ԱՄՆ-ն արշավ է պատրաստում Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի գործակցությունը վարկաբեկելու համար. ՌԴ հետախուզություն

Վաշինգտոնը մտադիր է քարոզչական արշավ իրականացնել Ռուսաստանի, Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ Հայաստանի համագործակցությունը վարկաբեկելու ուղղությամբ: Այս մասին ասված է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տարածած հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ գերատեսչության՝ Միացյալ Նահանգները պատրաստվում է նաև հայտարարել, թե Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած հայերը «ճնշումների» են ենթարկվում։
«ԱՄՆ պետքարտուղարությունում արագացրել են Հայաստանում քաղաքացիական հասարակության արևմտամետ կառույցների ակտիվությանն ուղղված միջոցառումները։ ԱՄՆ-ի գլխավորած, այսպես կոչված, քաղաքակիրթ համայնքին հաղորդակից լինելու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը, ինչպես կարծում են Վաշինգտոնում, ստիպված կլինի հրաժարվել սեփական ավանդույթներից, ազգային հասարակական հիմքերից և Հայաստանի շահերից բխող կայուն առևտրատնտեսական կապերից՝ ԵԱՏՄ-ից, որն էլ վերջին տարիներին ապահովել է ՀՀ տնտեսության դինամիկ աճը։ Այսպիսով, Վաշինգտոնը համառորեն Հայաստանին մղում է ազգային «ինքնասպանության»,- նշված է հաղորդագրությունում։
Ըստ ռուսական կողմի՝ ԱՄՆ-ն մեծացնելու է հայ քաղաքական վերնախավի վրա ազդեցությունը, որպեսզի Երևանն արագացնի արևմտյան ուղղության վերջնական կողմնորոշման գործընթացը։
«Ամերիկացիները ծրագրում են այդ խնդիրը լուծել Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով»,- նշել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունից։
Հայտարարության վերաբերյալ ՍիվիլՆեթը մեկնաբանություն է խնդրել Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։
Civilnet










