ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը

12:54
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ նախնական արդյունքներով նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը։
Fox News-ի տվյալներով Թրամփը հավաքել է ընտրիչների 277 ձայն, Հարիսը՝ 226։ Ըստ New York Times-ի՝ Թրամփը ստացել է 277 ձայն, Հարիսը` 224: CNN-ի համաձայն՝ հանրապետական թեկնածուի օգտին քվեարկել է 276 ընտրիչ, դեմոկրատ թեկնածուի օգտին՝ 223:
Դոնալդ Թրամփն արդեն հանդես է եկել հաղթական ելույթով, որում ասել է. «Սա խենթանալիք է, ուզում եմ ամերիկացիներին շնորհակալություն հայտնել՝ ինձ ԱՄՆ 47-րդ նախագահ ընտրելու համար։ Ես պայքարելու եմ բոլորիդ համար, հանգիստ չեմ առնի, մինչև չկառուցենք արդար, ուժեղ Ամերիկա։ Սա Ամերիկայի ոսկե դարն է լինելու»։
Թրամփը ԱՄՆ երկրորդ նախկին նախագահն է, որը հաղթել է ոչ հաջորդական երկրորդ ժամկետում՝ 1892 թվականին Գրովեր Քլիվլենդից հետո։
Դոնալդ Թրամփին հաղթանակի կապակցությամբ արդեն շնորհավորել են Ֆրանսիայի, Հունգարիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Վրաստանի ղեկավարները։
***
Նոյեմբերի 5-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել 60-րդ նախագահական ընտրությունները: Նախագահի թեկնածուներն են հանրապետական, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և ԱՄՆ ներկայիս փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը։
Թարմացվող տեղեկատվությամբ առաջատարը Թրամփն է, հաղորդում է CNN-ը։ Նա ստացել է 246 ընտրիչների ձայներ, Հարիսը՝ 182: Ընտրական կոլեգիայի 270 ձայն ստացած թեկնածուն կդառնա երկրի 47-րդ նախագահը։
New York Times-ի գնահատմամբ` Թրամփի հաղթանակի հավանականությունը 89 տոկոս է։
Միացյալ Նահանգների նախագահն ընտրվում է ոչ թե ուղղակի, այլև Ընտրական կոլեգիայի միջոցով, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն:
Սենատում և Ներկայացուցիչների պալատում ևս հաղթում են հանրապետականները։
Ընտրությունների արդյունքների թարմացմանը հետևեք այստեղ։
https://civilnet.am/news/804117/%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%ab-%d5%a9%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d5%ae%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%b8%d6%80%d6%87%d5%a7-%d5%b4%d5%a5%d5%af%d5%a8-%d5%b9%d5%ab-%d5%be%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%af%d5%a5%d5%ac-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a2%d5%ab-%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8/
Civilnet










