Հայաստան դարձել է Միջազգային արևային դաշինքի լիիրավ անդամ

Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի 104-րդ լիիրավ անդամ: Այդ մասին նշված է Հնդկաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությում:
«Հնդկաստանում ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը և Հնդկաստանի ԱԳՆ Տնտեսական դիվանագիտության և Բազմակողմ տնտեսական հարաբերությունների վարչությունների պետ Աբիշեկ Սինգհը պաշտոնապես փոխանակվել են ՀՀ նախագահի կողմից ստորագրված «Միջազգային արևային դաշինքի (ՄԱԴ) հիմնադրման մասին» շրջանակային համաձայնագրի վավերագրով և որպես նույն համաձայնագրի ավանդապահ կողմ հանդիսացող պետության՝ Հնդկաստանի ԱԳՆ ստացականով»,- ասված է հաղորդագրությունում։
Հնդկաստանի և Ֆրանսիայի կողմից հիմնադրված Միջազգային արևային դաշինքին Հայաստանի լիիրավ անդամակցությունն ուժի մեջ է մտել 2024-ի նոյեմբերի 15-ից, որի համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է 2023-ի նոյեմբերի 16-ին, Երևանում:
Միջազգային արևային դաշինքը հիմնադրվել է Հնդկաստանի և Ֆրանսիայի համատեղ ջանքերի շնորհիվ՝ կլիմայի փոփոխության դեմ աշխատանքները մեկտեղելու և արևային էներգիայի ռեսուրսները լայնորեն կիրառելու նպատակով: Դաշինքի հայեցակարգը մշակվել է 2015թ. Փարիզում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովի (COP21) շրջանակներում: 2020թ. Դաշինքը փոփոխություններ է կատարել Շրջանակային համաձայնագրի մեջ, որի համաձայն ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրները հնարավորություն ունեն միանալու Դաշինքին: Ներկայումս Դաշինքի շրջանակային համաձայնագիրը ստորագրել են 116 պետություն, որոնցից 94-ը ներկայացրել են վավերացման անհրաժեշտ փաստաթղթերը՝ դաշինքի լիիրավ անդամ դառնալու համար։ Դաշինքի որոշումներ կայացնող մարմինը անդամ երկրների համապատասխան ոլորտի նախարարների մակարդակով տարին մեկ անգամ գումարվող վեհաժողովն է: Դաշինքի կենտրոնակայանը գտնվում է Հնդկաստանում:
Civilnet










