Երևանի ավագանին 34 կողմ, 23 դեմ ձայներով ընդունեց տրանսպորտից օգտվողների համար նախատեսված արտոնությունների փաթեթը։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ավագանու նոյեմբերի 19-ի նիստի ընթացքում ներկայացրեց սոցիալական տարբեր խմբերի համար նախատեսված առավելությունները։
«Նախագծով նախատեսվում է, որ մինչև 7 տարեկան երեխանների համար անվճար մատուցվի հանրային տրանսպորտի ծառայությունը, դպրոցականների՝ 8-17 տարեկանների համար, ներառել 20 տոկոս զեղչ, ծնողազուրկ դպրոցականների համար՝ անվճար, թոշակառուներին, որոնց 63 տարեկանն արդեն լրացել է՝ 30 տոկոս, ուսանողներին, որոնք ուսանում են Երևան քաղաքում, անկախ նրանց հաշվառման վայրից՝ 15 տոկոս, ծնողազուրկ ուսանողներին՝ անվճար, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց համար կլինի անվճար, պետական խնամքի տակ գտնվող, մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձանց՝ անվճար, նպաստառուներին, որոնք համապատասխան կարգավիճակ ունեն և որոշակի աջակցություն են ստանում պետությունից՝ 20 տոկոս, ԽՍՀՄ հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, Մարտական խաչի առաջին և երկրորդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրված անձանց համար նույնպես կլինի անվճար»,- նշել է Գրիգորյանը:
Նշվում է, որ արտոնությունները վերաբերելու են մոտ 550 հազար մարդու։

Երևանի ավագանին մարտին ընդունել էր տրանսպորտի սակագնի բարձրացման նախագիծը, որն մեջ է մտնելու 2025-ի հունվարի 1-ից։ Ըստ նոր սակագների՝ օրական տոմսը կլինի՝ 300 դրամ՝ 90 րոպեի համար։ 8 800 դրամ կարժենա 30 օրվա տոմսային փաթեթը, 23 600 դրամ՝ 90 օրվանը, 88 000 դրամ՝ մեկ տարվանը։ Բոլորի դեպքում երթևեկությունների թիվը կլինի անսահմանափակ։
Civilnet











