Թբիլիսիում այսօր կայացած հանրահավաքին ընդդիմությունը պահանջել է խորհրդարանական արտահերթ ընտրություններ՝ միջազգային վերահսկողությամբ։
Հոկտեմբերի 26-ի ընտրությունները անվավեր ճանաչած քաղաքական չորս ուժերը և այլ ընդդիմադիրներ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կոչով այսօր Թբիլիսիի կենտրոնական Ռուսթավելիի պողոտայում բազմահազարանոց հանրահավաք էին կազմակերպել։
Ընդդիմադիր Միասնություն - Ազգային շարժում խմբակցությունից Գիորգի Վաշաձեն իր ելույթում ներկայացրել է ընդդիմության դիրքորոշումներն ու պահանջները՝
«Առաջին՝ ընտրությունները օրինական չեն եղել։
Երկրորդ՝ ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվելու են իրենց խորհրդարանական մանդատներից։
Երրորդ՝ ընդդիմությունը շարունակելու է պայքարը մինչև հաղթանակ։
Չորրորդ՝ ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել միջազգային, այլ ոչ թե Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողությամբ։ Իշխանության հետ բանակցություններ չեն լինի, և կընդունվի միայն կրկնակի՝ միջազգային վերահսկողությամբ քվեարկության համաձայնությունը»։
Վաշաձեն ասել է, որ առաջիկա օրերին ի հայտ կգան ընտրությունների կեղծված լինելու ավելի շատ ապացույցներ։
«Այս պայքարը կարող է ժամանակ պահանջել, բայց մենք չենք հանձնվի, և երդվում եմ՝ Վրաստանը հաղթելու է»,- ասել է նա։
Ցույցի ընթացքում լրագրողների հետ զրույցում Հանուն Վրաստանի կուսակցության առաջնորդ և Վրացական երազանքի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հաստատել է, որ կանգնած է մյուս ընդդիմադիր առաջնորդների կողքին։ Նա ասել է, որ միակ լուծումը պատշաճ քննություն անցկացնելն է և «ազատ, արդար և ժողովրդավարական ընտրություններ» կազմակերպելը։
Ընդդիմադիր Հզոր Վրաստան կուսակցությունից Ալեքո Էլիսաշվիլին իր ելույթում կառավարությունից պահանջել է 24 ժամվա ընթացքում հրապարակել ընտրողների ցուցակը։ Նա ասել է, որ չնայած ընդդիմության ներսում կան բազմաթիվ տարաձայնություններ, հիմա իրենք միասին են կանգնած, «որովհետև Վրաստանն է դա մեզնից պահանջում»։
Նա ներողություն է հայցել երեկ Գիորգի Գախարիայի մասին կոպիտ արտահայտվելու համար. «Ուզում եմ տղամարդու պես ասել Գախարիային՝ հիմա միմյանց վրա զայրանալու ժամանակը չէ»։
Կոալիցիա հանուն փոփոխության խմբավորումից Նիկա Մելիան զգուշացրել է, որ Վրաստանը վտանգի առաջ է՝ դառնալու «ռուսական ճահճի մասը»։ Նա ընդգծել է, որ պաշտոնական արդյունքները Վրացական երազանքին տվել են հարյուր հազարավոր ձայներով ավելի, քան 2020-ին, ինչը իրատեսական չէ։ Նա նաև խոսել է ընդդիմության ներսում միասնականության մասին։ «Մենք չենք ուզում պատկերացնել… որ այս պետությունը կռուսականացվի, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է նա։
Միասնություն - Ազգային շարժման անդամ Թինա Բոկուչավան էլ հայտարարել է. «Մենք չենք հանդուրժի Ռուսաստանի այն հատուկ գործողությունը, որը Իվանիշվիլին ընտրություններ է անվանում»։ Նա շնորհակալություն է հայտնել Սալոմե Զուրաբիշվիլիին քաջության համար՝ եվրոպական ընտրությանը հավատարիմ մնալու, ժողովրդի կողքին մնալու համար։ Բոկուչավան ասել է, որ Վրաստանի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին նույնպես իրենց հետ է։ Նա նշել է, որ Վրաստանի «երրորդ նախագահը» իրենց հետ է՝ նկատի ունենալով Միխեիլ Սաակաշվիլիին։
Վրաստանի նախկին նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հանրահավաքին հայտարարել է, որ «հայրենիքը պետք է փրկել»։
Հզոր Վրաստան կուսակցությունից Լևան Ցուցկիրիձեն ամփոփել է հանրահավաքը՝ կրկնելով ընդդիմության պահանջները և մարդկանց խնդրելով ուղարկել ընտրախախտումների փաստեր։
Հանրահավաքն ավարտվել է ԵՄ, ապա Վրաստանի օրհներգներով։
Այսօր Թբիլիսի է ժամանել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որի հյուրանոցը նույն՝ Ռուսթավելիի պողոտայում է։ Ցուցարարները նրան սուլոցներով են դիմավորել։ Օրբանը առաջին ղեկավարներից էր, որը շնորհավորել է Վրացական երազանքին և ժամանել Թբիլիսի։
ԵՄ արտգործնախարարները քննադատել են Օրբանի «վաղաժամ» այցը Վրաստան՝ նշելով, որ նա «չի խոսում ԵՄ-ի անունից»։
ԵՄ 13 երկրների արտաքին գործերի նախարարներ համատեղ հայտարարություն են տարածել Վրաստանի ընտրությունների վերաբերյալ՝ նշելով, որ «պահանջում են անկողմնակալ քննություն անցկացնել բողոքների վերաբերյալ և շտկել արձանագրված խախտումները»։
Եվրոպական քոլեջում ունեցած իր ելույթում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն անդրադարձել է ընտրակեղծիքների մասին հայտարարություններին։ «Այնքան տարիներ է, ինչ Վրաստանի ժողովուրդը ձգտում և պայքարում է հանուն ժողովրդավարության»,- ասել է նա։
«Նրանք իրավունք ունեն իմանալու, թե ինչ է տեղի ունեցել այս շաբաթավերջին, և իրավունք ունեն տեսնելու, որ ընտրական խախտումները հետաքննվում են արագ, թափանցիկ և անկախ կերպով։ Վրացիները, ինչպես բոլոր եվրոպացիները, պետք է լինեն իրենց ճակատագրի տերը»:
***
Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխող Վրացական երազանքը որոշիչ հաղթանակ է արձանագրել՝ ստանալով 54 տոկոս քվե և խորհրդարանի 150 մանդատների 89-ը։
Խորհրդարան անցած ևս չորս կուսակցություն չի ընդունում ընտրությունների արդյունքները և հրաժարվել է մանդատներից։
Ընտրությունները վերահսկող դիտորդական խմբերը հաղորդել են բազմաթիվ ընտրախախտումների մասին։
Աղբյուրը՝ OC Media
Civilnet











