Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների «խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։ Այդ մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։
«Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միևնույն ժամանակ չեմ կարող ուրանալ մեր նշված գործընկերների վաստակը մեր պետականության զարգացման գործում և շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման և իմ խնդրանքի ըմբռնման համար»,- ասված է վարչապետի գրառման մեջ։
Աշխատանքից ազատման մասին պաշտոնապես հայտարարել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Տելեգրամյան ալիքներում և լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
Կառավարության վերջին՝ նոյեմբերի 15-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ «Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր Փաշինյանը։
Civilnet











