Վարչապետ Տիգրան Սարգսյանը «Տոսպ» ընկերություն կատարած այցի ընթացքում հանդիպել է հայրենական ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներին, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:
«Նմանատիպ հանդիպումները հնարավորություն են տալիս քննարկել արտադրողներին մտահագող հարցերն ու արդյունաբերության առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև բացահայտել այն կարևոր միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանի արդյունաբերական ներուժի ամբողջական իրացմանը»,- ասել է վարչապետը:
«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իրենց բարձրացրած խնդիրներին մեծ ուշադրություն ցուցաբերելու համար և նշել, որ նախորդ հանդիպումներում ներկայացված շատ հարցեր ստացել են դրական լուծումներ:
Սաֆարյանի խոսքով` ընթացիկ տարվա առաջին ութ ամիսների ընթացքում հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 700 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրելով 13 տոկոսի աճ: Սաֆարյանը վստահություն է հայտնել, որ տարեվերջին այն կհատի 1,1 տրլն դրամի սահմանը: «Սա Կառավարության մշակած արդյունաբերական քաղաքականության հետևողական իրականացման արդյունք է»,- ասել է միության նախագահը:
Սաֆարյանը նշել է, որ էական աճ է արձանագրվել նաև կոնյակի արտահանման ուղղությամբ, որի ծավալն այս տարվա ինն ամիսների ընթացքում կազմել է 40 մլրդ դրամ: Աճ է արձանագրվել նաև դեղերի արտադրության և արտահանման բնագավառներում, համապատասխանաբար 1,4 և 3,6 տոկոսներով:
Այս ոլորտների հետագա զարգացման համար կարևորվել է վերջիններիս արտադրանքի մուտքը հատկապես չինական հսկայական շուկա: Սաֆարյանը տեղեկացրել է, որ Հանրային խորհրդի անդամներն այցելել են Չինաստան` քննարկել հայկական կոնյակը չինական շուկա արտահանելու, ինչպես նաև դեղարտադրության բնագավառում համատեղ ձեռնարկություններ ստեղծելուն առնչվող հարցեր:
Այնուհետև միության նախագահը վարչապետին է ներկայացրել փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված իրենց մի քանի նախագծեր: Մասնավորապես, առաջարկվել է ներդրումային ծրագրերի շրջանակում 300 մլն դրամ և ավելի արժեքով ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելու արտոնությունը տարածել նմանատիպ բոլոր ծրագրերի վրա՝ անկախ ներմուծվող ապրանքների ծավալից: Նշվել է, որ դա կնպաստի ՓՄՁ-ների սուբյեկտների կողմից սարքավորումների ներկրմանը և տեղական արտադրության զարգացմանը:
Առաջարկվել է արդյունաբերության զարգացման ուղղությամբ 2013թ. բյուջեում կառավարության կողմից 300 մլն դրամ հատկացված գումարի շրջանակում ստեղծել հիմնադրամ, որտեղ իրենց միջոցները կկենտրոնացնեն նաև հայրենական ապրանք արտադրողները, ինչը կծառայի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթների հետագա զարգացմանը: Առաջարկվել է նաև մինչև 58,350 մլն դրամի տարեկան շրջանառության սահմաններում գործող ՓՄՁ-ների գործունեությունն առավել արդյունավետ ու դյուրին դարձնելու նպատակով սահմանել շրջանառության կամ պարզեցված հարկ՝ 3-3,5 տոկոսի սահմաններում, ինչն ըստ Սաֆարյանի, կձերբազատի վերջիններիս ծախսերի հիմնավորման խնդիրներից և ավելորդ քաշքշուկներից:
Ի պատասխան՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայացված բոլոր առաջարկությունները գտնվում են գործադիրի քննարկման օրակարգում, որոնց վերաբերյալ ներկայում կատարվում են ուսումնասիրություններ: Վարչապետի խոսքով՝ ՓՄՁ-ների զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում և նմանատիպ ռեժիմների սահմանումը կնպաստի վերջիններիս գործունեության ընդլայնմանը:
Կառավարության ղեկավարը ծանոթացել է նաև թեթև արդյունաբերության բնագավառում գործունեություն ծավալող «Տոսպ» ընկերության գործունեությանը: Խորհրդային տարիներին ստեղծված Մյասնիկյանի անվան կարի պետական ձեռնարկության իրավահաջորդ «Տոսպ»-ն արտադրում է տրիկոտաժե ապրանքների լայն տեսականի՝ տղամարդկանց, կանանց և մանկական հագուստի տարբեր տեսակներ (շապիկներ, գիշերանոցներ, ներքնազգեստներ և զգեստներ): Ընկերության արտադրանքն արտահանվել է Եվրոպա, Ամերիկա, ԱՊՀ երկրներ: Թեև ներկայում այն հիմնականում իրացվում է ներքին շուկայում, այդուհանդերձ, 2012թ. ընկերության արտադրանքի մոտ 20 տոկոսն արտահանվել է հիմնականում Ռուսաստանի Դաշնություն և Սլովենիա: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ընկերության արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17 տոկոսով` կազմելով 39,1 մլն դրամ:
Ընկերությունը, որտեղ ներկայում աշխատում է 155 մարդ, այս տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է բարձր տեմպերով' թողարկելով, համապատասխանաբար, 27,7 և 43,2 մլն դրամի արտադրանք: Նախորդ տարվա նույն ամիսների նկատմամբ արտադրանքի ծավալների աճը կազմել է համապատասխանաբար 54 և 56 տոկոս:
Արդյունաբերության բնագավառում ունեցած երկարամյա անբասիր գործունեության և ներդրած ավանդի համար Տիգրան Սարգսյանը Համլետ Հայրապետյանին և Ժորա Ավետիսյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալներով:
Civilnet











