Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարանական ընտրություններում պարտություն են կրել․ հաղթել է իշխող «Վրացական երազանքը»։ Անակնկալի եկած ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և Թբիլիսիի կենտրոնում ցույց կազմակերպեց։ Բայց ընդդիմությունն ունի՞ արդյունքների վերանայման հասնելու իրական հնարավորություն։ BBC-ի ռուսական ծառայությունը գրում է չորս հնարավոր սցենարի մասին։
Սցենար 1. զանգվածային ցույցեր
Երբ Վրաստանի ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները, և պարզ դարձավ, որ «Վրացական երազանքը» գրեթե 54 տոկոս քվե է հավաքել, ընդդիմության շարքերի վրա լռություն իջավ։
Ընդամենը մի քանի ժամ առաջ երկու Էկզիտ-փոլերի արդյունքները կանխատեսում էին, որ ընդհանուր առմամբ ընդդիմադիր կուսակցությունները կարողացել են ավելի շատ ձայն հավաքել, քան «Վրացական երազանքը», իսկ կուսակցության առաջնորդները հանդես էին գալիս հաղթական ելույթներով։
Միայն մի քանի ժամ անց ընդդիմության որոշ առաջնորդներ կարճ հայտարարություններ արեցին։
«Միասնություն – ազգային շարժման» առաջին համար Թինա Բոկուչավան ԿԸՀ-ին մեղադրեց «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի կեղտոտ հրամանը կատարելու մեջ։ Ըստ նրա՝ Իվանիշվիլին վրաց ժողովրդից հաղթանակը և երկրի եվրոպական ապագան գողացավ։
«Հանուն փոփոխության» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան տեղի ունեցածը սահմանադրական հեղաշրջում անվանեց։ Համախոհներին աջակցեցին նաև ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան»-ում՝ նշելով, որ կպայքարեն օրինական և ժողովրդավարական բոլոր ձևերով։
Նրանցից ոչ ոք չհստակեցրեց, թե որոնք են այդ մեթոդները։
Քվեարկության հաջորդ օրը՝ կիրակի, ընդդիմության առաջնորդները հանդիպեցին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Նա այս պաշտոնը զբաղեցրել է «Վրացական երազանքի» աջակցությամբ, սակայն հետագայում դադարել է կիսել կուսակցության քաղաքականությունը՝ հավատացնելով, որ այն երկիրը տանում է մեկուսացման։
Արդյունքում Զուրաբիշվիլին էլ հրաժարվեց ճանաչել արդյունքները և քաղաքացիներին կոչ արեց երկուշաբթի Թբիլիսիի կենտրոնում ցույցի մասնակցել։ Նա ընդգծեց, որ ցույցը բացառապես խաղաղ բնույթ է կրում։
Վրաստանում խոշոր ցույցեր տեղի էին ունեցել օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։ Դրանք զանգվածային էին և ընդդիմությանը ընտրություններին լավ հնարավորություններ ունենալու հույս էին ներշնչել։
Սակայն բազմահազարանոց ցույցերի մասնակիցները չկարողացան հասնել իրենց ուզածին, և օրենքն այնուամենայնիվ ընդունվեց։
Փորձագետների կարծիքով՝ հետընտրական ցույցն էլ ուժերի դասավորության փոփոխության հույս չի տալիս։
Տե՛ս՝ Թբիլիսիում հանրահավաքը պահանջել է նոր ընտրություններ՝ միջազգային վերահսկողությամբ
Վրաստանի ժամանակակից պատմության մեջ եղել է դեպք, երբ զանգվածային ցույցերը երկրում իշխանության փոփոխության են բերել՝ 2003-ի «Վարդերի հեղափոխությունը»։ Դրա մասնակիցները բողոքում էին խորհրդարանական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ, և այդ ժամանակ կառավարության ղեկավա Էդուարդ Շևարդնաձեն հրաժարական տվեց, իսկ նախագահ դարձավ Միխեիլ Սաակաշվիլին։
Սակայն այն ժամանակ ընդդիմությունն ուներ խարիզմատիկ առաջնորդ, օտարերկրյա դիտորդները ընտրակեղծիքների մասին ավելի կոպիտ հայտարարություններ էին անում, իսկ բողոքի ցույցերն ամբողջ երկրում էին տեղի ունենում։ Այժմ Վրաստանում նման նախադրյալներ դեռ տեսանելի չեն։
Սցենար 2. դատարաններ
Իլիայի պետական համալսարանի պրոֆեսոր, քաղաքական իրավունքի մասնագետ Վախուշթի Մենաբդեն ասում է, որ ընդդիմությունն օրենքով ընտրությունների արդյունքները բողոքարկելու հնարավորություն ունի։
Արդյունքները վիճարկելու հիմքերի առկայության պարագայում կուսակցություններն առաջին հերթին կարող են դիմել ընդհանուր իրավասաության դատարաններ։ Անկախ դիտորդներն արձանագրել են երկու հարյուրից ավել խախտում, սակայն ԿԸՀ-ն կարծում է, որ այդ դեպքերը չեն ազդել վերջնարդյունքի վրա։
Տ՛ես նաև՝ Ընտրախատումների փորձեր Վրաստանի խորհրդարանական ընտրություններում
Սակայն ընտրախախտումների դեպքերը գտնելը և դատարանում դրանք ապացուցելը խնդրահարույց կլինի։
Բացի այդ, պաշտոնական արդյունքները 12-14 տոկոսով տարբերվում են ընդդիմադիր հեռուստաալիքների պատվիրած էկզիտ-փոլերի արդյունքից։ ԿԸՀ-ն «Վրացական երազանքին» գրեթե 54 տոկոս է տալիս, իսկ էկզիտ-փոլերը կանխատեսել էին 40-42 տոկոս։
Ընդդիմությունը կարծում է, որ իր տվյալները ճիշտ են և իրատեսական, սակայն, ինչպես նշում են անկախ դիտորդները, երկրում 5 տոկոսից ավելի ձայներ կեղծելու կասկած երբևէ չի եղել։
Իսկ 14 տոկոս լցոնումը հեշտ առաջադրանք չէ։
Փորձագետ Վախուշթի Մենաբդեն կարծում է, որ ընդդիմությունը կփորձի վիճարկել ընտրությունների լեգիտիմությունը Սահմանադրական դատարանում, սակայն նման ռազմավարությունը հաջողության հասնելու իրական հնարավորություն չունի։
«Եթե խոսենք իրական հնարավորությունների մասին՝ հաշվի առնելով, որ մեր դատական համակարգը ամբողջովին ենթարկվում է իշխանությանը, իրավական ընթացակարգերով պայքարի որևէ հնարավարություն չկա։ Մենք ունենք բացարձակ ավտորիտար համակարգ, որի համար արդարությունը և ազատ ընտրական միջավայրի ապահովումը նշանակություն չունեն»,- նշում է նա։
Վրաստանի իշխանությունները, սակայն, պնդում են, որ երկրում անհրաժեշտ բոլոր ժողովրդավարական և իրավական ընթացակարգերը գործում են։
Սցենար 3. Խորհրդարանի նիստերի բոյկոտ
Օրենքը ենթադրում է, որ ԿԸՀ-ի՝ ընտրությունների պաշտոնական արդյունքները հրապարակելուց հետո երկրի նախագահը պիտի նշանակի նոր խորհրդարանի առաջին նիստի օրը։ Նիստը պիտի կայանա պաշտոնական արդյունքների հայտարարումից հետո տասը օրվա ընթացքում։
Նախագահը նիստի օր չնշանակելու իրավունք չունի։
«Նախագահը սահմանադրությանը դեմ կգնա, եթե չնշանակի։ Ինչքան էլ որ ասենք՝ արդյունքներն անարդար են, մինչև դա իրավականորեն ապացուցված չէ, իրավական խնդիր չկա»,- բացատրում է մասնագետը։
Սալոմե Զուրաբիշվիլին իրեն համարում է երկրում մնացած միակ անկախ ինստիտուտը և սահմանադրության երաշխավորը, և դրա համար նրա՝ խորհրդարանի նիստի օր նշանանակելուց հրաժարվելը անսպասելի կլինի։
Բայց եթե նույնիսկ նա որոշի չնշանակել, ոչինչ չի կարող խանգարել, որ խորհրդարանն առանց նրա հավաքվի։ Սրա մասին հայտարարել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Իսկ ընդդիմադիր պատգամավորներն արդեն խոսում են մանդատից հրաժարվելու մասին։
Մենաբդեն նաև նշում է, որ ընդդիմության բոյկոտը իրավական որևէ արդյունքի չի բերի, քանի որ խորհրդարանի ճանաչման համար հարկավոր է 76 պատգամավոր։ Վրացական երազանքն ունի 89 մանդատ։
Բացի այդ, Վրաստանի օրենսդրությունը չի արգելում մեկ կուսակցությամբ խորհրդարանի աշխատանքը։
Սցենար 4. խորհրդարանի շենքի արգելափակում
Վախուշթի Մենաբդեն կարծում է, որ ընդդիմության համար իր պահանջները բավարարելու միակ հնարավորությունը քաղաքական ճնշման կիրառումն է
Խոսքը զանգվածային և հասարակակական-քաղաքական ճնշում ստեղծող ցույցերի, ինչպես նաև Վրաստանին ծանոթ մեկ այլ գործիքի մասին է՝ ընտրված պատգամավորների՝ առաջին նիստին ներկայանալը ֆիզիկապես անհնարին դարձնելու։
Թարգմանությունը՝ Լուսինե Վարդանյանի
Civilnet











