ԶՊՄԿ-ն, «Մոբայլ սենթրը» և «Գրանդ տոբակոն» գլխավորում են 1 000 խոշոր հարկատուների ցուցակը

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024-ի հունվար-սեպտեմբերի 1 000 խոշոր հարկատուների ցուցակը, ըստ որի՝ ամենից շատ հարկերը վճարել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 83,6 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Կոմբինատի վճարած հարկերի թիվն ավելացել է ավելի քան 31 մլրդ դրամով։
Այս տարվա առաջին ինն ամիսներին երկրորդ ամենամեծ հարկատուն «Մոբայլ սենթր»-ն է՝ վճարած 49,1 միլիարդով։ «Մոբայլ սենթր»-ը զբաղվում է հեռախոսների, տեխնիկայի ներմուծմամբ ու արտահանմամբ։ Ընկերության հարկերը վերջին տարիներին կտրուկ աճել են Ռուսաստան իրականացվող վերաարտահանման արդյունքում։ 2023-ի հունվար-սեպտեմբերին «Մոբայլ սենթր»-ը վճարել էր 30,1 մլրդ դրամ։
Ամենաշատ հարկ վճարած երրորդ ընկերությունը «Գրանդ տոբակոն» է, որը վճարել է 39,7 միլիարդի հարկեր՝ 8,7 միլիարդով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածից։ «Գազպրոմ Արմենիան» վճարած 36,3 միլիարդ դրամով չորրորդն է։
Կենցաղային տեխնիկայի ներմուծմամբ, վաճառքով, արտահանմամբ զբաղվող «Փրիթի ուեյ» ընկերությունը, որ առավել հայտնի է որպես Vesta խանութների ցանց, հինգերորդ ամենամեծ հարկատուն է` վճարած 27,9 մլրդ դրամով։
Վեցերորդը 20,4 մլրդ դրամ վճարած հարկով «Ամերիաբանկն» է, հաջորդում են «Սի Փի Էս էներգի գրուպը»՝ 17,6 մլրդ, «Ֆիլիպ Մորիսը»՝ 14,7 մլրդ, «Վիվա Արմենիան»՝ 14,5 մլրդ և «Սիթին»՝ 13,9 մլրդ դրամ։
1 000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1,323 տրլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 57 մլրդ դրամ ավելի։
Civilnet










