Ցածր բերքատվություն ու կաթնատվություն, ռազմավարության բաց. ինչու Հայաստանի գյուղատնտեսությունը մրցունակ չէ

Լուսինե Վարդանյան
Ինչո՞ւ արտադրել ցորեն։ Ի՞նչ անել չմշակվող վարելահողերի հետ։ Ինչպե՞ս ցորենի արտադրությունը դարձնել շահութաբեր։ Ինչպե՞ս կարտոֆիլը դարձավ հաջողակ պատմություն։ ՍիվիլՆեթը Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանի հետ զրուցել է պարենային անվտանգությանը և գյուղատնտեսությանը վերաբերող կարևոր թեմաների մասին։ Զրույցի հիմնական մտքերն առանձնացրել ենք ստորև։

Ցորենի արտադրության ծավալները նվազում են․ ինչո՞ւ
Հայաստանում արտադրվող ցորենը մրցունակ չէ։ Լինելով Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ՝ մեր դռները բացել ենք էժան ցորենի և ալյուրի առջև։ Մեր տնտեսվարողները, իհարկե, մրցունակ չեն Ռուսաստանից ներկրվող էժան արտադրվող ցորենի դեմ։ Այնտեղ մի տնտեսվարողը կարող է հարյուր հազարավոր հեկտար հողատարածքներում ցորեն արտադրել՝ ամբողջովին մեքենայացված գործընթացով։
Հողատարածքների մակերեսի մեծությունը կապված է նաև բերքատվության հետ։ Ինչքան տարածքները մեծ են, այնքան ցորենի մշակությունը արդյունավետ է։ Ցավոք, մեր տնտեսվարողն այսօր պաշտպանված չէ և չի դիմանում մրցակցությանը։ Եթե դրսից էժան խոզի միս, ցորեն, ալյուր է գալիս, պարզ է՝ այստեղ գները կիջնեն, և այս գներով մեր արտադրողը չի կարող մրցունակ լինել։
Տե՛ս նաև՝ Կարտոֆիլն արեց այն, ինչ չի կարողանում անել ցորենը. պարենային անվտանգության շուրջ
Վերջին 60 տարում արտադրողականությունը չի ավելացել
Ցորենի արտադրությունը Հայաստանում հեռուն գնացող ավանդույթներ ունի։ Հայաստանում միշտ արտադրվել է ցորեն։ Կան հողատարածքներ, որտեղ միայն ցորեն է արտադրվել, և կան տնտեսվարողներ, որոնք այսպես թե այնպես իրենց հողատարածքներում ամեն տարի դրանով են զբաղվում։ Մենք դրանից խուսափել չենք կարող։
Սակայն տասնամյակներ շարունակ մեզ մոտ ուշադրություն չի դարձվել արտադրողականության ավելացմանը։ Ամեն տարի հացահատիկի, ցորենի, սերմնացուի, դիզվառելիքի և պարարտանյութերի ինչ-որ սուբսիդավորում եղել է, բայց դա չի բերել արտադրողականության ավելացմանը։ Գյուղացին պարզապես այդ սուբսիդավորման միջոցով ցանք է արել և կրկին փոքրաքանակ բերք ստացել։
Վերջին 50-60 տարում Հայաստանում արտադրված ցորենի բերքատվությունը չի աճել։ Այլ երկրներում այդ ընթացքում բերքատվության կրկնակի, եռակի աճ է գրանցվել։ Ինչպես խորհրդային տարիներին էր մեկ հեկտարից երկու տոննա բերք ստացվում, այնպես էլ այսօր է այդքան։ Այսինքն՝ մեր երկրում այս տարիների ընթացքում արտադրությունը տեխնոլոգիապես չի փոխվել։ Այնինչ ճիշտ տեխնոլոգիաներ, բարձրարժեք սերմեր և պարարտանյութեր կիրառելով՝ մենք կարող ենք եղած քիչ, կտրտված հողերից նվազագույնը երկու անգամ ավելի բերք ստանալ և դրանով լուծել պարենային անվտանգության խնդրի մի մասը։
Կասկածելի սերմեր, քիչ պարարտացում, գութան․ ի՞նչն ենք սխալ անում
Զարգացած գյուղատնտեսություններում օգտագործում են բարձրարժեք, որակյալ սերմեր։ Մենք դա չունենք։ Սերմերը գալիս են Ռուսաստանից, հաճախ անհայտ ծագում ունեն։ Թե ինչ փաստաթղթեր են դնում այս սերմի տակ, չգիտենք։ Ես չեմ հիշում, որ մենք վերջին 20 տարում եվրոպական որևէ երկրից, Կանադայից կամ Ամերիկայից ցորենի սերմեր բերենք։
Չունենք ցանքաշրջանառություն (նույն հողակտորի վրա ամեն տարի ցորեն ցանելու փոխարեն փոխել հողը՝ բերրիությունը, կառուցվածքը բարելավելու և մյուս տարի օգտագործելու համար - խմբ.):
Արտադրողների միջև չկա կոոպերացիա։ Երբ կոոպերացիա չկա, կտրտված հողերը չես կարող արդյունավետ մշակել։ Օրինակ՝ գյուղում երկու հարյուր ընտանիք ցորեն է արտադրում, նրանք իրար մեջ չեն համագործակցում, թե ինչպես կարող են ավելի արդյունավետ օգտագործել հողատարածքը, ավելի էժան բերք արտադրեն և մրցունակ լինեն։ Սա բերում է հացահատիկի ինքնարժեքի բարձրացման։
Պարարտացում գրեթե չի արվում։ Եթե նայենք խորհրդային տարիներին օգտագործած պարարտանյութի քանակը այդ տարածքներում և նայենք այսօրվա թվերը, կտեսնենք, որ այն տարիներին օգտագործածի 10-15 տոկոսն ենք հիմա ապահովում։ Թանկ է, ինքնարժեքն է ավել լինում, փոքր հողօգտագործողները ներդրում անելու հակված չեն, միայն խոշորներն են կարողանում պարարտացնել։ Հաճախ միակողմանի պարարտացում է լինում։ Օգտագործում են ազոտական պարարտանյութեր․ կալիում, ֆոսֆոր չի օգտագործվում կամ շատ քիչ է օգտագործվում։
Կա վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի խնդիր։ Այսօր փոխվել է նաև հողի մշակության տեխնոլոգիան։ Շատ երկրներում այլևս չեն օգտագործում գութան, իսկ մեզ մոտ առանց գութանի մշակությունը չեն պատկերացնում։
Տասնամյակներ շարունակ շատ երկրներում հողատարածքները մշակվում են անվար եղանակով, օրինակ ԱՄՆ-ում՝ ավելի քան 25 մլն, Արգենտինայում՝ 29 մլն, Բրազիլիայում՝ 31 մլն, Կանադայում՝ 18 մլն հա։ Իրենց հողերն անվար են մշակում նաև Ուկրաինան, Լատվիան և Լիտվան։

Այս տեխնոլոգիան և՛ ավելի արդյունավետ է, և՛ նվազ ծախսատար։ Բացի այդ, գութանով վարելիս խախտվում են հողի հաղորդակցության ուղիները, որոնք ստեղծվել են մահացած արմատներով ու անձրևորդերի միջոցով։ Դրանց միջոցով հողի մեջ են թափանցում օդը, խոնավությունը ու սննդարար նյութերը։ Այս տեխնոլոգիան կիրառելի է հատկապես այնտեղ, որտեղ կա խոնավության պակաս և հողատարման վտանգ։ Հայաստանը հիմնականում համապատասխանում է այս պայմաններին։
Մեր բերքահավաք կոմբայնները ռուսական են։ Նրանք բերքի 25-30 տոկոսը թողնում են դաշտում։ Կորուստը շատ է։ Եվրոպական և ամերիկյան կոմբայնների դեպքում կորուստը առավելագույնը 1-1,5 տոկոս է։ Կոմբայնը թանկ հաճույք է։ Ամեն համայնք կամ ֆերմեր չի կարող դա իրեն թույլ տալ։ Պետական աջակցության կարիք կա։
Ամենալավ տարիներին մի անգամ հաշվարկ էինք արել և տեսել, որ մի տարվա բերքի կորստի գումարով հնարավոր էր Հայաստանի հացահատիկահավաք կոմբայնների պարկը ամբողջովին թարմացնել։ Բայց այդ ուղղությամբ լուրջ քայլեր պիտի արվեն։
Հետբերքահավաքային շրջանում ևս խնդիրները շատ են։ Համայնքներում չկան մաքրման, տեսակավորման և պահպանման կարողություններ։ Տնտեսվարողը աշխատում է արագ ազատվել ցորենից, վաճառել, էժան գնով վաճառել, որովհետև համայնքում այս գորոծողությունների համար տեղ չկա։ Այստեղ է գալիս այդ միությունների, համագործակցության խնդիրը։ Ամեն համայնք պիտի ունենա ցորենի մաքրման, տեսակավորման և պահպանման հնարավորություն։ Ու երբ ապրանքը շուկայում թանկանա, նոր միայն արտադրողը հանի վաճառքի։ Ընդհանրապես, եթե գյուղացին ցանկացած բերք կարողանա մի քանի ամիս պահել, հետո հանել շուկա, կարող է ավելի թանկ վաճառել։
Հայաստանի բնակլիմայական պայմանները բարենպա՞ստ են ցորենի համար
Հայաստանի գոտիականությունը կարողանում է ապահովել հնարավորություն, որ ցորենի արտադրությունը այնպիսի շրջաններում տարածվի, որտեղ ավելի բարենպաստ կլինի դրա համար։ Մենք ունենք Շիրակը, Լոռին, Գեղարքունիքը, Սյունիքը, որտեղ ցորենի համար պայմանները բարենպաստ են։
Կլիմայի փոփոխությունը սկսել է ազդել։ Բացի տեղումների նվազումից նաև վնասատուների շարժ կա։ Դրանք սկսում են այնպիսի շրջաններում հարմարվել, որտեղ նախկինում չեն եղել։ Բայց կլիմայի փոփոխությունը հնարավորություն է տալիս ցորեն արտադրել նախալեռնային գոտու այն տարածքներում, որոնք նախկինում անբարենպաստ էին։
Նույնը կարող եմ ասել խաղողի մասին։ Եթե Գերմանիայի Բադենի շրջանում անհանգստացած են կլիմայի փոփոխությունից և չեն կարողանում նախկին որակը ստանալ, որպեսզի պինոնուար խաղողից գինի արտադրեն, Հայաստանում կա խաղողի արտադրությունն ավելի բարձր գոտիներում շարունակելու հնարավորություն։ Այս առումով գոտիականությունն առավելություն է տալիս։
Սերմնաբուծություն
Հայաստանում սերմնաբուծության համակարգը չի կայացել։ Դրսից բերվող սերմից կախվածությունը մեծ է։ Սերմը գալիս է հիմնականում Ռուսաստանից, և հաճախ հայտնի չէ՝ այն համախատասխանում է փաստաթղթերով ձևակերպված որակին։ Մենք հնարավորություն չունենք սերմ ներկրել Ավստրիայից կամ Ֆրանսիայից։
Հայաստանում չեն ստեղծվել համապատասխան մեխանիզմներ, որպեսզի լինեն առանձին արտադրողներ, որոնք զբաղվեն միայն սերմի արտադրությամբ, ու սերմնաբուծությունը դառնա շահութաբեր ոլորտ։
Ցավոք, մենք չունենք այն գիտելիքը և մշակույթը, որ ինքներս կարողանանք բուծել համապատասխան տեղական սերմերը և կարողանանք դրանով շուկան ապահովել։ Դրա համար հսկայական գումարներ են պետք, ժամանակ է պետք։
Ցորենի արտադրությունը շահութաբե՞ր է
Կան ցորեն արտադրողներ, որոնք կարողանում են արդյունավետ լինել և շահույթ ապահովել։ Արցախում կային հսկայական թվով տնտեսվարողներ, որոնք արտակարգ ցորեն էին արտադրում։ Այսօր նրանք Հայաստանում են և չեն կարողանում հողատարածք գտնել, որպեսզի իրենց գիտելիքը, ունակությունը օգատգործեն։ Այնպես չէ, որ Հայաստանում ցորենի արտադրությունը շահութաբեր չէ։ Այո, կան քարքարոտ, անջրդի հողեր, որտեղ բնակլիմայական պայմանները լավ չեն։ Բայց դա էլ է հարաբերական։

Հայաստանում խաղողի գինը վերջին 30 տարում չի փոխվել
Վերցնենք խաղողի արտադրությունը։ Ինտենսիվ այգեգործության ճյուղ է։ Հայաստանում խաղողի գները վերջին 30 տարում չեն փոխվել։ Բոլոր ապրանքները՝ դիզվառելիք, պարարտանյութ, հաց, Ջերմուկ, Կոկա-կոլա, 30 տարվա ընթացքում 3-4 անգամ թանկացել են։ Խաղողի գինը նույնն է մնացել։
Արարատյան դաշտի խաղող արտադրողը ինչո՞ւ պիտի շարունակի արտադրելը։ Խաղողն էլ շահութաբեր չէ, եթե նույն տրամաբանությամբ նայենք։ Հայաստանի արտահանման հիմնական ճյուղը կոնյակն է, վերջերս նաև գինին։ Խաղող արտադրողը մտածում է՝ շարունակի, թե չշարունակի արտադրել։ Ամեն տարի նա կանգնում է խաղողի իրացման խնդրի առաջ։ 30 տարի է՝ նույն պտույտի մեջ ենք, և խաղող արտադրողների համար չի ստեղծվել համակարգ, որ մարդը հստակ իմանա՝ ինչ շահույթ կունենա, ինչքան էլ որ գինը շուկայական է։ Նա խաղողը տնկում է 50-60 տարվա համար։ Ցորեն չէ, որ մի տարի չստացվեց, հաջորդ տարի կարտոֆիլ տնկի։ Դրա համար ես համաձայն չեմ մտքին, թե ցորենը շահութաբեր չէ։ Եթե գործը լավ չես անում, շահութաբերություն ապահովող շուկայական մեխանիզմներ չկան, ոլորտը շահութաբեր չի դառնա։
Ո՞րն է ցորենի արտադրության քաղաքականությունը
Ցորենի պարագայում չկան շուկայական հստակ մեխանիզմներ, չկա արտադրության քաղաքականություն։ Որևէ նախարարություն կարո՞ղ է ասել՝ մենք ունենք հացահատիկի պարենային ապահովության համար այս քաղաքականությունը, որով կարող ենք ապահովել ոլորտի շահութաբերությունը և պարենի արտադրությունը։ Նման փաստաթուղթ, քաղաքականություն և տեսլական չկա։ Պարզապես որոշել են, որ ավելի լավ է՝ Ռուսաստանում արտադրեն, մենք էլ այնտեղից բերենք։ Այսպես տարածքները կրճատվում են, հողերը մնում են անմշակ, համայնքներից ժողովուրդը արտագաղթում է, գնում է կա՛մ Ռուսաստան, կա՛մ գալիս է Երևան։
Հայաստանը, Ռուսաստանը, Իսրայելը և Հնդկաստանը
Աշխարհում չկա երկիր, որտեղ առանց պետական օժանդակության հեկտարից ստանում են 5, 8, 10 տոննա բերք, ոչ թե 2 տոննա, ինչպես մեզ մոտ։ Աշխարհում չկա զարգացած գյուղատնտեսությամբ որևէ երկիր, օրինակ՝ Կանադա, ԱՄՆ, Ճապոնիա, Նոր Զելանդիա, Թուրքիա, Իսրայել, որտեղ առանց պետական օժանդակության արդյունավետ գյուղատնտեսական համակարգ կա, և ֆերմերը կարողանում է շահույթ ապահովել։
Հնդկաստանում հողերն ավելի շատ են կտրտված և փոքր, քան Հայաստանում։ Հայաստանում հողերի խոշորացման միտում կա։ Հնդկաստանում հակառակն է, քանի որ բնակչության թիվը գնալով աճում է։ Միջին հողակտորի չափը 1,8 հա-ից հասել է 0,8 հա-ի։ Բայց Հնդկաստանում ցորենի բերքատվությունը երկու անգամ բարձր է, քան Հայաստանում։ Հնդկաստանում փոքր հողօգտագործողները կարողանում են ոչ միայն 1,5 մլրդ բնակչությանը պարենով ապահովել, այլև տարեկան ավելի քան 40 մլրդ դոլարի աննդամթերք արտահանել՝ գրավելով աշխարհում պարեն արտահանող երկրների ցանկում 7-րդ տեղը։ Իսկ Հնդկաստանը գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաներով առանձնապես հագեցած երկիր չէ։
Նախկին ԽՍՀՄ-ից բալթյան երկրները շատ լուրջ բերքատվություն են ապահովում՝ 2-3 անգամ ավելի, քան մենք։ Մեր հարևան Վրաստանում և Ադրբեջանում էլ են հեկտարից ավելի շատ բերք հավաքում։ Այս երկրներում պետական աջակցության մակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում։
Եթե վերցնենք մեր գյուղատնտեսական ՀՆԱ-ն և համադրենք պետական աջակցության հետ, ամենացածր տեղերում ենք լինելու։ Օրինակ՝ Թուրքիայում գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքի 25 տոկոսը հետ է գնում ֆերմերներին՝ տարբեր տեսակի աջակցության և սուբսիդավորման տեսքով։ Իսրայելում այդ թիվը տարիներ շարունակ կազմել է 35-40 տոկոս։ Երկրներ կան, որտեղ այդ թիվը 50-70 տոկոսի է
հասնում, օրինակ՝ Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան։ Հայաստանում տասնամյակներ շարունակ պետական աջակցության ծավալը գյուղատնտեսության կողմից ստեղծված արժեքի ընդամենը 3-5 տոկոսն է կազմել։ Վերջին տարիներին այս ցուցանիշը բարձրանալու և Վրաստանին հասնելու միտում ունի։ Վրաստանում այս թիվը 10 տոկոս է։
Հայաստանը չի կարող մրցունակ լինել, երբ հարևան երկրներն այդքան հատկացումներ են ուղղում գյուղատնտեսական արտադրության զարգացմանը։ Մենք ո՛չ ներսի շուկայում կարող ենք մրցունակ լինել, ո՛չ դրսի։
Իսրայելն ավելի քիչ վարելահող ունի, քան Հայաստանը, երեք անգամ քիչ ջրային ռեսուրս ունի, քան Հայաստանը։ Իսրայելում կովը տարեկան 13 տոննա կաթ է տալիս, մեզ մոտ՝ 2 տոննա։ Անապատում, արևի տակ նրանք կարողանում են կովի կաթնատվությունը հասցնել 13 տոննայի։ Ռեսուրսի հարց չէ, մտածողության, գաղափարի, գիտելիքի հարց է՝ ինչպես ես կարողանում կազմակերպել տնտեսությունը։
Կարտոֆիլի հաջողությունը
Կարտոֆիլի բարձրարժեք տնկանյութի մասին չենք մտածում, այդ հարցը չի քննարկվում։ Ինչո՞ւ հարց չի առաջանում, թե կարտոֆիլով ինքնաբավ ենք, կարողանում ենք արտահանել։ Ինչո՞ւ նախարարը չի ասում, որ կարտոֆիլը շահութաբեր չէ։
Հոլանդացիները ժամանակին հայ գործընկերների հետ ստեղծեցին այդ համակարգը։ Հոլանդիայի մի քանի կոոպերատիվներ, բարձրարժեք տնկանյութեր արտադրողներ տնկանյութը բերեցին Հայաստան, բաժանեցին ֆերմերային տնտեսություններին, որոնք միայն դրանց բազմացմամբ և վաճառքով էին զբաղված։ Մնացած հազարավոր տնտեսվարողներն արդեն պարենային կարտոֆիլ արտադրեցին և շուկա հանեցին։ Ցորենի դեպքում պետք է նույնը անել ու մոռանալ դրա մասին։ Արդեն մասնավոր հատվածն ինքը այդ հարցը կլուծի։
Բրինձը չի կարող փոխարինել ցորենին
Բրինձ արտադրելու մասին խոսք լինել չի կարող, բրինձը պիտի ներկրվի, եթե ներկրվելու է, ի՞նչ տարբերություն՝ ինչը կներկվի։
Հայաստանում արտադրվող ցորենի զգալի մասը անասնակեր է դառնում, քանի որ որակը վատն է և պիտանի չէ ալյուրի և հացի համար։ Բայց հացը մեր պարենային զամբյուղում մեծ տեղ է զբաղեցնում, և դա այդպես է մնալու։ Մենք հաց ուտող ժողովուրդ ենք։
Մենք ունենք հող, ջուր, արև։ Բնությունը դա մեզ տվել է։ Մենք մեր ունակություններով, գիտելիքներով, աշխատասիրությամբ պիտի կարողանանք այդ ռեսուրսները ճիշտ օգտագործել։ Մենք չենք կարողանում դա անել։
Հիմա խոսում են, որ Թուրքիայի սահմանը բացենք, էժան լոլիկ կգա Հայաստան, ու մեր լոլիկ արտադրողների ջերմոցները չեն կարողանա մրցունակ լինել։ Պարզ է, որ չեն կարողանալու։ Որովհետև Թուրքիայում մեկ քմ ջերմոցի տարածքից 2-3 անգամ շատ լոլիկ են ստանում, քան Հայաստանում։ Թուրքիայի կառավարությունը նաև սուբսիդավորում է լոլիկի արտադրությունը ու արտահանումը։ Ես դեմ չեմ, որ էժան ապրանք գա Հայաստան, որովհետև մենք մտածում ենք 1000 ջերմոց ունեցող տնտեսվարողների մասին, բայց կա նաև հարցի մյուս կողմը․ կան հարյուր հազարավոր ընտանիքներ, որոնք էժան լոլիկ ու էժան ալյուր գնելու հնարավորություն պիտի ունենան։ Մենք նրանց դրանից պիտի չզրկենք, որ մեր արտադրողը հանկարծ չսնանկանա, մնա անարդյունավետ ու թանկ արտադրող։
Այս շղթայի մեջ պետք է փոխել միայն մեկ բան։ Մեր արտադրողը պիտի ավելի արդյունավետ դառնա․ մեկ քմ-ից ավելի շատ լոլիկ ստանա, մեկ հեկտարից՝ ավելի շատ հացահատիկ, մեկ կովից՝ ավելի շատ կաթ։ Դա հնարավոր է միայն անել գիտելիքահեն, ճիշտ մշակված արտադրության ու քաղաքականության միջոցով։ Ուրիշ տարբերակ չկա։
Ի՞նչ անել անմշակ հողերի հետ
Մենք միշտ հակառակ ծայրից ենք սկսում, երբեք նպատակ չենք դնում, թե ինչ ենք ուզում արտադրել, որ շուկայի համար, ինչ գնով։ Գյուղատնտեսական որևէ քաղաքականություն որ նայենք, ոնց որ առևտրի ցուցակ լինի՝ 500 տրակտոր գնել, գյուղտեխնիկա, հազար հա կաթիլային ոռոգում, ինչ-որ քանակի ինտենսիվ այգի։

Զարգացած երկրներում այլ կերպ են մտածում։ Օրինակ՝ այս շուկայում կա ելակի պակաս 2 ամսվա համար։ Որպեսզի լրացնենք պակասը, մենք կարող ենք արտադրել շատ էժան ելակ, մատակարարել դա այդ 2 ամսվա ընթացքում։ Դրա համար մեզ հարկավոր է այսքան ջերմոց, այսքան կաթիլային ոռոգում, այսքան տրակտոր։ Ծրագրումը շուկայից է սկսվում, ոչ թե հակառակը՝ անմշակ հողերից։
Իսրայելում ուսումնասիրել են, որ եվրոպական շուկայում ձմռան երկու ամիսներին լինում է բուլղարական պղպեղի դեֆիցիտ։ Շուկայում գները 2-3 անգամ թանկանում են։ Դա իմանալով՝ Իսրայելի կառավարությունը ֆերմերների համար մշակել է սուբսիդավորման ծրագիր։ Արավա անապատում կառուցվել են հարյուրավոր ջերմոցներ, անցկացվել են կաթիլային ոռոգման համակարգեր, գյուղտեխնիկա և աջակցություն է տրամադրվում արտահանման համար։
Հիմա որպեսզի այդ հողերն օգտագործվեն, պիտի նայենք՝ ներքին և արտաքին շուկայում ինչի պակաս կա։
Օրինակ՝ եթե խնդիր ենք դնում, որ տարեկան 5,000 տոննա եվրոպական բարձրարժեք պանիր պիտի արտադրվի և արտահանվի, պիտի մտածենք, թե ովքեր են պանիր արտադրողները, նրանք ունե՞ն սննդի անվտանգության համապատասխան համակարգ, եթե չունեն, ինչպես օգնենք, ունե՞ն համապատասխան մասնագետներ և տեխնոլոգիաներ, պահանջվող քանակի կաթ արտադրելու համար քանի՞ խելացի ֆերմա է պետք և այլն։
Civilnet










