Ուկրաինայի դիրքերը գնալով ավելի հուսահատ կդառնան. RANE-ի կանխատեսումը

Ամերիկյան RANE (նախկինում՝ Stratfor) հետազոտական կենտրոնը կախատեսում-վերլուծական է հրապարակել, թե ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունն ինչպես կարող է ազդել Ուկրաինայում պատերազմի վրա։ Հոդվածը թարգմանաբար և կրճատ՝ ստորև։
Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության նվազման հեռանկարը Ռուսաստանին կխրախուսի փորձել ռազմադաշտում տարածքային լրացուցիչ նվաճումներ ունենալ և Կիևի վրա ներքին քաղաքական ու սոցիալական ճնշում գործադրել՝ իր հետ հրադադար բանակցելու համար։ Մոսկվան Թրամփի հաղթանակին արձագանքեց ռուս պաշտոնյաների դրական հայտարարություններով. շատերը պնդում էին, որ դա առնվազն Ուկրաինայում հակամարտության ավարտի դուռ կբացի։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհավորեց Թրամփին հաղթանակի կապակցությամբ, շեշտելով, որ «ԱՄՆ-ի ուժեղ և անսասան առաջնորդությունն էական է աշխարհի և արդար խաղաղության համար»։
Թրամփի հաղթանակով Մոսկվան առաջիկա ամիսներին հավանաբար ավելի ռիսկային կդառնա ուկրաինական ռազմադաշտում, քանզի կարծում է, որ տարածքային հետագա նվաճումներն իրեն ուժեղ դիրքեր կապահովեն խաղաղության հնարավոր բանակցությունների ժամանակ։ Թրամփի վարչակազմը հավանաբար առաջնահերթություն կտա Ուկրաինայում պատերազմը արագ ավարտելուն, եթե անգամ դա նշանակի Կիևին աջակցության կրճատում՝ նրան Մոսկվային զիջումներ հարկադրելու համար, որովհետև հավանաբար կգնահատի, որ Ուկրաինայի դիրքերի ամրապնդումը չափազանց թանկ է, և որ Միացյալ Նահանգները պետք է վերակենտրոնանա Հնդկա-խաղաղօվկիանոսական տարածաշրջանում Չինաստանին հակազդելու վրա։
Ռուսաստանը կարծում է, որ Թրամփի առաջիկա վարչակազմը քաղաքական վճռականություն կամ ռազմավարական կարողություն չունի բանակցային սեղանին իր ամենակարևոր պահանջներին հակադրվելու համար, մասնավորապես՝ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական անձնակազմ չտեղակայելուն՝ համաձայն 2022-ի ապրիլին Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների։ Մոսկվան հավանաբար կպնդի նաև, որ Եվրոպայի անվտանգության ճարտարապետության վերաբերյալ հավելյալ համաձայնագիր ստորագրվի։
Թեև որոշ հանրապետականներ ճնշում կգործադրեն Թրամփի վարչակազմի վրա՝ բանակցություններից առաջ Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու համար՝ պահպանելով կամ նույնիսկ ավելացնելով ռազմական աջակցությունը Կիևին, շատ բան կախված կլինի Թրամփի՝ հունվարին պաշտոնը ստանձնելուց առաջ Բայդենի «կաղ բադի» ժամանակաշրջանի պայմաններից։ Օրինակ, առաջիկա շաբաթներին Բայդենի հեռացող վարչակազմը կարող է Ուկրաինային մատակարարել ավելի հեռահար զենքեր, քանի որ Թրամփի երդմնակալությունից առաջ բաշխում է Ուկրաինային անվտանգության աջակցության մնացած ավելի քան 6 մլրդ դոլարը։
Քանի որ Մոսկվան նույնպես ցանկանում է բանակցությունների մտնել ուժեղ դիրքերից, նա ևս հավանաբար լրացուցիչ բյուջետային միջոցներ կծախսի և ավելի համարձակ կդառնա իր հարձակման մեջ՝ ձգտելով, որ ցանկացած բանակցություն տեղի ունենա ռուսական բանակի առաջխաղացման պայմաններում, ինչին Ռուսաստանը միանգամայն կարողունակ է հաջորդ տարի։
2022-ի ապրիլի 15-ի «Ուկրաինայում իրավիճակի կարգավորման և Ուկրաինայի չեզոքության մասին պայմանագրի» վերջնական նախագիծը, որը հաճախ կոչում են Ստամբուլյան համաձայնագիր, կամրագրեր Ուկրաինայի՝ ապագայում Ռուսաստանին ռազմական դիմադրություն ցույց տալու անկարողությունը՝ սահմանափակելով ուկրաինական բանակի թվակազմը 85,000 զինվորով, ինչը ռուսական առաջխաղացմանը դիմադրելու համար ներկայում մոբիլիզացված քանակի տասներորդից էլ պակաս է. տանկերը կսահմանափակվեին 342 միավորով, հետևակի մարտական մեքենաները՝ 1,029 միավորով, հրետանին՝ 762 միավորով։ Ի թիվս այլ համակարգերի սահմանափակումների՝ Ուկրաինային արևմտյան աջակցությունը կսահմանափակվեր շատ ավելի ցածր մակարդակով, քան անհրաժեշտ կլիներ ինքնապաշտպանության համար։
Ամերիկյան աջակցության հնարավոր նվազման դեպքում Ուկրաինայի կառավարությունը հավանաբար կառերեսվի պատերազմը շարունակելու ռազմավարության դեմ աճող ներքին ճնշմանը և քննադատությանը։ Ուկրաինայում Թրամփի հաղթանակը կավելացնի հարցադրումները (թե՛ բնակչության, թե՛ երկրի քաղաքական և ռազմական վերնախավի շրջանում) Կիևի ընդհանուր ռազմավարության վերաբերյալ այն միջավայրում, որտեղ Միացյալ Նահանգները կասկածամտորեն է վերաբերվում Ուկրաինային աջակցության ավելացմանը կամ նույնիսկ պահպանմանը՝ էլ չասած անվտանգության երաշխիքների կամ ռազմական կարողությունների տրամադրման մասին, որոնք անհրաժեշտ կլինեին Ռուսաստանի նոր ներխուժումը հուսալիորեն կանխելու համար, եթե անգամ Ուկրաինան ընդուներ Մոսկվայի ներկա տարածքային պահանջները, այդ թվում՝ չորս բռնակցված շրջանների, որոնց վրա Մոսկվայի վերահսկողությունն ամբողջական չէ, և Ղրիմի մասով։
Այդ իսկ պատճառով էլ ՆԱՏՕ-ին անդամակցությունը և ոչ միջուկային ռազմավարական զսպման կարողությունները Զելենսկու «հաղթանակի պլանի» գերակա առաջնահերթությունն էին, որը հոկտեմբերին նա ներկայացրել էր Վաշինգտոնին և եվրոպական մայրաքաղաքներին և, ըստ պնդումների, դա նույնիսկ ենթադրում էր Մոսկվային հարվածելու Tomahawk թևավոր հրթիռների տրամադրում։
Թեև ուկրաինացիներից շատերը կարծում են, որ երկրի միակ կենսունակ տարբերակներն են կա՛մ Ռուսաստանի թելադրած պայմանների ընդունումը, կա՛մ դիմադրության շարունակումը, ռազմադաշտում ռուսական բանակի առաջխաղացումը կասեցնելու հնարավորության վերաբերյալ թերահավատությունը շարունակելու է աճել։
Կաճի նաև Ուկրաինայի վրա ճնշումը՝ համապատասխանեցնելու իր դիրքորոշումը Թրամփի վարչակազմի՝ Մոսկվայի հետ բանակցելու փորձերին։ Այս ջանքերը հազիվ թե արդյունք տան տարվա առաջին կեսին, քանի որ ռուսական ուժերը հավանաբար կշարունակեն առաջխաղացումը, իսկ Կիևը կշարունակի հենվել Միացյալ Նահանգների և եվրոպական գործընկերների նախապես հաստատված ռազմական աջակցության վրա՝ տարածքային ծանր զիջումներից խուսափելու համար։ Սակայն բանակցությունների՝ համաձայնագրի հասնելու հավանականությունը կմեծանա 2025-ի երկրորդ կեսին, քանի որ Կիևի դիրքերը գնալով ավելի հուսահատ կդառնան։
Ըստ Կիևի «Ռազումկով» կենտրոնի սեպտեմբերյան հարցման, որին մասնակցել է 2,016 մարդ, ուկրաինացիների ավելի քան երկու երրորդը կարծում է, որ ժամանակն է սկսել խաղաղության բանակցությունները Ռուսաստանի հետ։ Այս թիվը 14 տոկոսային կետով ավելի է, քան անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Հոդվածը անգլերեն՝ How the U.S. Election Will Impact the War in Ukraine
Civilnet










