Աղբյուրը՝ OC Media
Վրաստանում հոկտեմբերի 26-ին ընթացող խորհրդարանական ընտրություններում արձանագրվել են մի շարք ընտրախախտումներ, որոնք LIVE թարմացումներով ներկայացնում է OC Media-ն։ Ստորև ներկայացված են հիմնական խախտումները։
Վրացի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հաղորդումը
Վրացի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՎԵԻԱ) հաղորդել է խախտումների մասին, որոնք ենթադրաբար հայտնաբերվել են մինչև ժամը 15:00-ն։ Ըստ նրանց դիտորդի՝ «[քվեարկած լինելը ցույց տվող] թանաքով նշված անձինք միկրոավտոբուսով տեղափոխվել են Բաթումիի 34-րդ ընտրատեղամաս»։
«Մտիս Ամբեբի»-ի խմբագիր Գելա Մտիվլիշվիլին հաղորդում է, որ հարձակման է ենթարկվել Արևելյան Վրաստանում
Առցանց լրատվական կայք Մտիս Ամբեբի-ի խմբագիր Գելա Մտիվլիշվիլին Ֆեյսբուքում գրառում է արել, որ իր վրա հարձակվել են Վրաստանում արևելքում, երբ նա աշխատում էր որպես դիտորդ։
«Մեզ վրա հարձակվեցին ենթադրյալ տեղամասային դիտորդները, երբ մենք պահանջեցինք, որ նրանք և Վրացական երազանքի համակարգողները հեռանան մուտքից և հարակից տարածքից»,- ասել է նա։
«Նրանք խլեցին մեր հեռախոսը, որպեսզի չկարողանանք նկարահանել առաջին միջադեպը։ Նույնիսկ հեռախոսը վերադարձնելուց հետո նրանք խանգարում էին մեզ նկարահանել, ծեծեցին մեզ, թքեցին մեզ վրա և հայհոյեցին։ Դրանից առաջ Ախմետայի 1-ին շրջանում մենք ականատես եղանք, թե ինչպես Վրացական երազանքի համակարգողը փող տվեց ընտրողներից մեկին՝ ասելով, որ պարտքը մարել է։ Մենք զանգահարեցինք 112, պատասխան չեղավ»,- գրել է նա։
Ադրբեջանցի պատգամավորը պնդում է, որ խախտումներ չկան, մինչ նրա հետևում խախտում է տեղի ունենում
Արզու Նաղիևը՝ Ադրբեջանի խորհրդարանի դիտորդական առաքելությունը ղեկավարող պատգամավորը, հարցազրույց է տվել՝ պնդելով, որ Վրաստանի ընտրություններում խախտումներ չեն տեղի ունենում, մինչդեռ նրա հետևում ընտրողը լուսանկարում էր իր քվեաթերթիկը։ Քվեախցիկում լուսանկարահանումն արգելված է՝ ընտրողների գաղտնիությունը պահպանելու և նրանց վրա ճնշումը կանխելու նպատակով։
Հաղորդվում է Թբիլիսիում ընդդիմության ընտրողների դեմ խմբակային հարձակումների մասին
Ըստ Մթավարի ՀԸ-ի՝ մոտ 30 հոգի հարձակվել են ընդդիմության ընտրողներիի, լրագրողների և անցորդներին վրա Իսանիի թիվ 99 դպրոցի մոտ, որտեղ մի քանի ընտրատեղամաս կա։ Ենթադրաբար խումբը հարվածել է անցնող մեքենաներին և տարբեր իրեր է նետել՝ առաջացնելով վթար։ Ոստիկանությունը հավաքվել է դեպքի վայրում։
Երկրորդ ծեծկռտուքը տեղի է ունեցել Գլդանիում՝ 60-րդ ընտրատեղամասի մոտ։ Ընդդիմության անդամները Ֆորմուլա ՀԸ-ին հայտնել են, որ Վրացական երազանքի «խուլիգանները» խոչընդոտում են քաղաքացիների քվեարկությանը։ Ոստիկանությունը կանչվել է դեպքի վայր, և քվեարկության գործընթացը ժամանակավորապես դադարեցվել է։
Ձայների գնման մասին հաղորդում
OC Media-ի թղթակիցը Գուրիայի Չոխատաուրի քաղաքում թիվ 1 ընտրատեղամասի առջև լսել է, թե ինչպես է մի անձ հեռախոսով փորձում բանակցել «20 լարի ($7.30) ավել» գումարի շուրջ, ակնհայտորեն իր ձայնի դիմաց։
Քվեատուփի լցոնում Մառնեուլիում
Սոցիալական ցանցերում տարածվում է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Մառնեուլիի 69-րդ ընտրատեղամասում քվեաթերթիկների խուրցը լցնում քվեատուփի մեջ։
Նախկին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հայտնել է, որ նույն տարածքում ֆիզիկական հարձակման է ենթարկվել այն անձը, որը տեսանկարահանում էր միջադեպը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ «իրենց տեղեկություններով» ՆԳ նախարարությունը քրեական գործ է հարուցել միջադեպի առնչությամբ։
Այս միջադեպից հետո, ավելի ուշ, ընտրատեղամասը փակվել է։
Ադրբեջանաբնակ Մառնեուլիում լցոնման դեպքի հետ կապված Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ «անբարոյական է օգտագործել ազգային փոքրամասնություններին ընտրությունները կեղծելու համար»։
Բազմակի քվեարկության մասին հաղորդում
Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հաղորդել է, որ Մառնեուլիում «ենթադրաբար Վրացական երազանքի ներկայացուցիչը» երկու անգամ է քվեարկել։
Նրանք հայտնել են, որ օրը «սկսվել է լուրջ խախտումներով», այդ թվում՝ «քվեարկության գաղտնիության խախտումներով» և իրենց դիտորդների աշխատանքին միջամտությամբ։
Քաշքշուկ Զուգդիդիում
OC Media-ն զրուցել է դիտորդների և այս առավոտ Զուգդիդիում տեղի ունեցած ֆիզիկական բախման ենթադրյալ մասնակիցների հետ։
Միջադեպի տեսանյութը սոցիալական ցանցերում առաջինը տարածել է Միազյալ ազգային շարժման ներկայացուցիչ Անի Ցիտլիձեն։ Նա նշել է, որ «Վրացական երազանքի խուլիգանը» ֆիզիկական հարձակման է ենթարկել դիտորդներին և տեղամասային հանձնաժողովի անդամներին։
Տեղամասի նախագահ Դոնա Բերիշվիլին OC Media-ին ասել է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղամասային սենյակից դուրս։ Նա նշել է, ոչ ինքը չի լքել իր սենյակը և տեղյակ չէ, թե ինչն է հանգեցրել բախմանը։
Գիորգի Ցուլաիան՝ այն մարդը, որին Ցիտլիձեն մեղադրել է իշխող կուսակցության անունից բռնություն գործադրելու մեջ, հերքել է Ցիտլիձեի մեղադրանքները և վիրավորել նրան միջադեպին հաջորդած հարցազրույցում։
Նա պնդել է, որ ներս է մտել միջադեպը սկսվելուց հետո «և տեսագրել այն, ինչ տեսել է»։
Ըստ Ցուլաիայի վկայականի՝ նա դիտորդ է և ներկայացնում է «Վրացական վերապատրաստման և զարգացման ինստիտուտը»։ Երբ OC Media-ն միջադեպից հետո ժամանել է տեղամաս, Ցուլաիան բարձրաձայն և ագրեսիվ խոսում էր՝ ցուցումներ տալով ներկաներին։ Նա բացատրել է, որ կարգավորում է իրավիճակը, որ ընտրողները կարողանան հարմարավետ քվեարկել։
Civilnet











