Գլխավոր Լրահոս

Կարտոֆիլն արեց այն, ինչ չի կարողանում անել ցորենը. պարենային անվտանգության շուրջ

Կարտոֆիլն արեց այն, ինչ չի կարողանում անել ցորենը. պարենային անվտանգության շուրջ

Լուսինե Վարդանյան

Հայաստանում արդեն տարիներ է, ինչ կարտոֆիլի արտադրությունը կազմակերպվում է հոլանդական բարձրարժեք տնկանյութերով։ Այսօր Հայաստանը կարտոֆիլի մասով հասել է ինքնաբավության աստիճանի և անգամ արտահանում է։ Ցորենի մասով, սակայն, Հայաստանը շարունակում է խիստ կախված մնալ ներմուծումից։ Որքանով են այս և այլ մշակաբույսերը կարևոր երկրի պարենային անվտանգության տեսանկյունից։ 

Հայաստանում 2023-ին ցորենի համախառն բերքը կազմել է 177,860 տոննա։ Քսան տարի առաջ այս թիվը 241,700 էր։ Տարեցտարի կրճատվում է նաև ցորենի ցանքատարածությունների մակերեսը: Եթե 2001-ին աշնանացան և գարնանացան ցորենի ցանքատարածությունները միասին 110,600 հա էին, 2023-ին այդ թիվը նվազել է մինչև 70,398 հա։

Ինքնաբավության աստիճանը, որը ցույց է տալիս, թե երկիրը սեփական միջոցներով ապրանքի պահանջարկի որ մասն է բավարարում, 2001-ին 45 տոկոս էր, 2020-ին՝ 24,4 տոկոս, իսկ 2023-ին՝ 28 տոկոս։ Ինքնաբավության աստիճանը ամենաբարձրը եղել է 2016-ին՝ 53,2 տոկոս, ինչից հետո շարունակ նվազել է։ Նախքան 2020-ի պատերազմը՝ Հայաստան ներկրվող ցորենի շուրջ մեկ քառորդը, տարբեր գնահատականներով, բերվում էր Արցախից։

Ցորենի կարիքը լրացվում է ներկրման միջոցով։ Ներկրվող ցորենի 95 տոկոսից ավելին բաժին է ընկնում Ռուսաստանին։

Պարենային անվտանգություն

Հայաստանում պարենային հիմնական ապրանքներից շատերի պահանջարկը բավարարվում է ներմուծման շնորհիվ՝ ցորեն, եգիպտացորեն, շաքարավազ, ձեթ, հատիկաընդեղեն։ Ինքնաբավության մակարդակը բարձր է, օրինակ, կարտոֆիլի, բանջարեղենի, բոստանային մշակաբույսերի, մրգերի, ոչխարի և այծի մսի, ձվի ու ձկան մասով։ Միջինից բարձր ինքնաբավության մակարդակ կա նաև տավարի և խոզի մսի ու կաթի առումով։

Ինչո՞ւ են նվազում ցորենի ցանքատարածությունները

Հայաստանն ունի ջրային ռեսուրսների կառավարման լուրջ խնդիր։ Չնայած ջրի պաշարների բավարար քանակին, գյուղատնտեսությունը ոռոգման ջրի պակաս ունի։

Հողային հաշվեկշիռը  ցույց է տալիս, որ վարելահողերի մակերեսը 443,000 հա է, որի 50 տոկոսը չի օգտագործվում։

Էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցորենի ցանքատարածությունների շուրջ 70 տոկոսը չի ոռոգվում։ Նախարարությունից ՍիվիլՆեթին հայտնում են, որ ցորենի ոռոգվող տարածքների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունեն։

Ցանքատարածությունների նվազման պատճառները տարբեր են՝ ցածր արտադրողականություն, նվազ եկամտաբերություն և այլն։ Էկոնոմիկայի նախարարությունից նշում են, որ Հայաստանում ցորենի միջին բերքատվությունը վերջին տասնամյակներին տատանվել է 22-25 ց/հա-ի սահմանում: Սա երկու-երեք անգամ պակաս է, քան գյուղատնտեսության զարգացման միջին մակարդակ ունեցող շատ երկրներում։

Իսկ ցածր բերքատվության հիմնական պատճառը ոռոգման ջրի անհասանելիությունը կամ անկայուն մատակարարումն է։ Պատճառներից են նաև ցանքերի ոչ լիարժեք պարարտացումը, չհավաստագրված սերմերի ցանքը և այլն։

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) տնօրեն Գագիկ Սարդարյանն ասում է, որ վերջին 60 տարում ցորենի արտադրողականությունը չի ավելացել։ Բացի այդ, հին տեխնոլոգիաների և կոմբայնների պատճառով բերքի 25-30 տոկոսը մնում է դաշտում։

Տե՛ս նաև՝ Ցածր բերքատվություն ու կաթնատվություն, ռազմավարության բաց. ինչու Հայաստանի գյուղատնտեսությունը մրցունակ չէ

«Այլ երկրներում այդ ընթացքում բերքատվության կրկնակի, եռակի աճ է գրանցվել։ Մեզ մոտ ինչպես խորհրդային տարիներին էր հեկտարից երկու տոննա բերք ստացվում, այնպես էլ այսօր է այդքան։ Մենք կարող ենք եղած քիչ, կտրտված հողերից նվազագույնը երկու անգամ ավել բերք ստանալ և դրանով լուծել պարենային անվտանգության մի մասը»,- նշում է նա։

Ռուսաստանում հացահատիկի մշակության հիմնական գոտիների բնակլիմայական պայմանները բարենպաստ են առանց ոռոգման կայուն և բարձր բերքատվություն ապահովելու համար։ Սա կարևոր նախապայման է ցորենի ինքնարժեքի համար։ Հայաստանը Ռուսաստանից ցորեն ներկրում է շատ ցածր գնով։ Սրա պատճառով է նաև, որ  Հայաստանում արտադրվող ցորենը դարձել է գնային առումով ոչ մրցունակ, իսկ մշակությունը՝ ցածր և ոչ եկամտաբեր։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անցյալ ամիս, անդրադառնալով ցորենի ինքնաբավության հարցին, ասել էր, որ Հայաստանում պետք է զարգացնել ինտենսիվ այգեգործությունը, որն ավելի արժեքավոր և եկամտաբեր գործընթաց է։

«Շատ վատ տնտեսական քաղաքականություն կլինի ու ես շատ կքննադատեմ տնտեսական քաղաքականություն մշակողին, որը ՀՀ-ի սահմանափակ հողային ռեսուրսը ինտենսիվ այգեգործության փոխարեն կօգտագործի ցորենի արտադրության համար»,- ասել էր նախարարը։

Ըստ Պապոյանի՝ Հայաստանում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է: Օրինակ, ըստ նրա, 1 հա ջրովի տարածքից ստացվում է 400,000 դրամի ցորեն, այն դեպքում, երբ ծախսվում է 420,000 դրամ:

Մինչև նախորդ տարի կառավարությունը սուբսիդավորում էր աշնանացան ցորենը։ Պետական աջակցության այս ծրագիրն ավարտվել է։ Ըստ Պապոյանի՝ տնտեսապես ոչ նպատակահարմար ծրագրեր չեն իրականացվում։

Գագիկ Սարդարյանը համաձայն չէ մտքին, թե ցորենը շահութաբեր չէ։ Նրա խոսքով՝ պիտի լինեն շահութաբերություն ապահովող շուկայական մեխանիզմներ։

«Արարատյան դաշտի խաղող արտադրողը ինչո՞ւ պիտի շարունակի արտադրելը։ Խաղողն էլ շահութաբեր չէ, եթե նույն տրամաբանությամբ նայենք։ Հայաստանի արտահանման հիմնական ճյուղը կոնյակն է, վերջերս նաև գինին»,- ասում է Սարդարյանը։

Նրա խոսքով՝ խաղող արտադրողն ամեն տարի կանգնում է իրացման խնդրի առաջ. «30 տարի է՝ նույն պտույտի մեջ ենք. խաղող արտադրողների համար չի ստեղծվել համակարգ, որ նա հստակ իմանա՝ ինչ շահույթ կունենա, ինչքան էլ որ գինը շուկայական է։ Նա խաղողը տնկում է 50-60 տարվա համար։ Ցորեն չէ, որ մի տարի չստացվեց, հաջորդ տարի կարտոֆիլ տնկի»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում