Ֆրենսիս Ֆուկույամա. ինչ է նշանակում Թրամփի երկրորդ ժամկետը

Նշանավոր քաղաքագետ և փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույաման Financial Times թերթում ծավալուն հոդված է հրապարակել ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրության հնարավոր հետևանքների մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։
Դոնալդ Թրամփի և Հանրապետական կուսակցության ջախջախիչ հաղթանակը կհանգեցնի մեծ փոփոխությունների կարևոր ոլորտներում՝ սկսած ներգաղթից մինչև Ուկրաինա: Սակայն ընտրությունների նշանակությունը շատ ավելի հեռուն է գնում, քան այս կոնկրետ հարցերը, և ամերիկացի ընտրողների կողմից լիբերալիզմի և դա «ազատ հասարակության» ընկալման վճռական մերժումն է, որը զարգացել էր 1980-ականներից ի վեր:
2016-ին, երբ Թրամփն առաջին անգամ ընտրվեց, հեշտ էր հավատալ, թե դա շեղում էր: Նա մրցում էր թույլ հակառակորդի դեմ, որը լուրջ չէր ընդունում իրեն, և, այնուամենայնիվ, Թրամփը չհաղթեց ընտրողների քվեների մեծամասնությամբ: Երբ Բայդենը չորս տարի անց հաղթեց, թվում էր, թե ամեն ինչ վերադարձել է նորմալ հուն՝ աղետալի մեկ ժամկետանոց նախագահությունից հետո:
Նոյեմբերի 5-ի քվեարկությունից հետո այժմ թվում է, որ անոմալիան հենց Բայդենի նախագահությունն էր, և որ Թրամփը նոր դարաշրջան է բացում ԱՄՆ քաղաքականության մեջ ու, հնարավոր է, ամբողջ աշխարհի համար: Ամերիկացիները քվեարկում էին՝ լավ իմանալով, թե ով է Թրամփը և ինչ է նա ներկայացնում: Ձայների մեծամասնությամբ նրա հաղթանակին գումարվեց այն, որ հանրապետականները վերագրավեցին Սենատը և, թվում է, պահպանելու են Ներկայացուցիչների պալատը: Հաշվի առնելով նրանց ներկա գերակայությունը Գերագույն դատարանում՝ հանրապետականներն այժմ վերահսկելու են իշխանության բոլոր հիմնական ճյուղերը:
Բայց ինչպիսի՞ն է ամերիկյան պատմության այս նոր փուլի հիմնական բնույթը:
Դասական լիբերալիզմը դոկտրին է՝ կառուցված անհատների հավասար արժանապատվության նկատմամբ հարգանքի շուրջ՝ նրանց իրավունքները պաշտպանող օրենքի գերակայության և պետության՝ այդ իրավունքները խախտելու կարողության նկատմամբ սահմանադրական սահմանափակումների միջոցով։ Սակայն վերջին կես դարում հիմնական այդ մղումը ենթարկվել է երկու մեծ աղավաղումների: Առաջինը «նեոլիբերալիզմի» վերելքն էր՝ տնտեսական դոկտրին, որը սրբագործեց շուկաները և նվազեցրեց կառավարությունների՝ տնտեսական փոփոխություններից տուժածներին պաշտպանելու կարողությունը: Աշխարհն ընդհանուր առմամբ շատ ավելի հարուստ դարձավ, թեև բանվոր դասակարգը կորցրեց աշխատատեղերն ու հնարավորությունները: Արդյունաբերական հեղափոխության նախասկզբնական երկրներից ուժը սկսեց տեղափոխվել դեպի Ասիա և զարգացող աշխարհի այլ մասեր:
Երկրորդ աղավաղումը ինքնության քաղաքականության կամ այսպես ասած «արթուն լիբերալիզմի» (woke liberalism) վերելքն էր, որտեղ աշխատավոր դասակարգի նկատմամբ առաջադիմական մտահոգությունը փոխարինվեց մարգինալացված խմբերի ավելի նեղ շրջանակի թիրախային պաշտպանությամբ՝ ռասայական փոքրամասնություններ, ներգաղթյալներ, սեռական փոքրամասնություններ և նման այլ խմբեր: Պետական իշխանությունն ավելի ու ավելի էր օգտագործվում ոչ թե անաչառ արդարադատության, այլ այս խմբերի համար կոնկրետ սոցիալական արդյունքներ խթանելու համար:
Միևնույն ժամանակ, աշխատանքային շուկաները տեղափոխվում էին տեղեկատվական տնտեսություն: Մի աշխարհում, որտեղ աշխատողների մեծ մասը նստում էր համակարգչի էկրանի առջև, այլ ոչ թե ծանր առարկաներ էր բարձրացնում գործարանների արտադրամասերում, կանայք ավելի հավասար հիմքեր ստացան: Սա փոխակերպեց ուժերի հարաբերակցությունը տնային տնտեսություններում և հանգեցրեց կանանց ձեռքբերումների կարծես թե շարունակական հաջողության զգացողությանը:
Լիբերալիզմի աղավաղված այս ընկալումների վերելքը հանգեցրեց քաղաքական իշխանության սոցիալական հիմքի մեծ տեղաշարժի: Աշխատավոր դասակարգը զգաց, որ ձախակողմյան քաղաքական կուսակցություններն այլևս չեն պաշտպանում իրենց շահերը, և սկսեց քվեարկել աջակողմյան կուսակցությունների օգտին: Այսպիսով, դեմոկրատները կորցրին կապը իրենց աշխատավոր դասակարգի զանգվածի հետ և դարձան կրթված քաղաքային մասնագետների գերակշռությամբ կուսակցություն: Առաջինները որոշեցին քվեարկել հանրապետականների օգտին:
Եվրոպայում Ֆրանսիայի և Իտալիայի կոմունիստական կուսակցության ընտրողները լքեցին իրենց կուսակցությունները՝ անցնելով Մարին Լը Պենի և Ջորջիա Մելոնիի կողմը: Այս բոլոր խմբերը դժգոհ էին ազատ առևտրի համակարգից, որը վերացրել է իրենց կենսամիջոցները՝ միաժամանակ ստեղծելով գերհարուստների նոր դաս։ Նրանք նույնպես դժգոհ էին առաջադիմական կուսակցություններից, որոնք, կարծես թե, ավելի շատ մտահոգված էին օտարերկրացիներով և շրջակա միջավայրով, քան իրենց վիճակով:
Սոցիոլոգիական այս մեծ փոփոխություններն արտացոլվեցին նոյեմբերի 5-ի քվեարկության օրինաչափություններում: Հանրապետականների հաղթանակը կառուցված էր սպիտակամորթ աշխատավոր դասակարգի ընտրողների շուրջ, սակայն 2020-ի ընտրությունների համեմատ Թրամփին հաջողվեց էապես ավելի շատ սևամորթ և իսպանախոս աշխատավոր դասակարգի ընտրողներ գրավել: Սա հատկապես վերաբերում է այս խմբերի տղամարդ ընտրողներին: Նրանց համար դասակարգային պատկանելությունն ավելի կարևոր էր, քան ռասան կամ էթնիկ պատկանելությունը:
Օրինակ, չկա որևէ հատուկ պատճառ, թե ինչու աշխատավոր դասակարգի լատինոամերիկացին պետք է հատկապես տարված լինի «արթուն լիբերալիզմով», որը նախապատվություն է տալիս վերջերս ժամանած անօրինական ներգաղթյալներին և կենտրոնանում է կանանց շահերը առաջ մղելու վրա: Նաև պարզ է, որ աշխատավոր դասակարգի ընտրողների ճնշող մեծամասնությունը պարզապես չէր մտահոգվում լիբերալ կարգին՝ ներքին և միջազգային սպառնացող վտանգով, որը հատկապես ներկայացնում էր Թրամփը:
Դոնալդ Թրամփը ոչ միայն ցանկանում է հետ շրջել նեոլիբերալիզմը և «արթուն լիբերալիզմը», այլև մեծ սպառնալիք է հենց դասական լիբերալիզմի համար: Այս սպառնալիքը տեսանելի է քաղաքական բազմաթիվ հարցերում. Թրամփի նոր նախագահությունը ոչնչով չի նմանվելու նրա առաջին ժամկետին: Հիմա իրական հարցն այն չէ, թե որքան չարամիտ են նրա մտադրությունները, այլ այն, թե նա իրականում կկարողանա՞ արդյոք իրականացնել այն, ինչ սպառնում է:
Շատ ընտրողներ պարզապես լուրջ չեն ընդունում նրա հռետորաբանությունը, մինչդեռ հիմնական հոսանքի հանրապետականները պնդում են, որ ամերիկյան համակարգի զսպումների և հակակշիռների մեխանիզմը կխոչընդոտի նրան՝ իրականացնելու իր վատթարագույն մտադրությունները: Սա սխալ է. մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք նրա հայտարարած մտադրություններին:
Թրամփը ինքնահռչակ պրոտեկցիոնիստ է, որն ասում է, թե «մաքսատուրք»-ը անգլերենի ամենագեղեցիկ բառն է: Նա առաջարկել է 10 կամ 20 տոկոս մաքսատուրք արտերկրում արտադրված բոլոր ապրանքների համար՝ անկախ նրանից, դրանք արտադրվել են բարեկամների, թե թշնամիների կողմից, և դրա համար նրան Կոնգրեսի թույլտվությունը պետք չէ:
Ինչպես նշել են բազմաթիվ տնտեսագետներ, պրոտեկցիոնիզմի այս մակարդակը խիստ բացասական ազդեցություն կունենա գնաճի, արտադրողականության և զբաղվածության վրա: Այն խիստ խաթարող ազդեցություն կունենա մատակարարման շղթաների վրա, ինչը կստիպի տեղական արտադրողներին բացառություններ խնդրել այն ամենի համար, ինչը կհանգեցնի ծանր հարկերի: Սա հետո հնարավորություն է ստեղծում բարձր մակարդակով կոռուպցիայի և հովանավորչության համար, քանի որ կորպորոացիաները կշտապեն հայտնվել նախագահի բարեհաճության ներքո:
Այս մակարդակի մաքսատուրքերը նաև նույնքան մասշտաբային հակաքայլերի կհանգեցնեն այլ երկրների կողմից՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ առևտուրը (և հետևաբար՝ եկամուտները) փլուզվում են: Հնարավոր է՝ Թրամփը նահանջի այս իրավիճակի առջև. նա կարող է նաև արձագանքել այնպես, ինչպես արեց Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, որը պարզապես երկրի վիճակագրական գործակալության ցուցանիշները հարմարեցրեց իր ուզածով:
Ինչ վերաբերում է ներգաղթին, Թրամփն այլևս պարզապես չի ուզում փակել սահմանը. նա ցանկանում է արտաքսել երկրում արդեն իսկ գտնվող 11 միլիոն անփաստաթուղթ ներգաղթյալներից հնարավորինս շատերին: Վարչական առումով սա այնքան մեծ խնդիր է, որ կպահանջի տարիների ներդրումներ անհրաժեշտ ենթակառուցվածքներում՝ կալանավայրեր, ներգաղթի վերահսկման գործակալություններ, դատարաններ և այլն:
Այն կործանարար ազդեցություն կունենա ներգաղթյալների աշխատուժի վրա հենվող բազմաթիվ ոլորտների վրա, հատկապես շինարարության և գյուղատնտեսության ասպարեզում: Այն նաև հսկայական մարտահրավեր կլինի բարոյական առումով, քանի որ ծնողներին կբաժանի նրանց քաղաքացի երեխաներից, և կստեղծի քաղաքացիական հակամարտության տեսարան, քանի որ անփաստաթուղթ ներգաղթյալների մեծ մասն ապրում է կապույտ իրավազորություններում (վայրեր, որտեղ ազդեցիկ են դեմոկրատները)։ Եվ նրանք կանեն հնարավոր ամեն ինչ, որ թույլ չտան Թրամփը հասնի իր նպատակին:
Ինչ վերաբերում է օրենքի գերակայությանը, այս քարոզարշավի ընթացքում Թրամփը բացառապես կենտրոնացած էր վրեժխնդրության վրա՝ այն անարդարությունների համար, որոնք, նրա կարծիքով, ինքը կրել է իր քննադատների կողմից: Նա խոստացել է օգտագործել արդարադատության համակարգը՝ հետապնդելու բոլորին՝ սկսած Լիզ Չեյնիից և Ջո Բայդենից մինչև ԱՄՆ բանակի գլխավոր շտաբի պետ Մարկ Միլին և նախկին նախագահ Բարաք Օբամային:
Նա ցանկանում է լռեցնել մեդիա քննադատներին՝ զրկելով նրանց լիցենզիաներից կամ նրանց վրա տուգանքներ դնելով: Պարզ չէ՝ Թրամփն արդյոք կունենա՞ այս ամենն անելու իշխանություն. դատական համակարգը նրա առաջին ժամկետի ընթացքում եղել է նրա ծայրահեղությունների դեմ ամենակայուն պատնեշներից մեկը: Սակայն հանրապետականները կայուն կերպով աշխատել են իրենց համակիր դատավորներին համակարգ ներմուծելու ուղղությամբ, ինչպես օրինակ՝ Ֆլորիդայի դատավոր Էյլին Քենոնը, որը մերժեց Թրամփի դեմ հարուցված գաղտնի փաստաթղթերի ուժեղ գործը:
Փոփոխություններ միջազգային կարգում
Ամենակարևոր փոփոխություններից մի քանիսը տեղի կունենան արտաքին քաղաքականության և միջազգային կարգի բնույթի մեջ: Ուկրաինան միանշանակ ամենամեծ պարտվողն է. նրա ռազմական պայքարը Ռուսաստանի դեմ թուլանում էր նույնիսկ ընտրություններից առաջ, և Թրամփը կարող է ստիպել նրան հաշտության գնալ Ռուսաստանի պայմաններով՝ զենքի մատակարարումը դադարեցնելով, ինչը վեց ամիս շարունակ արեց Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատն անցյալ ձմռանը:
Թրամփը մասնավոր զրույցներում սպառնացել է դուրս գալ ՆԱՏՕ-ից, բայց նույնիսկ եթե չանի դա, նա կարող է լրջորեն թուլացնել դաշինքը՝ չհետևելով նրա 5-րդ հոդվածի փոխադարձ պաշտպանության երաշխիքին: Եվրոպայում չկան առաջատարներ, որոնք կարող են փոխարինել Ամերիկային որպես դաշինքի առաջնորդ, այնպես որ նրա՝ Ռուսաստանին և Չինաստանին դիմակայելու ապագա կարողությունը լուրջ կասկածի տակ է:
Ընդհակառակը, Թրամփի հաղթանակը կոգեշնչի եվրոպական այլ պոպուլիստների, ինչպիսիք են «Գերմանիայի այլընտրանքը» և Ֆրանսիայի «Ազգային ճակատը»: ԱՄՆ-ի Արևելյան Ասիայի դաշնակիցներն ու բարեկամները բոլորովին ավելի լավ վիճակում չեն: Թեև Թրամփը կոշտ է խոսել Չինաստանի մասին, նա հիանում է Սի Ծինփինով՝ վերջինիս ուժեղ առաջնորդի հատկանիշների համար, և կարող է պատրաստ լինել նրա հետ գործարքի գնալ Թայվանի հարցում:
Թրամփը կարծես բնածին հակակրանք ունի ռազմական ուժի կիրառման նկատմամբ, բայց մեկ բացառություն կարող է լինել Մերձավոր Արևելքը, որտեղ նա, հավանաբար, ամբողջ սրտով կաջակցի Նեթանյահուի պատերազմներին Համասի, Հեզբոլլահի և Իրանի դեմ:
Կան լուրջ պատճառներ մտածելու, որ Թրամփն այս օրակարգն իրականացնելիս շատ ավելի արդյունավետ կլինի, քան իր առաջին ժամկետում: Նա և հանրապետականները հասկացել են, որ քաղաքականության իրականացումը ամբողջովին կախված է կադրերից: 2016-ին իր առաջին ընտրության ժամանակ նա պաշտոնը չստանձնեց ոլորտային խորհրդականների խմբով շրջապատված. փոխարենը, նա ստիպված էր հենվել իսթեբլիշմենթի հանրապետականների վրա:
Շատ դեպքերում նրանք արգելափակում, շեղում կամ դանդաղեցնում էին նրա հրամանները: Իր ժամկետի վերջում նա հրապարակեց գործադիր հրաման՝ ստեղծելով նոր «Schedule F», որը դաշնային բոլոր աշխատողներին կարող էր զրկել իրենց աշխատանքային պաշտպանությունից և թույլ տալ ազատել ցանկացած պաշտոնյայի: «Schedule F»-ի վերականգնումը Թրամփի երկրորդ ժամկետի ծրագրերի առանցքում է, և պահպանողականները զբաղված են հնարավոր պաշտոնյաների ցուցակներ կազմելով, որոնց հիմնական որակավորումը Թրամփի հանդեպ անձնական հավատարմությունն է: Սա է պատճառը, որ այս անգամ նա, առավել հավանական է, որ կիրականացնի իր ծրագրերը:
Ընտրություններից առաջ քննադատները, այդ թվում՝ Քամալա Հարիսը, Թրամփին մեղադրում էին ֆաշիստ լինելու մեջ: Սա սխալ է այնքանով, որ նա չի պատրաստվում ԱՄՆ-ում տոտալիտար ռեժիմ հաստատել: Փոխարենը, կլինի լիբերալ ինստիտուտների աստիճանական քայքայում, ինչը տեղի ունեցավ Հունգարիայում Վիկտոր Օրբանի օրոք 2010-ից հետո:
Այս քայքայումն արդեն սկսվել է, և Թրամփը զգալի վնաս է հասցրել: Նա խորացրել է հասարակության ներսում առկա արդեն իսկ զգալի բևեռացումը և ԱՄՆ-ը բարձր վստահության հասարակությունից վերածել է ցածր վստահության հասարակության. նա դիվայնացրել է կառավարությանը և թուլացրել այն համոզմունքը, որ այն ներկայացնում է ամերիկացիների կոլեկտիվ շահերը. նա խստացրել է քաղաքական հռետորաբանությունը և տեղ տվել խտրականության և կնատյացության բացահայտ դրսևորումների համար։ Եվ նա համոզել է հանրապետականների մեծամասնությանը, որ իր նախորդը ոչ լեգիտիմ նախագահ էր, որը գողացել է 2020-ի ընտրությունները:
Հանրապետականների հաղթանակի վիթխարիությունը, որը տարածվում է նախագահությունից մինչև Սենատ և հավանաբար նաև Ներկայացուցիչների պալատ, կմեկնաբանվի որպես քաղաքական ուժեղ մանդատ, որը հաստատում է այս գաղափարները և թույլ է տալիս Թրամփին գործել ինչպես ցանկանում է: Մենք կարող ենք միայն հույս ունենալ, որ ինստիտուցիոնալ մնացած պաշտպանիչ արգելքներից մի քանիսը կմնան իրենց տեղում: Բայց հնարավոր է, որ իրավիճակը շատ ավելի վատթարանա, նախքան բարելավվելը:
Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի
Civilnet










