2012թ. ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 666,4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 660,2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 101%‑ով և 92%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Գլխավոր գանձապետը նշեց, որ չնայած բյուջետային ծախսերի արձանագրված կատարողականին` ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակում պետական մարմինների` սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Արտաբյուջետային եկամուտները, Ջանջուղազյանի խոսքով, կազմել են 18,5 մլրդ դրամ կամ ինն ամիսների համար նախատեսված մուտքերի 101,5%-ը, իսկ ծախսերը` 13,8 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 67,4%-ը: Առանց արտաբյուջետային միջոցների` պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 647,9 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 646,4 մլրդ դրամ` ապահովելով իննամսյա ծրագրի համապատասխանաբար 101% և 92,8% կատարողական: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 71,7%-ով, ծախսերի գծով` 67,6%-ով:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 7,4%-ով կամ 45,8 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:
Գլխավոր գանձապետի խոսքով` պետական բյուջեի եկամուտների 94,2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5,1%-ը` այլ եկամուտների, 0,6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին:
2012թ. ինն ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 628,1 մլրդ դրամ հարկային եկամուտներ, պետական տուրքեր և պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, որոնք ապահովել են իննամսյա ծրագրի 100% կատարողական: 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 8,7%‑ով կամ 50,5 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, բնապահպանական ու բնօգտագործման վճարների, եկամտահարկի և ակցիզային հարկի գծով ստացված մուտքերի աճով:
2012թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 3,7%‑ով կամ 23,4 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել ընթացիկ ծախսերի գծով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով գրանցվել է անկում:
Ընթացիկ ծախսերը, Ջանջուղազյանի խոսքով, հաշվետու ժամանակահատվածում կազմել են 611,3 մլրդ դրամ` 94,7%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7,2%-ով կամ 41,2 մլրդ դրամով:
Անդրադառնալով ՀՀ պետական բյուջեի պակասուրդին` ՀՀ գլխավոր գանձապետը նշեց, որ 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 6,2 մլրդ դրամ հավելուրդով` ծրագրով նախատեսված 57,4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` պակասուրդի ներքին ֆինանսավորումը կազմել է -20,2 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` 14,0 մլրդ դրամ: Հավելուրդը հիմնականում, ըստ Ջանջուղազյանի, պայմանավորված է ծախսերի համեմատաբար ցածր կատարողականով: Վերջինիս, ինչպես նաև արտաքին աղբյուրներից նախատեսվածից շուրջ 26 մլրդ դրամով ավելի վարկային միջոցների ստացման արդյունքում ֆինանսավորման ներքին աղբյուրներում բյուջեի ազատ միջոցներից իննամսյա ծրագրով նախատեսված 63,3 մլրդ դրամ օգտագործման դիմաց նշված միջոցներն ավելացել են 27,5 մլրդ դրամով, ամփոփեց ՀՀ գլխավոր գանձապետը:
Civilnet











