21-րդ դարասկզբին հայկական աշխարհը հանդես էր գալիս չափազանց մասնատված և բարդ դեմքով, որը Հայաստանի՝ իրար հաջորդող ղեկավարները սիրում էին ամփոփել ազգային եռամիասնությամբ՝ Արցախ–Հայաստան–Սփյուռք։ Արցախը կորցրինք մեկ ակնթարթում, սփյուռքն անտեսանելի է և անորսալի, Հայաստանը փորձում է լուծել իր գոյատևման հարցը՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ բանակցելով։
Հայ ժողովրդի ոխերիմ թշնամիները, չբավարարվելով Արցախում ցեղասպան ծրագիր իրականացնելով, պահանջում են Երևանից հրաժարվել այն ամենից, ինչը կապ էր ստեղծում սփյուռքի և ընդհանրապես հայկական աշխարհի հետ՝ 1915 թվականի ցեղասպանության միջազգային ճանաչումից և Արցախի հայերի ինքնորոշման իրավունքից՝ երկու սկզբունքներ, որոնք ճանաչված են և արձանագրված 1990 թվականի անկախության հռչակագրում։
Սրանք վերջին խորհրդանշական կամուրջներն են, որոնք կարող են քանդվել կենսազուրկ պետության Սահմանադրության վերաձևակերպման արդյունքում՝ ազգային վերելքի բացակայության պայմաններում։ Իսկապես, երբեք Հայաստանի Հանրապետության և սփյուռքի ավանդական կառույցների, համահայկական և անդրազգային ցանցերի միջև հարաբերությունները այդքան վատ չեն եղել, եթե չասենք՝ գրեթե գոյություն չունեցող։
Սփյուռքի կենսունակ ուժերը հնարավորություն չունեն ներառվելու ազգային անվտանգության օրակարգում։ Երևանը չի մտածում պետության ամրապնդմանն ուղղված ռազմավարության մասին՝ ներգրավելով հայկական ծագում ունեցող կադրեր և մասնագետներ, ովքեր արհեստավարժ են համապատասխան ոլորտներում և որոնց հավատարմությունն ու հայրենասիրությունը կասկածի տակ չի դրվում։
Այս ամենը հաշվի առնելով՝ զարմանալի չէ, որ մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը աջակցության, առավել ևս՝ դատապարտման որևէ հայտարարություն չի արել Լիբանանում՝ բարեկամ երկրում տեղի ունեցող մարդասիրական և աշխարհաքաղաքական աղետի առնչությամբ, չէ՞ որ Լիբանանը երկրորդ հայրենիք է բազմաթիվ հայերի համար, որոնց նախնիները, Ցեղասպանությունից մազապուրծ, ապաստան են գտել այդ երկրում։
Հայկական դիվանագիտությունը տարօրինակ լռություն է պահպանում, մինչդեռ 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո այն շտապել էր մարդասիրական օգնություն ուղարկել լիբանանցի եղբայրական ժողովրդին։ Աններելի այս լռությունը վշտացնում է մայրիի երկրի հայերին, որոնք չափազանց արժանապատիվ են և զուսպ իրենց զայրույթն արտահայտելու հայրենիքի նկատմամբ, որի համար զոհվել են Արցախի ռազմաճակատում։
Ինչի՞ց է Հայաստանը փորձում խուսափել
Այս լռությունն արդյոք արդարացվա՞ծ է մի փուլում, երբ Երևանը հետապնդում է իր խաղաղության օրակարգը Թուրքիայի հետ և ցավակցություն է հայտնում նրան՝ մերթ 2023 թվականի աղետալի երկրաշարժի ժամանակ, մերթ քրդական PKK խմբավորման իրականացրած ահաբեկչության ժամանակ։
Փաստ է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Լիբանանը աջակցեց Հայաստանին բոլոր
բազմակողմ հարթակներում, որոնց անդամակցում է՝ լինի Ֆրանկոֆոնիայի միջազգային
կազմակերպությունում, Արաբական պետությունների լիգայում, թե Իսլամական համագործակցության կազմակերպությունում, որտեղ Հայաստանը ավելի քան մեկուսացված է:
Պաղեստինի պետության ճանաչումը, Ադրբեջանի ռազմավարական դաշնակից Իսրայելի հետ հարաբերությունների վատթարացման ֆոնին, որի իշխող ծայրահեղ աջերը չեն թաքցնում Երուսաղեմում հայերի հազարամյա ներկայությանը վերջ տալու իրենց մտադրությունը, զգուշավորության կոչ է անում։
Անվտանգության վակուումի պայմաններում, երբ մեծամիտ Իսրայելն իր կործանարար ուժն է տարածում Գազայից մինչև Թեհրան, Բեյրութ ու Դամասկոս, Լիբանանին աջակցելու մասին հայտարարությունը՝ որքան էլ ցանկալի կամ օգտակար լինի, կարող է մեկնաբանվել որպես սադրանք, հրավեր ռմբակոծելու հայկական բնակավայրերը Լիբանանում՝ Բուրջ Համուդն ու Անջարը:
Կհրաժարվի՞ արդյոք Հայաստանը իր արժանապատվությունից անարդար առևտրի արդյունքում։ Սա ևս մեկ անգամ բարձրացնում է այս պետության հիբրիդային բնույթի մասին հարցը, որը գիտակցաբար ընտրել է հայկականության երկրորդ թոքը կտրելու ուղին։
Կարդացեք հոդվածի բնօրինակը՝ ֆրանսերենով։
Տիգրան Եկավյանը Փարիզի Շիլլերի միջազգային համալսարանի դասախոս է, վերլուծաբան
Civilnet











