Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում, որ խաղաղության պայմանագրի կնքման պարագայում Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ ներկայացված միջազգային հայցերից՝ նույնը ակնկալելով Ադրբեջանից։
«Եթե Հայաստանը տեսնի, որ ռեալ հասնում է խաղաղության, ու խաղաղության պայմանագիրը կնքվում է, միջազգային ատյաններում Հայաստանի հայցերը հետ կկանչվեն։ Փոխադարձաբար Ադրբեջանն էլ իր հայցերը հետ կկանչի նախորդիվ իրադարձությունների համար»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց Փաշինյանը։
ԵՄ դիտորդների և սահմանազատման մասին
Անդրադառնալով Ադրբեջանի պահանջին՝ Հայաստանի սահմանների երկայնքով տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը դուրս բերելու վերաբերյալ, Փաշինյանն ասաց. «Մենք Ադրբեջանին արել ենք հանդիպակաց առաջարկ՝ ասել ենք՝ եկեք այդ կարգավորումն անենք սահմանազատված տարածքներում։ Այն սահմանը, որ սահմանազատված է, այդտեղ օբյեկտիվորեն դիտորդ ունենալու կարիք չկա»։
Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդներ տեղակայվել են 2022-ի ուշ աշնանը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա նույն տարվա սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից և որոշակի տարածքների բռնազավթումից հետո։
Խոսելով սահմանազատման գործընթացից՝ Փաշինյանն ասաց, որ երկու երկրների համապատասխան հանձնաժողովները քննարկում են, թե սահմանի որ հատվածը սահմանազատեն հաջորդ փուլում. «Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որտեղ սահմանազատումը շարունակենք։ Ըմբռնումն այն է, որ COP29-ի ամփոփումից հետո աշխատանքները կշարունակվեն»,- ասաց նա։
Civilnet











