Գլխավոր Լրահոս

Գերիների հարցով ԱԺ հայտարարությունը չընդունվեց. ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը

Գերիների հարցով ԱԺ հայտարարությունը չընդունվեց. ՔՊ-ն չմասնակցեց քվեարկությանը

Ազգային ժողովը նոյեմբերի 12-ին չընդունեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած՝ «Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը:

Քվեարկությանը չմասնակցեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Նրանք դեմ էին՝ պնդելով, որ «ընդդիմությունը ցանկանում է գերիների հարցը վերածել քաղաքական կապիտալի»։

«Դուք լիովին անտարբեր եք գերիների ճակատագրի հանդեպ և միայն ցանկանում եք գերիների հարցը վերածել քաղաքական կապիտալի»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն անընդունելի համարեց ՔՊ-ի դիրքորոշումը։

«Այստեղ չկան ներքաղաքական շահեր։ Մենք ունենք և ունենալու ենք բազմաթիվ տարաձայնություններ։ Եթե սրան եք դեմ, ապա հայ ժողովրդին պետք է բացատրեք։ Եթե ձեր կարծիքով սա ինչ-որ քաղաքական խմբի, ներառյալ ընդդիմության համար քաղաքական շահ է, փոփոխություններ առաջարկեիք։ Եթե այդպիսի շահ էիք տեսնում, հանեիք այդ ձևակերպումները։ Հայ ժողովուրդն ուզում է, որ ազատ արձակվեն գերիներն ու պատանդները, ինչո՞ւ եք այս նպատակը փոխում այլ բանի»,- ասաց պատգամավորը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն էլ վստահեցրեց, թե Հայաստանի կառավարությունն ամեն օր աշխատում է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար։

Նախագիծը զեկուցող պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանն իր ելույթում շեշտեց, որ նախաձեռնությունը որևէ քաղաքական շահ չի հետապնդում։

«COP 29-ի շրջանակներում Ադրբեջանի նկատմամբ ուղղակի և անուղղակի ճնշումների գործադրումն առավել արդյունավետ է, և եթե պետությունն ակտիվ չգործի, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում, հետո ավելի բարդ կլինի»,- հայտարարեց Աբրահամյանը։

Այդուհանդերձ, ՔՊ-ն որոշեց չմասնակցել հայտարարության քվեարկությանը, և որոշումն այդպես էլ չընդունվեց։

https://civilnet.am/news/805097/%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%a8-%d5%af%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%ab-%d5%a2%d5%a1%d6%84%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%be%d5%b8%d5%b2-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a3%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a8/

Ադրբեջանական գերության մեջ է 23 հայ զինծառայող և քաղաքացիական անձ, որոնցից 17-ը 2023-ի ագրեսիայի հետևանքով գերեվարված անձինք են: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։

23 գերիների թվում են նաև Արցախի 8 ներկա ու նախկին պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։

Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարել է, որ հայկական կողմը փաստական տվյալներ ունի 44-օրյա պատերազմից հետո ևս 32 գերիների առկայության մասին, սակայն այս անձանց բռնի անհետացման փաստն Ադրբեջանը հերքում է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում