Գլխավոր Լրահոս

Լիբանանի հայերը պարենի ու դեղորայքի խնդիր չունեն, նրանց հետ ամենօրյա կապը պահպանվում է

Լիբանանի հայերը պարենի ու դեղորայքի խնդիր չունեն, նրանց հետ ամենօրյա կապը պահպանվում է

Լիբանանում պատերազմական իրավիճակ է։ 2023-ի աշնանը Իսրայելը, ի պատասխան «Համաս» խմբավորման հարձակման, ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում, ինչի հետևանքով իրավիճակը լարվեց նաև Իսրայել-Լիբանան սահմանին։ Հրթիռակոծության տակ են Լիբանանի ինչպես սահմանային գյուղերն, այնպես էլ սահմանից հեռու գտնվող մի շարք շրջանները։ Ի՞նչ իրավիճակ է Լիբանանի հայաբնակ թաղամասներում, ինչպե՞ս են ապրում հայերը պատերազմական իրավիճակում ու արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են նրանց Հայաստան տեղափոխելու համար․ այս ու մի շարք այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Գեղեցիկ Ոսկանյանը զրուցում է Հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանի հետ։

Հովհաննես Ալեքսանյանը

- Պատերազմական այս օրերին ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդյոք կապի մե՞ջ է Լիբանանում Հայաստանի դեսպանատան հետ, ունե՞ք տեղեկություններ այն մասին, թե ինչ իրավիճակ է Լիբանանի հայաբնակ թաղամասերում։

- Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մի քանի ամիս առաջ Լիբանանում սկսված ռազմական գործողություններից անմիջապես առաջ և հետո մշտական կապի մեջ է համայնքային կառույցների, անհատների, ինչպես նաև Բեյրութում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ։ Այդ կապը մշտական է, և ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք իրականացնում՝ հասկանալու իրավիճակը և այն հնարավորություններն ու պայմանները, որոնց մեջ գտնվում է հայությունը։ Այս պահի դրությամբ ուզում եմ նշել, որ Լիբանանում հայության շրջանում և հայկական հաստատությունների շրջանում կորուստներ և ավերածություններ, փառք Աստծո, չկան։ Խնդրում ու հորդորում եմ բոլորին՝ ապատեղեկատվություն մի՛ տարածեք։ 

Այնտեղ բոլորն աշխատում են բնականոն ռեժիմով, պարենի և դեղորայքի պակաս ու խնդիր չկա, ավելին, օժանդակություններ տրվում են ինչպես հայության կարիքավոր խմբերին, այնպես էլ Լիբանանի այն քաղաքացիներին, ովքեր ազգությամբ հայ չեն, բայց ունեն դրա կարիքը։

- Այս օրերին կարծիքներ են հնչում նաև նրա մասին, որ Հայաստանը լիբանանահայերին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Միգուցե արտակարգ չվերթներ են ակնկալվում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները։

- Այո, շատերն ակնկալում էին, որ լինի արտակարգ չվերթ դեպի Բեյրութ՝ Լիբանանից դուրս գալ ցանկացողներին Հայաստան տեղափոխելու համար։ Այս հարցի շուրջ անմիջապես հետևյալ մեկնաբանությունը կարող եմ տալ․ նախ և առաջ Բեյրութի օդանավակայան չվերթներ կարող է իրականացնել միայն Middle East ընկերությունը՝ տեղական, մերձավոր արևելյան ավիաընկերությունը, ուրիշ որևէ ավիաընկերություն՝ կլինի ֆրանսիական, գերմանական, լեհական, հայկական, չի կարող վայրէջք կատարել այդ օդանավակայանում և չի կարող այնտեղից ուղևորներ տեղափոխել։ Բայց, միևնույն ժամանակ, շաբաթական երկու չվերթ է իրականացվում Երևան-Բեյրութ-Երևան ուղղություններով։ Մեկ ամսվա կտրվածքով, երբ սկսվեցին ակտիվ ռմբակոծությունները Բեյրութում, սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է Բեյրութ-Երևան 10 չվերթ, ժամանել է 1 227 մարդ, իսկ Երևանից Բեյրութ մեկնել է 578 մարդ։ Այսինքն, Բեյրութից Երևան ժամանած ուղևորների դրական տարբերությունը 649 մարդ է կազմում՝ հիմնականում լիբանանահայություն, փոքր թվաքանակ է կազմում սիրիահայությունը և անշուշտ օտարերկրացիներ, այսինքն՝ Լիբանանի քաղաքացիները։ 

Օդային կապը երբեք չի խզվել Լիբանանի հետ, միևնույն ժամանակ, արտակարգ չվերթով Բեյրութ օդանավ ուղարկելու հնարավորություն որևէ երկրի կառավարություն չի ունեցել։ Ավելացնեմ նաև, որ վերջին երկու օդանավերում 15-20 նստատեղ ազատ է մնացել։ 

Ինչ վերաբերում է լիբանանահայությանը օժանդակելու հարցին՝ մարդասիրական օգնություն էլ հնարավոր չէ հասցնել իմ թվարկած պատճառներով, լրացուցիչ օդային կապ ստեղծել հնարավոր չէ, բայց կրկին նշեմ՝ մեր տեղեկատվությամբ բոլոր հայկական հաստատությունները աշխատում են, և պարենի ու դեղորայքի խնդիր այս պայմաններում դեռևս չկա և հուսանք՝ չի լինի։ 

- Կարո՞ղ եք ասել, թե որքան հայ է ապրում տվյալ պահին Լիբանանում։

- Ճշգրիտ տվյալներ նշելը շատ դժվար է, քանի որ Լիբանանում շատերը, բացի Հայաստանի հետ երկքաղաքացիությունից, ունեն այլ երկրների քաղաքացիություն, և մշտական շարժի մեջ են։ Ժամանակակից աշխարհում շատերը աշխատում են ինչպես քաղաքացիության երկրից, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Սա դժվարացնում է առկա բնակչության հստակ թիվը նշելը, բայց, կարծում եմ, որ շուրջ 50 հազարի սահմաններում է այս պահի դրությամբ։

- Նշեցիք, որ Լիբանանից Հայաստան տեղափոխվածներ կան։ Հետաքրքիր է իմանալ՝ կա՞ն արդյոք ծրագրեր, որոնց միջոցով լիբանանահայերը կինտեգրվեն հասարակությունում, կկարողանան գտնել աշխատանք կամ կիրականացվի այլ կարիքների գնահատում։

- Վերջին շրջանում հրապարակվեց մի ծրագիր, որն ուղղված է արդեն Հայաստան տեղափոխված լիբանանահայերին զբաղվածության հարցում աջակցությանը։ Հավաքում ենք հրապարակային, բաց ինքնակենսագրականներ, որ կարողանանք այն մարդկանց, ովքեր համապատասխան կրթություն կամ փորձ ունեն, օգնել գտնել աշխատանք թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածներում։ 

Այս պահի դրությամբ 25-30 տվյալներ ենք հավաքել և դրանց վերլուծությունից հետո կհասկանանք՝ որտեղ, որ աշխատանք փնտրողը ինչ հնարավորություն ունի։ Մյուս կողմից, մենք արագացրել ենք մեր տեղեկատվական թերթիկների թարգմանումն արաբերենով, քանի որ մեր հայրենակիցների մեծ մասը, իհարկե, մայրենի լեզվին տիրապետում են, բայց գիտենք, որ Լիբանանում, Սիրիայում ունենք հայրենակիցների խումբ, որը նաև խառն ամուսնությունների արդյունքում մայրենի լեզվին չի տիրապետում։ Այդ տեղեկատվական թերթիկը Հայրենադարձման և ինտեգրման կենտրոնի կողմից է մշակվել, և այն խումբը, որը հայերենին չի տիրապետում, կկարողանա տեղափոխությունից հետո այստեղ կատարվող բոլոր գործընթացների մասին պատկերացում կազմել։ 

Իհարկե, հուսով ենք, որ իրավիճակն այնքան չի լարվի, որպեսզի լինի հախուռն վիճակ։ Մյուս կողմից, հորդորում ենք հայրենակիցներին կապը պահել դեսպանության հետ, այնտեղ շատերն իրենց տվյալները թողել են, որպեսզի ավելի բարդ իրավիճակներում դեսպանությունը իմանա մեր հայրենակիցների տեղը, տվյալները, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում համապատասխան գործողություններ իրականացնելիս իր ձեռքի տակ ունենա ցուցակներ։

Ինչ վերաբերում է կարիքների գնահատմանը՝ պետք է նշեմ, կրկին համալիր տվյալների հիման վրա պետք է իրականակնել, ու անձը կրկին պետք է դիմի Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ։ Բայց եթե հայրենակիցն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ունի Հայաստանում հաշվառում, ունի բնակության հասցե, բնակարան, ապա մյուս հայրենակիցների նման նա Հայաստանում աշխատանք փնտրելու կամ սոցիալական նպաստներից օգտվելու կամ թոշակավորման պրոցեսները արդեն անցնում է Հայաստանի քաղաքացուն համահավասար իրավունքներով։ Այլ բան է, որ կան խոցելի խմբեր, և այդ խոցելի խմբերի հետ աշխատանքները պետք է այլ մարմիններով և այլ մարմինների հետ համադրված իրականացնել։ 

Սիրիական պատերազմը Լիբանանի հայության համար այս ընթացքում տեսանելի դարձրեց փոփոխությունները, որոնք տեղի են ունենալու մերձավորարևելյան տարածաշրջանում, և շատերը, օգտվելով հնարավորությունից, որ կար բացառիկ հնարավորություն Բեյրութում, Դամասկոսում, Բաղդադում Հայաստանի դեսպանությունների միջոցով դիմելու և քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացի են դարձել։ Սա էապես փոխում է ամբողջ պատկերը և աշխատանքի տրամաբանությունը մեր այս հայրենակիցների խմբերի հետ։ Դրա համար մենք նաև ձեռնարկել ենք նույն աշխատատեղերով ապահովելու խնդրի և ինքնակենսագրականների բանկի ստեղծումը, որպեսզի հասկանանք՝ եթե մարդը ունի ՀՀ քաղաքացիություն, ունի բարձրագույն կրթության, ունի աշխատանքային փորձ, կարող է դիմել թափուր աշխատատեղերի։ Մյուս ծրագրերի առնչությամբ դեռևս նոր աշխատանքներ չկան։

Զրուցեց Գեղեցիկ Ոսկանյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում