Առաջարկվում է զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների համար չդադարեցնել կենսաթոշակը մարտական խնդիրներ իրականացնող որոշ զորամասերում պայմանագրային ծառայության անցնելու պարագայում։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարալու նախաձեռնությամբ հանդես են եկել ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։
Գործող օրենքի համաձայն՝ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է` դրա նշանակվելուց հետո զինվորական ծառայության անցնելու դեպքում, բացառությամբ զորահավաքային ծառայության ներգրավվելու կամ վարժական հավաքի կանչվելու դեպքերի։
Օրինագծի հեղինակները նշում են, որ փոփոխությունը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի որոշ զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով։
«ՀՀ զինված ուժերի համալրման գործընթացում մարտական խնդիրներ կատարող զորամասերը զինվորական ծառայության ուղի և համապատասխան անհրաժեշտ մասնագիտական ունակություններ ունեցող, սակայն զինվորական ծառայությունից զորացրված և երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձանցով համալրելու գրավչություն ապահովելու նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել նման զորամասերում կրկին պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ներկայացնելու դեպքում այդ անձանց պայմանագրային զինվորական ծառայության ընդունելիս իրավունք վերապահել պահպանել երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը»,- ասված է նախագծում:
Առաջարկվում է նախատեսել, որ զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը զինծառայողի համար պահպանվում է ոչ ավելի, քան «փոխգնդապետ» կոչումով զինվորական պաշտոնի նշանակվելու դեպքում։ Նման կարգավորման նպատակն է առաջին հերթին ապահովել միջին և ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացը:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխությունների փաթեթը քննարկվելու է ԱԺ-ի հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստի ընթացքում։
Civilnet











