Նախագահի հրամանագրերով ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Ազատումների համար հիմք է հանդիսացել վարչապետի առաջարկությունը։
Կառավարության որոշումներով էլ աշխատանքից ազատվել են Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
Վերը նշված պաշտոնյաները, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նախօրեին հայտարարել էին ազատման դիմումներ ներկայացնելու մասին։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների «խնդրել է թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները»։
«Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ»,- Ֆեսյբուքի իր էջում գրել է Փաշինյանը։
Կառավարության վերջին՝ նոյեմբերի 15-ի նիստին վարչապետը հայտարարել էր, որ իրավապահ համակարգից կոնկրետ արդյունքներ է պահանջում։ «Դատական, իրավապահ, ուժային կառույցների հարգելի ներկայացուցիչներ, իմ համբերության բաժակը լցվել է»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
Civilnet











