Փաշինյանը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 7-ին մասնակցելու է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին, որն անցկացվելու է Բուդապեշտում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
***
Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովը տեղի էր ունեցել 2022-ի հոկտեմբերին Պրահայում։ Գագաթաժողովի շրջանակում տեղի էր ունեցել քառակողմ հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Այդ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել էին միմյանց տարածքային ամբողջականությունը։
Մեկ տարի անց՝ 2023-ի հոկտեմբերին, Ալիևը չէր մասնակցել Գրանադայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ ձևաչափով բանակցություններին։ Հնգակողմի փոխարեն Իսպանիայում կայացել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները 2024-ի հուլիսին Լոնդոնում մասնակցել են նաև Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին։ Հայկական կողմն առաջարկել էր երկկողմ հանդիպում անցկացնել գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել էր առաջարկը։
Civilnet










