Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են վիզաների հարցն ու խաղաղության գործընթացը

Բուդապեշտում նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ըստ վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների պարբերական բնույթը, որոնք հնարավորություն են տալիս քննարկել ինչպես երկկողմ օրակարգին, այնպես էլ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Կողմերն անդրադարձել են տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համատեղ ծրագրերին վերաբերող հարցերի: Քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող բարեփոխումների, վիզաների ազատականացման ուղղությամբ երկխոսության ընթացքին:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքի վերաբերյալ:
Վարչապետ Փաշինյանը շեշտել է Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ապահովման քայլերին»,- նշված է հաղորդագրությունում։
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում Փաշինյանը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթնաժողովին:
Civilnet










