Եթե եղբայրդ ինքնասպան չի եղել…
Բանաստեղծ ընկերս ասում է. «Սերժ Սարգսյանն աչքս կմտնի էն ժամանակ, երբ որ իրա ախպորը դատի»։ Բանաստեղծը նկատի ունի Սաշիկ Սարգսյանին, որի հանցանքների մասին պատմում են այնպիսի առասպելներ, որպիսին հենց առասպելներն են։ Վստահեցնում եմ ձեզ, Սերժ Սարգսյանն առավել վտանգավոր կդառնա, եթե որոշի արդարադատությանը հանձնել իր եղբորը։
Մարդը չպիտի դատի իր եղբորը, եթե իր համեմատ եղբայրն ընդամենը գործարար է։ Ի՞նչ եմ ասում, մարդն ընդհանրապես չպիտի դատի իր եղբորը։ Սերժ Սարգսյանն այս երկրում միայն մեկ հոգու դատելու իրավունք ունի, և այդ մեկն ինքն է։ Մասնակցում էի մի միջոցառման, որտեղ սփյուռքահայ գործարարը Skype-ով պատմում է, թե ինչպես են այստեղ՝ Հայաստանում իրեն քցել Սերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ ԵՊՀ աստվածաբանության ամբիոնի դասախոս Լևոն Սարգսյանի մակարդակով։ Խոսքը, եթե չեմ սխալվում, 4 միլիոն դոլարի մասին է, դեռ 2 միլիոն էլ մեր դատարանները պահանջում են քցվածից։ Այս պատմությունը առնվազն 5 տարեկան է, դեռ ոչ ոք երբեք չի հերքել, որ գործող նախագահի եղբայրը այս պատմության հետ կապ չունի։ Ակնհայտ է, որ չի էլ հերքելու։ Իսկ ինչո՞ւ է քցել՝ որովհետև աստվածաբա՞ն է, թե՞ որովհետև Սերժ Սարգսյանի եղբայրն է։ Այս երկրում քանի՞ աստվածաբանի գիտեք, որ քցոցիով են զբաղված։
Անձամբ ես չգիտեմ։ Տերտերների գիտեմ, բայց աստվածաբանների՝ ոչ։
Հոկտեմբերի 29-ին երկրի ղեկավարը մատ էր թափ տալիս դատախազների վրա՝ գործ եք սարքում մարդկանց դեմ։ Մարդը դատապարտում էր արհեստական մեղադրանքները։ Մինչ այդ քանի՞սն են արդեն դատապարտվել այդպիսի մեղադրանքներով, քանի՞սն են, որ այլևս չեն կարող ապացուցել, որ մեղավոր չեն եղել։ Չգիտեմ, թե ով պիտի ասի, թե քանիսն են նրանք։ Խնդիրն այլ կերպ պետք է ձևակերպվի։ Ի՞նչ կապ ունի կեղծ մեղադրանքը, ի՞նչ կապ ունի անմեղությունը, եթե պետական ապարատում գրեթե մեկը չկա, որ այլ կերպ կարող է աշխատել։ Չէ՞ որ նրանց հատ-հատ եք ընտրել։ Ինչո՞ւ նրանք չպետք է կեղծեն ընտրությունները, մեղադրանքները։ Ինչո՞ւ, եթե նրանց սովորեցրել են հանգիստ լինել միայն հանցագործություն իրականացնելիս։ Երբ ոստիկանները հարձակվում են միտինգավորների վրա, ի՞նչը նրանց պիտի ստիպի դա չանել։
Ի՞նչ կապ ունի կեղծ մեղադրանքը, եթե դու դա ասում ես մարտի 1-ի գործերի թթխմորին՝ Վահագն Հարությունյանին։ Ասենք՝ էդ մարդը վեր կենա ու ի՞նչ պատասխանի քեզ։ Կորյուն Փիլոյանն ի՞նչ ասի։ Աղվան Հովսեփյանի դեմքից ամբողջ այդ դատափետման ընթացքում ժպիտը չէր իջնում։ Որովհետև ինքն էլ, դու էլ գիտեք, որ բառերը միս ու արյուն չունեն, որ ոչ մի դատափետում իմաստ չունի, քանի դեռ գործողություններ չկան։ Խորհրդակցության ժամանակ ռազմական դատախազ Գևորգ Կոստանյանի հպարտ կեցվածքը պատմում է, թե իրականում ում է մեղադրել Սերժ Սարգսյանը՝ ինձ։ Որովհետև եթե ներկաներից որևէ մեկը մեղավոր լիներ, հիմա բոլորովին այլ տեղ կլիներ։
Նույնն է, թե կանչես Վազգեն Խաչիկյանին ու նրա ներկայությամբ կարդաս նրա դեմ հարուցված ամբողջ քրեական գործը, բայց առանց անունների։ Ու ես զգում եմ՝ սրանք վաղը իմ հետևից են գալու, ու կապ չունի, որ ես դատախազ կամ քննիչ չեմ։ Եթե սրանք մեղավոր չեն, ուրեմն մեղավոր են մնացածը։ Ընդհանրապես նկատե՞լ եք՝ ապրողների խնդիրը Հայաստանում բարդանում է նրանով, որ սազում են ցանկացած մեղադրանքի… ինքնասպանության կամ սպանության։ Իսկ Արտակ Նազարյանի գործն ընդհանրապես այս ամբողջ թատրոնը դնում է համապատասխան բեմի վրա՝ եթե եղբայրդ ինքնասպան չի եղել, ուրեմն մեղքը նրա վիզը։
Թեմա
Մհեր Արշակյան










