Գլխավոր Լրահոս

Վրաստանը հետընթաց է ապրել, ԵՄ-ին անդամակցելու մյուս թեկնածուներն առաջ են գնացել․ ԵՄ զեկույց

Վրաստանը հետընթաց է ապրել, ԵՄ-ին անդամակցելու մյուս թեկնածուներն առաջ են գնացել․ ԵՄ զեկույց

Նեյթ Օստիլեր, OC Media

Չորեքշաբթի ԵՄ-ն հրապարակել է իր տարեկան զեկույցը, որում մանրամասն նկարագրված են վերջին տարվա փոփոխությունները դաշինքին միանալ ձգտող տասը երկրների, այդ թվում՝ Վրաստանի վերաբերյալ: Վրաստանի՝ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալուց մեկ տարի անց Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, թե «դժբախտաբար տոնելու շատ պատճառներ չկան: Վրաստանի կառավարության ձեռնարկած գործողությունների պատճառով ԵՄ առաջնորդները դադարեցրին Վրաստանի անդամակցության գործընթացը»:

Թեև եվրոպացի քաղաքական գործիչները և ԵՄ պաշտոնյաները ընդհանրական են խոսել այն վնասի մասին, որն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր գործողություններով հասցրել է երկրի ԵՄ անդամակցության ձգտումներին, չորեքշաբթի հրապարակված զեկույցը ամենավառ ապացույցն է այն մասին, որ Վրաստանը նվազագույն առաջընթաց է գրանցել ԵՄ անդամակցության ուղղությամբ, եթե առհասարակ որևէ առաջընթաց գրանցել է։

Չորեքշաբթի Թբիլիսիում արած հայտարարությունում Հերչինսկին նշել է, որ անդամակցության գործընթացը «դադարեցված է մնում այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանը շարունակում է հեռանալ ԵՄ-ից, մեր արժեքներից և մեր սկզբունքներից»:

Հերչինսկին նշել է, որ կան որոշ դրական տեղաշարժեր մի քանի «տեխնիկական» ոլորտներում, սակայն հավելել է, որ «դրանց վրա ստվեր են գցում անհանգստացնող ժողովրդավարական հետընթացը, ԵՄ-ի դեմ թշնամական պատմություններն ու ապատեղեկատվությունը»:

Վրաստանը չի կատարել ԵՄ հանձնարարականները

Զեկույցում նշվում է, որ Վրաստանը որոշակի սահմանափակ առաջընթաց է գրանցել: Ըստ Հերչինսկու՝ էներգետիկայի ոլորտում «մասամբ սկսվել է շուկայի բացումը, որը երկար ժամանակ ձգձգվում էր», որոշ «բարեփոխումների հավակնություններ են նկատվում» բնապահպանական հարցերի շուրջ, և գրանցվել են «կարևոր զարգացումներ պետական ​​գնումների ոլորտում»։

Այնուամենայնիվ, զեկույցի մեծ մասում շատ քիչ դրական փոփոխություններ են նշվում այն խնդրահարույց ոլորտներում, որոնք մատնանշվել էին Վրաստանի թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո: Ավելին, Վրաստանը վերջին տարվա ընթացքում հետընթաց է ապրել որոշ ոլորտներում, ինչպիսիք են դատական ​​համակարգի բարեփոխումները և հիմնարար իրավունքների ապահովումը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր և խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն փորձել է ցույց տալ զեկույցի որոշ դրական կողմեր՝ ասելով, որ փաստաթղթի «35 գլուխներից 25-ում մանրամասն նկարագրվում են առաջընթացի տարբեր մակարդակներ, որոնք գրանցվել են վերջին 12 ամսվա ընթացքում»:

«Այսպիսով, հակառակ բազմաթիվ պնդումների և շահարկումների՝ Վրաստանն առաջընթաց է գրանցում ԵՄ ճանապարհին և հիմնարար իրավունքների գլխում դեռ առաջ է Բոսնիա և Հերցեգովինայից, Մոլդովայից և Ուկրաինայից»,- ասել է Սամխարաձեն։ 

Ի տարբերություն Վրաստանի, Մոլդովան և Ուկրաինան արդեն անցել են հաջորդ՝ բանակցությունների փուլին։

Այս հայտարարությանը հակադարձել է Հերչինսկին, որը բացահայտ ասել է, որ «Վրաստանն աննշան առաջընթաց է գրանցել ինը [պահանջվող բարեփոխումների] մեծ մասի իրականացման հարցում»:

Զեկույցում նշվում է, որ Վրաստանը «բացահայտ հետընթաց է գրանցել ապատեղեկատվության, քաղաքական բևեռացման, ընտրությունների և մարդու իրավունքների դեմ պայքարի հետ կապված քայլերի հարցում»։

Հերչինսկին հատուկ ուշադրություն է հրավիրել դատական ​​համակարգի և հիմնարար իրավունքների վատթարացող վիճակի վերաբերյալ զեկույցում արվող եզրակացությունների վրա, որոնք, ըստ նրա, «ամենակարևոր գլուխներն են»:

«Թույլ տվեք հստակ ասել. սա աննախադեպ է մի երկրի համար, որը ձգտում է անդամակցել ԵՄ-ին»,- ասել է նա:

Զեկույցը հրապարակվել է մի քանի օր անց Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից, որոնց նախնական արդյունքներով «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների 54%-ը՝ ընտրախախտումների և ընտրակեղծիքների վերաբերյալ համատարած մեղադրանքների ֆոնին:

ԵՄ-ն արձագանքել է քվեարկության գործընթացի վերաբերյալ մտահոգություններին, սակայն մինչ այժմ ձեռնպահ է մնում ընտրությունները պաշտոնապես ոչ լեգիտիմ հայտարարելուց:

Հերչինսկին ընդգծել է, որ «ընտրությունների անցկացումն» այն ինը ոլորտներից մեկն է, որոնցում երկիրը պետք է առաջընթաց ապահովի, ապա հավելել, որ խորհրդարանական ընտրություններն աչքի են ընկել «լուրջ խախտումներով», որոնք «համատեղելի չեն ԵՄ թեկնածուից ակնկալվող չափանիշներին»։

«Միջազգային դիտորդները չեն հայտարարել, որ ընտրություններն անցել են ազատ և արդար։ Նրանք ոչ էլ հակառակն են հայտարարել»,- ընդգծել է Հերչինսկին։

«ԵՄ դռները բաց են մնում Վրաստանի համար»

Զեկույցը և դրան կից մամուլի հաղորդագրությունն ու հայտարարությունները կտրականապես չեն հայտարարում, որ ամեն ինչ կորած է Վրաստանի ԵՄ ձգտումների համար։

Դեռևս կա դեպի դաշինք տանող ուղի, ասել է Հերչինսկին, սակայն դա պահանջում է «իսկական քաղաքական կամք դրսևորել և կրկին հանձնառություն ստանձնել՝ հետևելու մեր անսակարկելի արժեքներին և սկզբունքներին»:

«Ընդլայնման գործընթացը արժանիքների վրա հիմնված գործընթաց է, և Վրաստանը կշարժվի ԵՄ ուղով միայն այն դեպքում, եթե կատարի բարեփոխումները։ Գաղտնիքներ և կարճ ճանապարհներ չկան»,- նշել է նա:

«Եվրամիության դռները բաց են մնում Վրաստանի համար»,- ասել է Հերչինսկին, սակայն հայտարարության ենթատեքսն այն էր, որ Վրաստանը պետք է փոխի իր ընտրած ուղեգիծը, եթե իսկապես ցանկանում է մտնել դաշինք:

ԵՄ ընդլայնման վերաբերյալ զեկույցը նաև նոր տվյալներ է պարունակում Թուրքիայի առաջընթացի մասին, որը 25 տարի ԵՄ թեկնածու է։ Թուրքիայի հետ բանակցությունները փակուղի են մտել 2018-ից, քանի որ երկիրը չի կարողացել լուծել «ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացման, օրենքի գերակայության, դատական ​​համակարգի անկախության և հիմնարար իրավունքները հարգելու վերաբերյալ լուրջ մտահոգությունների» հետ կապված խնդիրները։

Ինչպես Վրաստանի դեպքում, զեկույցը, այդուհանդերձ, մատնանշում է որոշ ոլորտներում Թուրքիայի ունեցած առաջընթացը: Սակայն այժմ քչերն են կարծում, որ Թուրքիան, իր ներկայիս կառավարությունով, կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում ԵՄ-ին միանալու մեծ հնարավորություն ունի:

Դիմելով վրաց ժողովրդին՝ Հերչինսկին խնդրել է, որպեսզի նրանք չկորցնեն հույսը։

Նա, այնուամենայնիվ, ընդգծել է, որ «ԵՄ-Վրաստան հարաբերությունների ապագան այժմ գտնվում է վրաց առաջնորդների ձեռքում» և կառավարությանը խրախուսել է զեկույցը «շատ, շատ ուշադիր» կարդալ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում