Գլխավոր Լրահոս

Հայաստանը պետք է զորակցեր Լիբանանին և դատապարտեր Լիբանանում տեղի ունեցողը․ Յակոբ Լատոյեան

Հայաստանը պետք է զորակցեր Լիբանանին և դատապարտեր Լիբանանում տեղի ունեցողը․ Յակոբ Լատոյեան

«Հեզբոլլահի» դեմ հոկտեմբերի 1-ից մեկնարկած՝ Իսրայելի ցամաքային գործողությունները և ռմբակոծությունները դեռ շարունակվում են։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ Լիբանանի վրա իսրայելական ռմբակոծությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 3 243-ի, վիրավորներինը՝ 14 134։ Զոհերի և վիրավորների մեջ հայեր չկան, չկա նաև պարենի ու դեղորայքի խնդիր, սակայն ինչ տրամադրություններ են տիրում Լիբանանի հայ համայնքի շրջանում․ այս ու մի շարք այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթը զրուցել է Լիբանանում առողջության ապահովագրման հայկական հիմնադրամի (Armenian Fund for Health Insurance in Lebanon, AFHIL) ազգային-հասարակական գործիչ Յակոբ Լատոյեանի հետ։

- Կներկայացնե՞ք՝ ինչ իրավիճակ է այժմ Լիբանանում ու հատկապես Լիբանանի հայաբնակ հատվածներում։

- Վերջին շաբաթների ընթացքում Լիբանանի հարավից սկսած մինչև Բեյրութի արվարձանները բավականին սաստիկ ռմբակոծությունների տակ են, բայց հայերով բնակեցված հատվածները ոչ մի վնաս չեն կրել և անվտանգ են։ Մեր վարժարաններն արդեն անցել են իրենց առօրյա գործունեությանը, ուղեկից միություններն, այսինքն՝ Հոմենթմենը, սկաուտական շարժումները, մշակութային շարժումները, բարեգործական միությունները վերականգնել են իրենց բնականոն ընթացքը։ Բայց, անշուշտ, պատերազմի այս ճնշիչ մթնոլորտը չի կարող չանդրադառնալ մեզ վրա։ Հեռանկարային իմաստով այն բազմաթիվ հարցերի առջև է մեզ  դնում և դնելու։ Տնտեսական ծանր պայմաններում ապրուստի, առողջապահական, կրթական համակարգի շարունակականությունն ապահովող դժվարություններ են ստեղծվելու և դրանք մեծ մտահոգություն են։

- Ստեղծված իրավիճակում կա՞ արդյոք խուճապ հայերի շրջանում։

- Հայերի շրջանում կան նաև տեղահանվածներ, որոնք ռմբակոծվող ու պատերազմական թեժ կետերից դուրս են եկել և այս պահին բնակություն են հաստատել ավելի հանգիստ ու ապահով շրջաններում, այսինքն՝ որպես այդպիսին ընտրել են մեր հատվածները։ Անշուշտ, դա էլ այլ խնդիրներ է ստեղծել թե՛ կենցաղային, թե՛ ապահովության։ Պատճառը հետևյալն է՝ նոր եկածները, իհարկե ոչ հայերի կողմից, թիրախավորվում և անհատապես հալածվում են, ինչի արդյունքում անապահով և մի քիչ զգայուն միջհամայնքային մթնոլորտ է ստեղծվել։ Բայց մեզ հետ, իբրև հայ համայնք, այդ սուր մթնոլորտը չկա։ Պետք է նշեմ նաև, որ այս շրջանում՝ վերջին շաբաթների ընթացքում, և՛ Առաջնորդականը, և՛ Հայկական  պատգամավորական գրասենյակը որոշակի նպաստներ և օգնություններ բաժանեցին՝ որպես բարի կամեցողություն նշան՝ միջհամայնքային գոյակցությունն ապահովելու համար։

- ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի փոխանցմամբ՝ հայերի շրջանում չկա պարենի, դեղորայքի կարիք։ Լիբանանի ՀՅԴ գրասնեյակն էլ օրեր առաջ փոխանցեց, որ հայերի թվում զոհեր ու վիրավորներ չկան։ Ի?նչ տվյալներ կարող եք հաղորդել այս մասով։

- Ճիշտ է, մենք զոհեր ու վիրավորներ չունենք, ոչ էլ շենքերի ու շինությունների վնասներ։ Մենք, ընդհակառակը, բոլորին վերաշխուժացնելու նպատակով բարեգործական միությունների հետ շարունակական ժողովների մեջ ենք, որպեսզի դեղորայքի, ապրուստի խնդիր չլինի։ Բնականաբար, անգործության ալիք կարող է սկսվել՝ շրջափակմամբ և պատերազմի այս մթնոլորտով պայմանավորված։ Այս իմաստով գործերն արդեն ընթացքի մեջ են։ 

- Լիբանանում Հայաստանի դեսպանատունը կապ պահո՞ւմ է հայերի հետ, օգնության ծրագրեր կա՞ն։

- Լիբանանում Հայաստանի դեսպանությունը համայնքի հետ ուղիղ կապ չունի, իր կապը կուսակցությունների հետ է։ Ինչպես գիտեք՝ Լիբանանում եկեղեցիներից անկախ գործում են կուսակցություններ և այդ կուսակցությունների ներկայացուցիչների հետ նախորդ շաբաթների ընթացքում հանդիպում տեղի ունեցավ, քննարկումներ անցկացվեցին, դրանից բացի հատուկ ոչինչ չկա։

- Նշեիք, որ այլ շրջաններից հայաբնակ շրջաններ տեղահանված հայեր կան, հետաքրքիր է իմանալ՝ Լիբանանում ապրող հայերի մոտ Հայաստան տեղափոխվելու ցանկություն կա՞ արդյոք։

- Կարող եմ ասել՝ Լիբանանը լքելու և Հայաստան վերադառնալու միտում և մթնոլորտ չկա։ Անշուշտ, այն ընտանիքները, որտեղ երեխայի ուսումը շարունակելու կամ աշխատանքը այստեղ շարունակելու խնդիրներ են  առաջացել, գալիս են Հայաստան, բայց տեղահանվելու կամ Հայաստան գաղթելու մթնոլորտ ու մտադրություն չկա։ Սակայն կրկնեմ՝ հորիզոնը բավական մութ է, բավականին երկար ժամանակ է՝ այս վիճակն է և դեռ պարզ չէ, թե որքան կշարունակվի։

- Ըստ ձեզ՝ ի՞նչ է այսօր լիբանանահայությունն ակնկալում Հայաստանի Հանրապետությունից։

- Մենք իբրև լիբանանահայություն Հայաստանի Հանրապետությունից սպասում էինք, որ գոնե իր զորակցությունը կհայտնի և կդատապարտի այս ամենը, մանավանդ, որ Հայաստանը վերջին շրջանում Պաղեստինի պետության ճանաչման կոչ արեց, և այսօր այս ներխուժման ամբողջ ընթացքում դատապարտման ոչ մի հայտարարություն չարեց։ Բացի այդ, ոչ մեր հայանքին, բայց հատկապես տեղահանվածների համար շատ երկրներ սկսեցին նպաստներ ուղարկել, նույնիսկ դա չարեց Հայաստանը։ Իբրև լիբանանցի, ոչ որպես լիբանանահայ եմ ասում, որպես բարեկամ երկիր Լիբանանը ադրբեջանական, իսլամական բանաձևերի դեմ է միշտ եղել, և դրան ի պատասխան զորակցության հայտարարության բացակայությունը մեզ համար զարմանալի էր։ 

Զրուցեց Գեղեցիկ Ոսկանյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում