Նոյեմբերի 15-ից Աբխազիայում իրավիճակը լարված է․ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք։ Ուժայինների հետ բախումներ են տեղի ունեցել, օգտագործվել են լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ։ Պատճառը օրինագիծն էր, որով օտարերկրացիների, մասնավորապես՝ Ռուսաստանի քաղաքացիների համար գույք ձեռք բերելու գործընթացը հեշտանում էր։ Ցույցերը վերաճեցին նախագահի հրաժարականի պահանջի։
Թեև նոյեմբերի 15-ին նախատեսված քվեարկությունը հետաձգվել էր, ցուցարարները ներխուժել էին խորհրդարանի շենք՝ կոտրելով ճաղավանդակները։ Պահանջն էր՝ անցկացնել նիստը և դեմ քվեարկել օրինագծի ընդունմանը։
Հետաձգման հստակ պատճառները հայտնի չեն։ Խորհրդարանի խոսնակ Լաշա Աշուբան հայտնել է, որ լարված մթնոլորտի պատճառով մտահոգություն կար, իսկ ոմանք հրաժարվել էին նման պայմաններում աշխատել։
Ուժայինների հետ բախման հետևանքով տասնյակից ավել վիրավոր կա։ Սոցցանցերում տարածված տեսանյութերից պարզ է, որ անվտանգության ուժերը լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառում ցուցարարների դեմ, իսկ ցուցարարները նետում են շշեր և այլ առարկաներ ուժայինների ուղղությամբ։ Սա Աբխազիայի պատմության մեջ առաջին անգամն է, երբ ցույցի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվում։
BREAKING: Protesters in Russian-occupied Abkhazia, demanding the resignation of the so-called president and the abolition of the Russian investments deal, have stormed and taken over the parliament building. pic.twitter.com/pnP5OcRcTd
— Visioner (@visionergeo) November 15, 2024
Ընդդիմության դիրքորոշումը
Ցույցին մասնակցում էր նաև ընդդիմադիր «Աբխազական ժողովրդական շարժում» կուսակցության նախագահ Ադգուր Արձինաբան։ Նա ևս պահանջում էր քվեարկություն։

«Ձեր պատճառով այստեղ արյուն կթափվի, և ձեր խղճի վրա արյուն կլինի»,- ասել է նա։
Արձինբան նաև կոչ է արել անվտանգության ուժերին «ցուցաբերել իմաստություն և զսպվածություն» և «չօգտագործվել որպես գործիք իշխանությունների ձեռքում, որոնք ժողովրդի հաշվին հարստացման նպատակ ունեն»։
Աբխազիայի ընդդիմությունն ակտիվացել էր մինչև նախատեսված քվեարկությունը։ Նախորդ շաբաթվա սկզբին իշխող կուսակցության պատգամավորներին հետապնդելու մեղադրանքով ձերբակալվեցին ընդդիմադիր հինգ գործիչներ։ Բնակչությունն արձագանքեց ցույցերով, որոնք հանգեցրին ընդդիմադիրների ազատ արձակմանը։
Բժանիան հայտարարել է, որ Աբխազիայի իրավապահ մարմինները «ունեն բավականաչափ ուժեր և միջոցներ՝ երկրում անվտանգությունն ու օրինականությունն ապահովելու համար»։
Իշխող պաշտոնյաները ցուցարարների գործողություններն անվանել են «անօրինական» և ընդդիմության առաջնորդների կալանավորման դեմ ցույցերը որակել որպես «զանգվածային անկարգություններ»։
Նախագահ Բժանիայի հրաժարականը
Աբխազիայում ընդդիմությունը համաձայնել է նախագահ Ասլան Բժանիայի առաջարկին՝ նշանակել ժամանակավոր պաշտոնակատար։ Պայմանն է, որ նախարարների կաբինետը լիազորություններից զրկվի, իսկ ուժային կառույցների ղեկավարները հրաժարական տան։
Այս մասին գրում է «Սպուտնիկի» աբխազական ծառայությունը։
Ցուցարարները պնդում են, որ մինչև Բժանիայի հրաժարականը չեն լքի կառավարության շենքը։
Ռուսաստան-Արևմուտք համատեքստը
Աբխազիայում ներքաղաքական այս ճգնաժամը շատերը փորձեցին տեղավորել ավելի լայն՝ Ռուսաստան-Արևմուտք համատեքստում։
Ցուցարարները, սակայն, նշում էին՝ ցույցը հակառուսական չէ, այլ օրինագծի և Բժանիայի կառավարության դեմ։
Ցուցարարները նաև վանկարկում էին «Ռուսաստան», «Պուտին» և «մեր ընդհանուր ապագան միայն Ռուսաստանի հետ է», Աբխազիայի դրոշների կողքին ծածանում էին ռուսական դրոշներ և դրական արտահայտվում Ուկրաինա ներխուժման մասին։
Աբխազական լրատվամիջոցները ևս շարժումը ներկայացնում էին որպես սեփական տնտեսական ինքնիշխանության պահպանման ակցիա, այլ ոչ թե Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մաս։

Ռուսաստանի արձագանքը
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, մեկնաբանելով իրավիճակն Աբխազիայում, նշել է, որ Մոսկվան չի միջամտում Աբխազիայի ներքին գործերին։ Մոսկվան ակնկալում է, որ «իրավիճակը կլուծվի բացառապես խաղաղ ճանապարհով»։
Միևնույն ժամանակ, Զախարովան ափսոսանք է հայտնել բողոքի ցույցերի համար և պնդել, որ ընդդիմությունը «հրահրում է հակամարտության սրում», ինչը, ըստ նրա, «չի նպաստի օտարերկրյա ներդրումների ներգրավմանը»:
«Արևմուտքը ապակայունացնում է իրավիճակն Աբխազիայում»
Աբխազիայի արդարադատության նախարար Անրի Բարցիցը կարծում է, որ արևմտյան հետախուզական ծառայությունները ֆինանսավորել են աբխազական հասարակական կազմակերպություններին՝ նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը։
Ըստ Բարցիցի՝ երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորում է աբխազ ընդդիմադիրներին հաղթանակի կապակցությամբ, երբ Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիները ևս շնորհավորում են, պետք է մտածել՝ «արդյոք մենք ճի՞շտ ուղու վրա ենք»։
Նախարարը ընդդիմության գործողությունները որակել է իշխանությունը զավթելու փորձ։
Վրաստանի նախագահի հայտարարությանն անդրադարձել է նաև ընդդիմադիր Արձինբան՝ նշելով, որ իրենք ի շահ բազմազգ Աբխազիայի ներքաղաքական պայքար են տանում, իսկ թե ում շահերն է ներկայացնում Զուրաբիշվիլին` «իրենք չգիտեն, և հետաքրքիր էլ չէ»։
Վրաստանի կենտրոնական իշխանությունների կողմից չվերահսկվող Աբխազիայի կառավարությունում առաջին անգամ չէ, որ ճգնաժամ է ծագում։ Աբխազիայի երկու նախորդ նախագահները հրաժարական են տվել ընդդիմության բողոքի ակցիաների պատճառով՝ 2014 և 2020 թվականներին:
Լուսինե Վարդանյան
Civilnet











