Գլխավոր Լրահոս

Ի՞նչ է նշանակում Թրամփի վերադարձը ԵՄ-ի համար. RANE-ի կանխատեսումը

Ի՞նչ է նշանակում Թրամփի վերադարձը ԵՄ-ի համար. RANE-ի կանխատեսումը

Ամերիկյան RANE (նախկին Stratfor) կենտրոնը վերլուծություն-կանխատեսում է հրապարակել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության և ԵՄ-ի վրա դրա ազդեցության մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։

Դոնալդ Թրամփի վերադարձը ԱՄՆ նախագահի պաշտոնին խաթարելու է անդրատլանտյան հարաբերությունները՝ հավանաբար սրելով առևտրային լարվածությունը, թուլացնելով առանց այն էլ սահմանափակ համագործակցությունը կլիմայի և տեխնոլոգիական քաղաքականության հարցերում և լարելով ԵՄ միասնականությունը պաշտպանության և Ուկրաինային աջակցության հարցերում:

Նոյեմբերի 5-ի նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը պարզ դառնալուն պես, ԵՄ մի շարք առաջնորդներ շնորհավորեցին նոր նախագահին և խոստացան շարունակել Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նշեց, որ ԱՄՆ-ն և Գերմանիան պետք է համատեղ աշխատեն «բարգավաճումը և ազատությունը խթանելու» ուղղությամբ Թրամփի նախագահության օրոք, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում գրեց, որ «պատրաստ է համագործակցել» նոր նախագահի հետ, ինչպես Թրամփի առաջին նախագահության ժամանակ:

Սակայն այս շնորհավորանքները հաջորդում են ԵՄ պաշտոնյաների շաբաթներ շարունակ արված հայտարարություններին, որոնցում նրանք ընդունում էին, որ միությունը մտահոգված է Թրամփի նոր վարչակազմի հնարավոր ազդեցությամբ երկկողմ հարաբերությունների վրա՝ սկսած առևտրից մինչև Ուկրաինայում ընթացող պատերազմը:

Առևտրային հնարավոր պատերազմ

Առևտրային պատերազմը ԱՄՆ-ի և Եվրամիության միջև հավանական է, քանի որ Թրամփը խոստացել է կտրուկ բարձրացնել մաքսատուրքերը ներմուծվող բոլոր ապրանքների համար, իսկ Բրյուսելը խոստացել է պատասխանել սեփական մաքսատուրքերով: Նախագահական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել է սահմանել 10-20% մաքսատուրքեր ԱՄՆ մտնող բոլոր ապրանքների համար: 

Թեև սա հավանաբար բանակցային մարտավարություն է՝ երկրների և առևտրային բլոկների հետ, ինչպիսին Եվրամիությունն է, առևտրային բանակցություններում ճնշելու համար, բայց եթե դրանք իրականան, ապա մաքսատուրքերը բացասաբար կազդեն Եվրամիության վրա, որը 2023-ին արտահանել է մոտ 502 մլրդ եվրոյի (շուրջ 537 միլիարդ դոլար) ապրանք և պահպանել է մոտ 156 մլրդ եվրոյի առևտրային ավելցուկ ԱՄՆ-ի հետ:

Ամերիկյան մաքսատուրքերը հատկապես նշանակալից կլինեն այնպիսի երկրների համար, ինչպիսիք են Գերմանիան, Իտալիան և Իռլանդիան, որոնց համար ԱՄՆ-ն առաջին կամ երկրորդ խոշորագույն արտահանման ուղղությունն է, և որոնք նույնպես առևտրային ավելցուկ ունեն ԱՄՆ-ի հետ:

ԱՄՆ ընտրություններին նախորդող շաբաթներին եվրոպական լրատվամիջոցները բացահայտեցին, որ Եվրահանձնաժողովն արդեն աշխատում էր ամերիկյան ապրանքների ցանկի վրա, որոնք Բրյուսելը ցանկանում է թիրախավորել պատասխան մաքսատուրքերով, եթե Թրամփն առաջ տանի իր սպառնալիքները: Թեև ցանկը չի բացահայտվել, ԵՄ պատասխան մաքսատուրքերը հավանաբար կվերաբերեն քաղաքականապես զգայուն ամերիկյան ապրանքներին, որոնք արտադրվում են հանրապետականների առանցքային նահանգներում: (2018-ին, Թրամփի առաջին նախագահության ժամանակ, Բրյուսելը մաքսատուրքեր սահմանեց հագուստից և ավտոմեքենաներից մինչև սննդամթերք՝ եգիպտացորեն, բրինձ և հացահատիկ, և ըմպելիքներ՝ բուրբոն և այլ վիսկիներ): Սա առևտրային պատերազմը հավանական է դարձնում, թեև ԵՄ-ն կձգտի խուսափել ԱՄՆ-ի հետ երկարատև պատերազմից և հավանաբար կօգտագործի իր պատասխան մաքսատուրքերը՝ որպես մեկնարկային կետ հնարավոր «զինադադարի» շուրջ բանակցությունների համար:

- Ըստ Politico-ի կողմից հոկտեմբերի 21-ին մեջբերված անանուն «եվրոպացի բարձրաստիճան դիվանագետի»՝ ԵՄ-ն «արագ և կոշտ հակահարված կտա», եթե ԱՄՆ-ը լրացուցիչ մաքսատուրքեր սահմանի ԵՄ ապրանքների վրա: Ըստ Politico-ի մեջբերած երկրորդ դիվանագետի՝ «Բրյուսելն ունի (պատասխան մաքսատուրքերի) պատրաստի ցուցակ, և նրանք բավական վստահ են, որ կարող են հաղթել առևտրային այդ պատերազմում»:

- Ըստ սեպտեմբերին հրապարակված Ifo ինստիտուտի զեկույցի՝ Գերմանիայի արտահանումը դեպի ԱՄՆ կարող է նվազել 14,9%-ով՝ եվրոպական բոլոր ապրանքների վրա 20% ԱՄՆ սակագնի սցենարի դեպքում: Գերմանիայի դեղագործական արտահանումը ԱՄՆ կնվազի 35%-ով, իսկ ավտոմեքենաների արտահանումը՝ 32%-ով: Ըստ զեկույցի՝ ԱՄՆ մաքսատուրքերը կհանգեցնեն նաև Գերմանիայի արտահանման փոքր աճի դեպի Մեքսիկա և Կանադա:

- Համաշխարհային ներմուծման վրա ԱՄՆ մաքսատուրքերի բարձրացումը՝ չինական ներմուծման վրա շատ բարձր մաքսատուրքերի հետ միասին, կարող է նաև վերաուղղել Չինաստանի առևտուրը ԱՄՆ-ից դեպի Եվրոպա: Սա կմեծացնի ճնշումը ԵՄ իշխանությունների վրա՝ չինական ապրանքների վրա լրացուցիչ մաքսատուրքեր կիրառելու՝ եվրոպական արդյունաբերությունը մրցակցությունից պաշտպանելու համար:

- 2023-ի դեկտեմբերին ԱՄՆ-ն և ԵՄ-ն համաձայնեցին, որ Վաշինգտոնը կշարունակի կասեցնել ԵՄ պողպատի և ալյումինի վրա մաքսատուրքերը մինչև 2025-ի մարտ, և որ Բրյուսելը նույնպես կկասեցնի իր պատասխան մաքսատուրքերը: Այն դեպքում, երբ այս վեճը չլուծվի (կամ կրկին չհետաձգվի), այն կարող է հանգեցնել մաքսատուրքերի և պատասխան գործողությունների սեփական գործիքակազմին՝ Թրամփի խոստացած 10-20% ընդհանուր մաքսատուրքից անդին:

Կլիմայի փոփոխության և այլ հարցերի շուրջ համագործակցություն

Թրամփի վարչակազմը հավանաբար կթուլացնի առանց այն էլ թույլ համագործակցությունը ԵՄ-ի հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու տեխնոլոգիական կարգավորումը: Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը խոստացել է դուրս բերել Միացյալ Նահանգները Փարիզի կլիմայական համաձայնագրից (ինչպես արել էր իր առաջին նախագահության ժամանակ), ավելացնել նավթի և բնական գազի արդյունահանումը և ավելի շատ էներգիա արտահանել արտերկիր (մասնավորապես՝ հեղուկացված բնական գազ): Սա հավանաբար բացասաբար կազդի ածխաթթու գազի արտանետումների կրճատման համաշխարհային ջանքերի վրա և կթուլացնի այս հարցում ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը: Հատկանշական է, որ Թրամփի հաղթանակը հավանաբար կուժեղացնի Եվրոպայի աջ և պոպուլիստական ուժերին, որոնք արդեն իսկ պահանջում են դանդաղեցնել բլոկի էներգետիկ անցումը:

Սակայն Թրամփի՝ հեղուկացված բնական գազի արտահանումն ավելացնելու որոշումը վատ նորություն չէ Եվրոպայի համար, որը շահագրգռված է հնարավորինս բազմազանեցնել իր էներգամատակարարումը և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: Բացի այդ, Թրամփի քննադատությունը Բայդենի վարչակազմի Գնաճի նվազեցման ակտի վերաբերյալ կարող է ստեղծել առավել հավասար պայմաններ եվրոպական որոշ ընկերությունների համար, քանի որ այն կարող է հանգեցնել հողմային, արևային էներգիայի, այլընտրանքային վառելիքի և էլեկտրական տրանսպորտային միջոցների տեխնոլոգիաների համար ներկայիս ԱՄՆ սուբսիդիաների որոշ չափով վերացմանը, որոնց պատճառով եվրոպական որոշ ընկերություններ տեղափոխվել էին Միացյալ Նահանգներ՝ օգտվելու ֆինանսական աջակցությունից:

Թրամփը հավանաբար կվերացնի նաև ԱՄՆ-ԵՄ Առևտրի և տեխնոլոգիաների խորհուրդը՝ 2021-ին ստեղծված երկկողմ ֆորումը, որը քննարկում էր տեխնոլոգիական կարգավորումներն ու ստանդարտները: Այս նախաձեռնության ավարտը բացասաբար կազդի անդրատլանտյան համագործակցության վրա այնպիսի հարցերում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, տվյալների գաղտնիությունը և 5G ցանցերը: Առանց այս ֆորումի՝ երկու կողմերը կարող են ընդունել հակասող կանոնակարգեր՝ բարդացնելով առևտուրը և նվազեցնելով տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների համատեղելիությունը: Առևտրի և տեխնոլոգիաների խորհուրդը նաև հնարավորություն է տալիս ԱՄՆ-ին ու ԵՄ-ին հասցեագրել համաշխարհային տեխնոլոգիական ենթակառուցվածքներում Չինաստանի ազդեցության և մատակարարման շղթաների անվտանգության վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, և դրա դադարեցումը կթուլացնի նման խնդիրներին համակարգված արձագանքելու նրանց կարողությունը:

Ուկրաինա

Թրամփի հաղթանակը կարճաժամկետ հեռանկարում հավանաբար կհանգեցնի ԵՄ-ի ներսում պաշտպանական ավելի մեծ համագործակցության և Ուկրաինային աջակցության ավելացման ԵՄ խոստումների, սակայն միջնաժամկետ հեռանկարում ԵՄ ներքին տարաձայնությունները հավանաբար կավելանան երկու հարցերի շուրջ էլ:

Թրամփը խոստացել է ճնշում գործադրել Ուկրաինայի և Ռուսաստանի վրա՝ պատերազմը դադարեցնելու համար: Թեև նորընտիր նախագահը որևէ կոնկրետ ծրագիր չի ներկայացրել, նա ակնարկել է, որ իր ծրագիրը կարող է ներառել Ուկրաինային տրվող ֆինանսական և ռազմական աջակցության կրճատում՝ Կիևին Մոսկվայի հետ բանակցելուն հարկադրելու համար: Թեև Թրամփի հաղթանակին ԵՄ սկզբնական արձագանքը կլինի Ուկրաինային շարունակական ֆինանսական և ռազմական աջակցություն խոստանալը (և հավանական է ֆինանսական օգնության լրացուցիչ փաթեթների հաստատումը), սա բավարար չի լինի Միացյալ Նահանգներին փոխարինելու համար, եթե Սպիտակ տունը որոշի դադարեցնել ամբողջ աջակցությունը:

Ավելին, Թրամփի քննադատությունը Ուկրաինայի հանդեպ հավանաբար կուժեղացնի ԵՄ անդամ պետություններին (ինչպիսիք են Հունգարիան և Սլովակիան), որոնք պնդում են, որ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային միայն երկարաձգում է պատերազմը և նվազեցնում բանակցությունների հավանականությունը: Այս կառավարություններն ավելի հակված կլինեն օգտագործել վետոյի իրենց իրավունքը Ուկրաինային վերաբերող ԵՄ որոշումների վերաբերյալ, եթե ունենան Սպիտակ տան աջակցությունը:

Եթե Միացյալ Նահանգները կրճատի, և հատկապես եթե դադարեցնի Ուկրաինային ցուցաբերվող ամբողջ աջակցությունը, սա Ռուսաստանին կխրախուսի ռազմադաշտում դառնալ ավելի ագրեսիվ, քանի որ Մոսկվան կձգտի լրացուցիչ տարածքային նվաճումներ անել երկրում՝ նախքան թուլացած Կիևին Մոսկվայի պայմաններով զինադադար բանակցելուն հարկադրելը:

Եվրոպայի պաշտպանական ինքնավարության մեծացում

Թրամփի հաղթանակը կազդի նաև պաշտպանության ոլորտում Եվրոպայի ավելի մեծ ինքնավարության ձգտման վրա: Թեև Եվրոպան քայլեր է ձեռնարկել ՆԱՏՕ-ի ներսում իր պաշտպանական դերը մեծացնելու և պաշտպանության զարգացման ու գնումների ոլորտում ինքնաբավությունը բարձրացնելու ուղղությամբ, այս ջանքերը դեռ սահմանափակ են, և հավանական չէ, որ մոտ ապագայում նվազեցնեն ԱՄՆ-ից կախվածությունը: Թեև Թրամփի օրոք ՆԱՏՕ-ից ԱՄՆ-ի լիարժեք դուրս գալը քիչ հավանական է, ԱՄՆ-ը կարող է կրճատել Եվրոպայում ուժերը կամ անվտանգության պարտավորությունները կապել եվրոպական ռազմական ծախսերի արագ ավելացման հետ:

Սա կարող է կարճաժամկետ հեռանկարում Եվրոպայում առաջացնել «դրոշի շուրջ համախմբման» էֆեկտ՝ արագացնելով ԵՄ պաշտպանական նախաձեռնությունները: Սակայն միջնաժամկետ հեռանկարում Թրամփի քաղաքականությունը հավանաբար կլարի ԵՄ միասնականությունը՝ ընդգծելով պաշտպանության հարցում տարաձայնությունները: Հյուսիսային և Արևելյան Եվրոպայի երկրները, Ռուսաստանը որպես ավելի անմիջական սպառնալիք դիտարկելով, կարող են պաշտպանական ծախսերին ավելի մեծ առաջնահերթություն տալ, քան արևմտյան երկրները, որոնք կունենան քաղաքական և ֆինանսական ավելի մեծ սահմանափակումներ: Ժամանակի ընթացքում այս տարբերությունները կարող են խորանալ՝ բարդացնելով միասնական եվրոպական պաշտպանական քաղաքականության ձևավորման ջանքերը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում