իրավիճակին, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Թուրքիային, Պակիստանին, էլիտաներին և նույնիսկ կլիմային։
Իշխանական քարոզչամեքենան ըստ էության պետք է հանդիպեր առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության սուր հակազդեցությանը։ Բայց ընդդիմադիր գործիչներն այդպես էլ չկարողացան հասկանալ, որ ազգայնական դեմագոգիայի կիրառությամբ հնարավոր չէ հաղթել սոցիալական պոպուլիզմին։ Հատկապես, երբ այդ պոպուլիզմը միս ու արյուն է ստացել ի հակադրություն քո «դիվային» գոյության։
Այսպիսի պայմաններում իշխանական քարոզչամեքենային կարծես ոչինչ չի խանգարում տարածելու իր թեզերը՝ դարձնելով դրանք որպես համընդհանուր ճշմարտություն։ Փաշինյանական խոսույթի հիմքում անշուշտ վուլգար իստորիցիզմն է՝ իրադարձությունների անխուսափելիության և կանխորոշվածության սկզբունքը։ Այսինքն, Արցախի հարցն ի սկզբանե լուծված էր, այն հանձնել էին դեռ 1991-ին Ալմա-Աթայի հռչակագրով կամ էլ 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովում։ Այսքանից հետո բնական է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս ոչինչ չէր կարող անել։ Սրան զուգընթաց ազդեցիկ դեր ունի նաև ռուսական գործոնը, իբր թե հենց Ռուսաստանն է հանձնել Արցախը, չի օգնել, չի փրկել, ընդհակառակը՝ առևտրի մեջ է մտել Բաքվի և Անկարայի հետ՝ ձևավորելով ռուս-թյուրքական տանդեմ ընդդեմ Հայաստանի։ Եզրակացությունը նույնն է․ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կարող էր անել։
Քարոզչության մյուս առավել հին և ոչ պակաս արդյունավետ թիրախը կոռուպցիան է. «նախկինները բանակը թալանել են, սպառազինություն չեն առել, եղել են Մոսկվայի գործակալները»։ Եզրակացությունը կարող ենք ինքներդ գուշակել։
Եռաշերտ այս քարոզչությունը բնականաբար զարդարվում է փիլիսոփայական, քաղաքագիտական ու փորձագիտական պրպտումներով։ Մի կողմից փաստերի և տերմինների միտումնավոր շփոթը, մյուս կողմից Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գիտելիքի բացակայությունը ձևավորում է այն կեղծ ճշմարտությունը, իբր թե անհատի գործոնն էական չէ, և ով էլ լիներ Նիկոլ Փաշինյանի փոխարեն, արդյունքը նույնն էր լինելու։
Բոլոր այս պնդումներն անշուշտ տեղավորվում են իստորիցիզմի տրամաբանության մեջ, որտեղ մարդկային գործոն գոյություն չունի։ Այդ համակարգում անհատը որոշելու և գործելու հնարավորություն չունի, քանի որ ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված է։ Ի դեպ, այս աշխարհայացքը բնորոշ է ավտորիտար և տոտալիտար հասարակություններին, որտեղ մարդու դերի ոչնչացմամբ՝ բռնապետը ազատվում է պատասխանատվությունից։ Այսինքն, իրական ժողովրդավարական համակարգում քաղաքական գործիչը չի կարող իր մեղքը բարդել կանխորոշված անցյալի ու օբյեկտիվ գործոնների վրա։ Պետական ինստիտուտներն ու քաղաքացիական հասարակությունը կխժռեն նրան։
Այս ամենից անդին, չենք կարող չխոստովանել, որ փաշինյանական քարոզչությունը երբեմն կարող է և տրամաբանական թվալ։ Պարզապես, նրանք հնարամտորեն խաղարկում են անցյալի միֆերը արդի միֆերի լեգիտիմացման նպատակով։ Հայտնի փաստ է, որ տասնամյակներ շարունակ հանրությանը ապրեցրել են ռազմահայրենասիրական թմբիրի մեջ, որտեղ Ղարաբաղի հարցն այլևս լուծված էր, Արցախն այլևս անկախ հանրապետություն էր, և Ադրբեջանի հետ բանակցելու անհրաժեշտություն չկար, մեր բանակն ամենամարտունակն էր ու անհրաժեշտության դեպքում ծնկի կբերեր ադրբեջանցիներին և այլն։
Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով բացարձակ ու անքննելի այս ճշմարտությունների անհնարինությունը, լեգիտիմացնում է Արցախի չգոյության անխուսափելիությունը։ Այսինքն, եթե Արցախը կոնկրետ կարգավիճակ չէր ունենում, ուրեմն չէր կարող նաև ընդհանրապես գոյություն ունենալ, կամ էլ եթե միջազգային հանրությունը չէր ճանաչում նրա անկախությունը, ապա այն պարտադիր պետք է հայաթափվեր։ Սա շատ տարածված հնարք է՝ սահմանել ամենաբարձր նշաձողը, ցույց տալ դրա անհնարինությունը և դրանից ելնելով՝ կործանել արդեն իսկ եղածը։ Բնականաբար մարդկանց ճնշող մեծամասնությանը հոգեհարազատ է սև ու սպիտակի կատեգորիկ մտածողությունը, և փաշինյանական այս հնարքը նրանց տրամաբանական է թվում։ Քչերը թերևս ջանք կգործադրեն հասկանալու, որ Ղարաբաղյան հակամարտությունը բարդ ու բազմաշերտ էթնոքաղաքական հիմնախնդիր էր, և այս մեթոդաբանությամբ հնարավոր չէ պատկերացում կազմել իրերի իրական դասավորության մասին։
Զորեղ այս քարոզչության միջոցով իշխանությունը կարողացավ զինաթափել ու բարոյազրկել հայ հասարակությանը։ Անզուսպ ցինիզմի և նիհիլիզմի տարածմանը զուգընթաց, իշխանությունը սահմանեց արժեքային իր հեգեմոնիան։ Հանուն ինքնիշխանության մղվող պայքարի, հրավառությունների և փառատոների իրականությունում Արցախի մասին խոսելն այլևս նորաձև չէ։ Դա ինչ-որ արխայիկ գաղափար է, որը թրենդային ու լայքաբեր չէ։
Ավելին՝ մոլորակի ամենաբարդ էթնոքաղաքական հակամարտություններից մեկը հավասարեցվեց հումանիտար խնդրի մակարդակի, իսկ արցախցիներն էլ դիտարկվեցին որպես դժբախտ փախստականներ, որոնց անհրաժեշտ է հյուրընկալել՝ մարդասիրությունից դրդված։
Խնդիրն այն է, որ իշխանական քարոզչությունը ի վերջո կարողացավ հասնել հոգեբանական այն վիճակին, որտեղ տառապանքն ու ցավը հստակ տարանջատված են։ Այսինքն, Արցախի կործանումն այլևս հայաստանցու կորուստը չէ։ Դա միայն արցախցու վիշտն է։ Փաստացի աղետը զրկվում է իր համահայկական նշանակությունից՝ տեղայնացվելով միայն արցախցիների նեղ շրջանակում։ Ցավոք, այս ամենին աստիճանաբար սկսել են հավատալ ինչպես հայաստանցիների, այնպես էլ արցախցիների զգալի մասը։
Արցախը մոռացության է մատնվում նաև իրական Հայաստանի մասին փիլիսոփայական ձեռնածությամբ։ Ոչ վաղ անցյալում գոյություն ունեցած, հայերով բնակեցված պետական կազմավորումը հավասարեցվում է Արևմտյան Հայաստանի կորսված բնակավայրերին՝ Վանին, Էրզրումին, Կարսին և այսպես շարունակ։ Այն ներկայացվում է որպես մյութոս, որը երբեք գոյություն չի ունեցել։ Միֆական մի խաբկանք, որը պարանի կարգավիճակով խոչընդոտել է իրական Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։ Բնականաբար Չարենց ու Կաֆկա կարդացող հայ «ինտելեկտուալների» համար ամենն այս ավելի քան ընկալելի է ու ընդունելի։ Չէ՞ որ նրանց ինտելեկտուալությունը տարիներ շարունակ հիմնավորվել է ժողովրդի հակաթուրքականությունն ու պաթոսը ծաղրելով։ Եվ եթե ժողովուրդը մի փոքր ռացիոնալ լիներ, ապա Թուրքիան ու Ադրբեջանը հնարավոր և ավելի մեղմ կգտնվեին Հայաստանի ու Արցախի նկատմամբ։
Իհարկե փաշինյանական քարոզչության շերտերը դեռ երկար կարելի է քննարկել, ավելին՝ դրա վերաբերյալ կարելի է նաև մի ամբողջ գիտական ատենախոսություն գրել։ Բայց սահմանափակվենք այսքանով ու անենք մեր փոքրիկ եզրակացությունը․ Ղարաբաղյան հակամարտությունը ուներ լուծում, մենք կարող էինք խուսափել պատերազմից, իսկ Արցախը կարող էր և չհայաթափվել։ Երեք այս կետերը անհնար են դարձել առաջին հերթին Հայաստանի իշխանության և Նիկոլ Փաշինյանի քայքայիչ արտաքին քաղաքականության հետևանքով։
Civilnet











