Գլխավոր Լրահոս

Հայաստան-Ռուսաստան-Իրան ձևաչափը կարող է լուծել նաև «միջանցքի» հարցը. իրանցի փորձագետ

Հայաստան-Ռուսաստան-Իրան ձևաչափը կարող է լուծել նաև «միջանցքի» հարցը. իրանցի փորձագետ

Իրանական կողմը ջանալու է ստեղծել Հայաստան-Ռուսաստան-Իրան եռակողմ ձևաչափ, որի շրջանակներում հնարավոր կլինի հանգուցալուծել Սյունիքով անցնող ճանապարհի խնդիրը։ ՍիվիլՆեթը զրուցել է Իրան-Եվրասիա ուսումնասիրությունների ինստիտուտի՝ IRAS-ի փոխնախագահ Դավուդ Քիանիի հետ։ Նա վերլուծում է 3+3 տարածաշրջանային հարթակի զարգացման հեռանկարներն ու Հայաստան-Իրան տնտեսական կապերի խորացման հնարավորությունները։ ՍիվիլՆեթը ներկայացնում է իրանցի փորձագետի մտքերը Հայաստանի և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։

- Ղարաբաղյան պատերազմից հետո մի շարք հայ և իրանցի փորձագետներ կարծիք էին հայտնում, որ դրա հետևանքով բացի Հայաստանից, վնասվել և թուլացել էին նաև Իրանի դիրքերը։ Արդյոք այդ պատկերը ներկայում փոխվե՞լ է, և Ձեր կարծիքով՝ Հայաստանի և Իրանի համագործակցությունը տարածաշրջանում ինչպե՞ս կարող է ազդել տարածաշրջանային փոփոխությունների վրա։

- 2020-ին պատերազմի համատեքստում Իրանի համար նախընտրելի էր, որ այն չծագեր, և Հայաստանն ու Ադրբեջանը իրենց հակասությունները լուծեին տարածաշրջանային քննարկումների միջոցով։ Սակայն դա տեղի չունեցավ։ Եվ երբ Ադրբեջանը առաջխաղացում ապահովեց, Իրանում անհանգստություններն աճեցին։ Մեր հասարակության մի մասը կարծում էր, որ Ղարաբաղը պետք է վերադառնա Ադրբեջանին, իսկ մյուս մասը, որ խնդիրը պետք է լուծվի բանակցային ճանապարհով։ Սակայն հետագայում մտահոգության տեղիք տվեց Կովկասում Թուրքիայի ներկայության ամրապնդումը։ Ադրբեջանը գործնականում այդ երկիրն իր հետ Կովկաս բերեց։ Հետո Ռուսաստանը երկու տարի անց պասիվություն ցուցաբերեց և ի հեճուկս կանխատեսումների՝ թույլ տվեց, որ Թուրքիան Կովկասում ակտիվանա՝ դրանով ավելի բարձրացնելով Ադրբեջանի կշիռը։ Դա անհանգստության մի մասն էր։

Մյուս անհանգստությունը Իրան-Հայաստան սահմանի խաթարմանն էր վերաբերում, որն էլ կապված էր «Զանգեզուրի միջանցքի» հարցի հետ։ Եթե այդ գաղափարն իրականանար, Հայաստանի ինքնիշխանությունն էր վտանգվելու, հայ-իրանական բնական սահմանը կվնասվեր։

Եվ չնայած որ Հայաստանը բացարձակապես համաձայն չէ այդ մտադրության հետ, ընդդիմանում է, տեղի չի տվել իր ինքնիշխանությանը վերաբերող այս հարցում, սակայն Իրանում խնդրի շուրջ մտահոգությունները պահպանվում են։ Իրանը լրջորեն ընդդիմացավ և անգամ Հայաստանի հետ համագործակցությամբ ու Հայաստանի ցանկությամբ կամ էլ Իրանի առաջարկությամբ գլխավոր հյուպատոսություն բացեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում, որպեսզի նվազեցներ Ադրբեջանի ակնկալիքները։

Ներկայում Հայաստանը չնայած անցյալի վերքին, փորձում է նոր հնարավորություն ստեղծել։ Ակնհայտ է, որ հիմնական առանցքը վերաբերում է  միջանցքների քննարկումներին և ապրանքների տարանցմանը, և այդ հարցում տարածաշրջանը շատ մեծ ներուժ ունի։ Իրանը շատ է ողջունում տարածաշրջանային համագործակցությունը։ Երբ ասում եմ՝ ողջունում է, դիվանագիտորեն չեմ ասում, այլ ինչպես որ կա։ Իրանը նպատակ ունի նվազեցնել տարածաշրջանում տարաձայնությունների մակարդակը: Արդյոք Իրանը կհաջողի՞ այդ գործում՝ պետք է սպասել, տեսնել, հետևել գործընթացներին։

- Հայտնի է, որ Երևանն ու Թեհրանը Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի հարցում միակարծիք են՝ այն պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո։ Սակայն Ռուսաստանը ճանապարհը տեսնում է իր ուժերի վերահսկողության տակ։ Այդպիսով՝ մի հետաքրքիր պատկեր է ստեղծվում․ մի կողմից Ռուսաստանն ու Իրանը ամուր կապեր ունեն, մյուս կողմից Հայաստանով անցնող ճանապարհի հարցում շահերի բախում է նկատվում։ Արդյոք այդպե՞ս է, և հնարավո՞ր է, որ Երևանն ու Թեհրանը կարողանան այս հարցում համոզել Մոսկվային։ 

Կարևոր հարց եք արծարծում։ Ինչպես նշեցիք, Իրանն ու Հայաստանը Ադրբեջանից Նախիջևան վերոնշյալ կապի վերաբերյալ խնդիր չեն տեսնում, չնայած, որ Իրանը նախապատվություն չունի այդ ծրագրի հարցում։ Իրանը խնդիր է տեսնում ոչ թե այդ ճանապարհի բացման, այլ դրա վերահսկողության հարցում։ 

2020-ի եռակողմ հայտարարությունից հետո մի քանի տարբերակներ քննարկվեցին․ սկզբում ռուսների ներկայությունը, հետո այն, որ Արևմուտքը պետք է վերահսկի այդ ճանապարհը, ինչին հայկական կողմն ընդդիմացավ։ Դա նշանակում է, որ Հայաստանը համաձայն չէ այդ հեռանկարին,  ուստի իրանական կողմն էլ համաձայն չէ։ Մեր նախապատվությունն այն է, որ ճանապարհն ամբողջապես գտնվի Հայաստանի վերահսկողության ներքո։ Հետևաբար անհրաժեշտ է խթանել տարածաշրջանային երկխոսությունը։ Առաջարկում եմ եռակողմ ձևաչափ, որում ընդգրկված կլինեն Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը։ Նման մի հայեցակարգ կա Ադրբեջանի, Թուրքիայի և որոշ չափով Վրաստանի միջև, սակայն այսպիսին չկա։

- Դուք կարծում եք՝ դա հնարավո՞ր է։

Իմ կարծիքով՝ Իրանը ջանալու է հասնել այդպիսի երկխոսության, սակայն կասկած ունեմ, որ Հայաստանը կընդունի այդ ծրագիրը: Հայաստանն իմ ընկալմամբ, արդարացի դրդապատճառներից ելնելով, ներկայում փորձում է հեռավորություն պահպանել Ռուսաստանից։ Չեմ ցանկանա ուռճացնել իրավիճակը, որովհետև Ռուսաստանի և Հայաստանի կապերը պատմական են և խորը, սակայն կողմերի միջև ինչպես Իրանում են ասում՝ «սև կատու է» անցել։ 

Նշածս եռակողմ ձևաչափը բխում է նաև Իրանի շահերից։ Այդ ձևաչափի քննարկումների շնորհիվ որոշ չափով և՛ միջանցքների հարցում կողմերի տեսակետներն ավելի կմոտենան, և՛ կլուծվեն Հայաստան-Իրան կապերին վերաբերող հարցեր, որոնցում մեծ դեր ունի Ռուսաստանը՝ հատկապես էներգետիկայի ոլորտում։ Բացի այդ, եռակողմ ձևաչափի քննարկումների նպատակներից մեկը կլինի այն, որ Հայաստանով անցնելիք ճանապարհի հարցը  ռուսական կողմի գիտությամբ որոշ ժամանակ սառեցվի և ապաակտիվացած մնա։ Սակայն եթե տարանցիկ ուղիների մասին քննարկումները նորից ակտիվանան, ապա նշածս հարթակի շնորհիվ ռուսները կհամոզվեն և թույլ կտան, որ ճանապարհը մի պարզ հաղորդակցային ուղի լինի, և այն ամբողջապես գտնվի Հայաստանի վերահսկողության ներքո։ 

Ես կարծում եմ, որ ռուսները պարտք են Հայաստանին, մասնավորապես Ղարաբաղի պատերազմի հարցում։ Եվ դրա հետևանքներից մեկն այն է, որ  Հայաստանը իր զենքը ստանում է այժմ Ֆրանսիայից, Հնդկաստանից։ Ռուսաստանը իր այդ պարտքը պետք է հատուցի Հայաստանի հետ հարաբերություններում, այլապես այդ բացն ավելի կմեծանա։ 

- Խոսենք 3+3 հարթակի մասին։ Ի՞նչ կարևորություն ունի այն Իրանի համար, և որքանո՞վ է այն արդյունավետ։

- Իմ կարծիքով ամենակարևոր երկիրը, որն աջակցում է այդ հարթակը, Իրանն է։ Քանի որ Իրանը շատ է ներգրավված Մերձավոր Արևելքում, չի ցանկանում, որ Կովկասում նույնպես լարվածություն ստեղծվի։ Իրանի ռազմավարական նպատակն այն է, որ տարածաշրջանում համագործակցություն ու կայունություն հաստատվի։ Դա նաև Իրանի համար տնտեսական օգուտներ կբերի, մանավանդ եթե խոսքը միջանցքների մասին է՝ լինի Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, թե՛ Հյուսիս-Հարավ ծրագիրը։ 

Իրանը հետաքրքրված է Կովկասի կայունությամբ, հետևաբար նաև՝ 3+3 հարթակով։ Հայաստանը, հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները, գուցե նույնպես հետաքրքրված է այդ հարթակով, սակայն ոչ այնքան, որքան Իրանը։ 

Թուրքերը նույնպես ողջունում են, սակայն ոչ, իհարկե, իրանցիների պես ակտիվ։ Սակայն երբ նրանք իրենց հարկի տակ այդ հարթակի հանդիպում կազմակերպեցին, անշուշտ, դա մի քայլ առաջ էր, և մեր տեսակետն այն է, որ հարթակը լինի արդյունավետ և շարունակական։ 

Ես բավականին լավատես եմ տարածաշրջանային համագործակցությունների հարցում։ Սակայն տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը կարծես որոշել է այդ հարթակում քաղաքական հարցեր չբարձրացնել, քանի որ հասել է որոշ նախնական հաջողությունների և մի հատված թողել է տնտեսական հարցերի համար։ Հայաստանն էլ հետաքրքրված չէ այդ հարթակում քաղաքական հարցերի արծարծմամբ։ Հուսով ենք 3+3 հարթակի քննարկումները կշարունակվեն այն պայմանով, որ Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի միջև նշածս եռակողմ հարթակը նույնպես իրականանա։

- Այս հարթակը կարո՞ղ է ապագայում սահմանափակել Եվրոպայի կամ Արևմուտքի ազդեցությունը մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում։

Այո, բայց եթե ամուր կառույց ստեղծվի և քննարկումները արդյունավետ լինեն։ Այժմ չի կարելի ասել, թե 3+3-ն այդ օգտակար գործառույթը կատարում է։

Ես լավատես եմ 3+3-ի շրջանակում Թուրքիայում կայացած հանդիպման հարցում։ Լավատես եմ այն առումով, որ այդ հարթակում երկրների շահերը ավելի կփոխկապակցվեն, ավելի կխորանան։ Եթե գործընթացներն այդ ուղղությամբ գնան, ապա արտատարածաշրջանային ուժերի՝ Եվրոպայի, Հնդկաստանի և Պակիստանի համար մանևրելու տարածքը կկրճատվի։ 

Ես Հնդկաստանը հիշատակեցի, քանի որ երկու տեսակի Հնդկաստան կարող ենք պատկերել Կովկասում՝ տնտեսական և քաղաքական։ Եթե քաղաքական Հնդկաստանն է գալիս Կովկաս, ապա դա Կովկասի անվտանգության համար ռիսկային է, քանի որ դրանով գալիս է նաև Պակիստանը։

Պակիստանը գալիս է Ադրբեջանի կողմից, Հնդկաստանը՝ տարանցիկ միջանցքների համար բնականաբար Հայաստանի կողմից, սակայն դրանով Պակիստան-Հնդկաստան լարվածությունը մտնում է Կովկաս։ Ավելին՝ ներկայում Ֆրանսիան և Եվրոպան էլ իրենց տեղն ունեն։ Հարցն այն է, որ եթե 3+3 հարթակը լավ գործի, ապա օտար ուժերի համար քիչ տեղ կմնա տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրենց շահերն առաջ տանելու համար։

Զրուցեց Գեորգի Միրզաբեկյանը

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում