Չինաստանը ԵՄ-ի «ամենաբարդ առևտրային գործընկերն» է

Եվրամիության առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով ապագա հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտարարել է, որ Չինաստանը ԵՄ-ի «ամենաբարդ առևտրային գործընկերն» է և խոստացել է «ամբողջ ուժով» պայքարել Չինաստանից արտահանվող ապրանքների գերարտադրության դեմ: Շեֆչովիչը հանձնակատարի պաշտոնը կստանձնի Եվրախորհրդարանի հաստատումը այս ամիս ստանալուց հետո։
Շեֆչովիչը, որը համարվում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մտերիմ դաշնակիցը, երկուշաբթի Եվրախորհրդարանի անդամների երեքժամանոց հարցուպատասխանի ընթացքում հավատարիմ է մնացել վերջին երեք տարիների իր կոշտ գծին։
Նա նշել է, որ ազատ առևտրի և պրոտեկցիոնիզմի միջև լարվածության պայմաններում առաջնահերթության նժարը թեքվում է դեպի տնտեսական անվտանգություն։ Սլովակիան ներկայացնող պաշտոնյան ավելի, քան նրա նախորդը՝ Վալդիս Դոմբրովսկին, կողմ է, որ ԵՄ-ն «ավելի ուժեղ տեսլական» ունենա առևտրի հարցում։
«Մենք ամբողջ ուժով կպայքարենք Չինաստանի գերարտադրության դեմ, որը սպառնում է մեր արդյունաբերությանը Եվրոպայում»,- ասել է Շեֆչովիչը։
Նա նշել է, թե չինացի իր գործընկերներին ասել է, որ ԵՄ-ն «չի կարող հանդուրժել, երբ սուբսիդիաները նպատակաուղղված են չինական աշխատատեղերի պահպանմանը՝ եվրոպական աշխատատեղերի հաշվին»:
Նա ասել է, որ Չինաստանը ԵՄ-ի «երրորդ ամենամեծ և ամենաբարդ» առևտրային գործընկերն է և խոստացել է «վերահավասարակշռել» հարաբերությունները և «ավելի վճռական լինել կառուցվածքային անհավասարակշռության և անարդար գործելակերպի դեմ պայքարում», այդ թվում՝ «գերարտադրությանը նպաստող ոչ շուկայական քաղաքականության»:
Գերարտադրության հարցը վերջին ամիսներին դարձել է Բրյուսելի և Պեկինի միջև լուրջ հակասության առարկա:
Անցյալ շաբաթ Առևտրի համաշխարհային կազմակերպությունում տեղի ունեցած թեժ բանավեճի ընթացքում ԵՄ-ն և «Մեծ յոթնյակի» այլ անդամներ քննադատել են Չինաստանին «տասնամյակներ շարունակվող լայնածավալ պետական միջամտությունների» համար՝ պնդելով, որ կազմակերպության կանոնները հարմարեցված չեն Պեկինի քաղաքականությանը դիմակայելու համար:
Ի պատասխան՝ չինական պատվիրակությունը, ըստ բանավեճին ներկա աղբյուրների, խմբին մեղադրել է «մրցունակության թերությունն արդարացնելու համար կեղծ պատմույթներ տարածելու» մեջ:
ԵՄ-ն համարում է, որ Չինաստանի կողմից բարձր տեխնոլոգիական կամ մաքուր տեխնոլոգիական արտադրանքի սուբսիդավորումն ու ներքին դանդաղ սպառումը և այդ արտադրանքի արտահանումը Եվրոպա վնասում է եվրոպական ընկերություններին:
Ֆոն դեր Լեյենն այս խնդիրը դարձրել է Չինաստանի հետ իր ռազմավարության անկյունաքարը՝ ձգտելով կրճատել ԵՄ-ի կախվածությունը Չինաստանից ներկրվող կարևոր հանածոներից: Նա խոստացել է «ռիսկազերծել» Չինաստանի հետ կապերը, իսկ Շեֆչովիչը երկուշաբթի պարտավորվել է հետամուտ լինել նրա օրակարգին:
Եվրոպան շատ առումներով, ինչպես Արևմուտքի շատ այլ երկրներ, կախված է Չինաստանից՝ հումքի և վերամշակված հանքանյութերի մատակարարման հարցում, որոնք օգտագործվում են կանաչ անցման համար անհրաժեշտ ապրանքների արտադրության մեջ:
Թեև Շեֆչովիչը խուսափել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորների հարցին պատասխանելիս, թե արդյոք այս ամենը նշանակում է առևտրային նոր գործիք չինական գերարտադրության դեմ, նա աջակցություն է հայտնել ավանդական հակասուբսիդիոն և հակադեմպինգային գործիքներին, որոնք Եվրահանձնաժողովն ավելի հաճախ է օգտագործում վերջին տարիներին:
Մատնանշելով չինական պողպատե որոշ արտադրատեսակների դեմ ձեռնարկված հակադեմպինգային միջոցները՝ Շեֆչովիչը նշել է, որ ԵՄ-ն կրճատել է դրանց ներմուծումը «80 կամ 90 տոկոսով»:
«Սա այն մոտեցումն է, որին ես կդիմեի… եթե մրցակցությունն արդար չէ, եթե մրցակցային հավասար պայմանները չեն հարգվում»,- ավելացրել է նա:
Նա կողմ է չինական էլեկտրական մեքենաների նկատմամբ ԵՄ-ի հակասուբսիդիոն մաքսատուրքերին, որոնք ուժի մեջ են մտել անցյալ ամսվա վերջին՝ երկարատև քննությունից հետո, որը վերածվել էր քաղաքական բուռն վեճի:
Երկուշաբթի Պեկինը ԱՀԿ-ում գործ է հարուցել սրա դեմ:
«Ներկայում [ԵՄ առևտրի դեպարտամենտի] թիմը Չինաստանում է,- ասել է Շեֆչովիչը:- Մենք հասկանում ենք, որ Չինաստանը հետաքրքրված է այս բանակցություններով, բայց մեզ համար շատ կարևոր է... որ [համաձայնագիրը] լինի նույնքան արդյունավետ և կիրարկելի (որքան մաքսատուրքերը)»:
ԵՄ-ի կողմից չինական էլեկտրամոբիլների նկատմամբ մաքսատուրքերի սահմանմանն ի պատասխան՝ Պեկինը միջոցներ է ձեռնարկել ԵՄ-ի կաթնամթերքի, կոնյակի և խոզի մսի մասով։
Նա ասել է, որ Եվրահանձնաժողովը հուսով է երկխոսության միջոցով խուսափել Չինաստանի հետագա պատասխան քայլերից, սակայն եթե բանակցությունները ձախողվեն, «մենք ունենք արտակարգ իրավիճակների ծրագրեր»:
Խոսելով ռազմավարական կախվածությունների մասին՝ Շեֆչովիչը դեմ է արտհայատվել Չինաստանի հետ «տնտեսական հակամարտությանը»։ Նա նշել է, որ ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ն դադարեցրեց ռուսական գազի ներկրումը Ռուսաստանի՝ 2022-ի փետրվարին Ուկրաինա ներխուժումից հետո, նույնը հնարավոր է անել կարևոր հանքանյութերի հարցում՝ որպես օրինակ բերելով Ճապոնիայի ջանքերը Չինաստանից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ:
Շեֆչովիչը քննադատել է Եվրոպայում չինական էլեկտրոնային առևտրի հարթակների, մասնավորապես Temu-ի աճող առաքումները և նշել, որ Եվրոպան պետք է ակտիվանա՝ զարգացող աշխարհում Պեկինի հետ մրցակցելու համար:
«Մենք բանվորներով, բետոնով, ցեմենտով լի նավ չենք տանի»,- ասել է նա՝ ի պատասխան հարցի, թե ինչպես կարող է ԵՄ-ն մրցակցել Չինաստանի հետ երրորդ շուկաների շինարարական նախագծերում:
Չնայած կոշտ հռետորաբանությանը՝ Շեֆչովիչն այնուամենայնիվ պնդել է, որ հետաքրքրված չէ Չինաստանի հետ հետագա հակամարտությամբ:
«ԵՄ-ն հետաքրքրված չէ առևտրային պատերազմներով: Մենք ձգտում ենք վերահավասարակշռել մեր հարաբերությունները Չինաստանի հետ»,- ասել է նա:
Աղբյուրը՝ China ‘most challenging trade partner’, says EU’s next trade chief
Civilnet










