Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել Ուկրաինան. Washington Post

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Սա նրանց առաջին զրույցն է ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո։ Մոսկվան և Վաշինգտոնը հեռախոսազրույցի մասին պաշտոնապես (դեռ) չեն հաղորդել:
Ըստ լրատվամիջոցի՝ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը Պուտինին «խորհուրդ է տվել չսրել պատերազմն Ուկրաինայում» և հիշեցրել է Եվրոպայում ԱՄՆ զգալի ռազմական ներկայության մասին: Թրամփը Ուկրաինայում «պատերազմի շուտափույթ լուծման հարցում» բանակցությունների հետաքրքրություն է հայտնել։
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը հայտարարում էր, որ վերջ է դնելու Ուկրաինական հակամարտությանը՝ առանց մանրամասնելու, թե ինչպես։ «Նա հասկացրել է, որ կաջակցի այն գործարքին, որով Ռուսաստանը կպահպանի գրավյալ տարածքների մի մասը, և Պուտինի հետ զրույցի ընթացքում հակիրճ բարձրացրել է սահմանների հարցը»,- գրում է Washington Post-ը։
Մոսկվան սառն էր արձագանքել ընտրություններում Թրամփի հաղթանակին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը մտադիր չէ զանգահարել «ոչ բարեկամական երկրի նոր նախագահին, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված է մեր դեմ պատերազմում»: Նոյեմբերի 7-ին, սակայն, Պուտինը հրապարակավ շնորհավորել էր Թրամփին հաղթանակի կապակցությամբ և հայտարարել էր, որ «պատրաստ է» խոսել նրա հետ:
Civilnet










