Երեկ Ազգային ժողովում Կոտայքի մարզպետ, հանրապետական Կովալենկո Շահգալդյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե նախագահական ընտրություններին ինչպես են պատրաստվում իր ղեկավարած մարզում, ասել է. «Դուք բոլորդ լավ գիտեք, որ համագումարում մեր կուսակցությունը առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Դե, մարզպետներն էլ մաքսիմումն են անելու, որպեսզի մեր թեկնածուն առավելություն ունենա մնացած բոլոր թեկնածուների համեմատ»:
Կոտայքի մարզպետը բավական ազնիվ պատասխան է տվել՝ միաժամանակ բացահայտելով ընտրությունների ժամանակ պետական մեքենայի աշխատանքի արատավոր նրբերանգները: Այն, որ մարզպետները և մնացած բոլոր պաշտոնյաները համապետական ընտրությունների ընթացքում, իրենց լիազորությունների սահմաններից դուրս գալով, լծվում են իշխանական թեկնածուի վերարտադրության գործին, գիտեն և տեսնում են բոլորը: Հիմա էլ Շահգալդյանն ազնվորեն խոստովանում է, որ ինքը մաքսիմումն է անելու, որ Սերժ Սարգսյանը վերընտրվի: Հաշվի առնելով նախորդ ընտրությունների փորձը՝ արդեն կարելի է կռահել, թե ինչ կարող է մտնել «մաքսիմումը անելու» ասվածի տակ:
Օրենքի գերակայություն ունեցող յուրաքանչյուր երկրում մարզպետի կամ համայնքապետի նման հայտարարությունից հետո նրանով կսկսեին հետաքրքրվել իրավապահ մարմինները, կամ առնվազն նրանց ասածը հանրության կողմից խստորեն կդատապարտվեր:
Մարզպետը, ընտրությունների հետ կապված, ընդամենը կարող էր հայտարարել, որ մաքսիմումը կանի իր մարզում ընտրական գործընթացներն օրենքի սահմաններում կազմակերպելու համար: Սակայն Հայաստանում մարզպետներն ընտրությունների ընթացքում զբաղված են բոլորովին այլ խնդիրներ լուծելով՝ իշխանական թեկնածուի նախընտրական հանդիպումներին գլխաքանակ ապահովելով վարչական ռեսուրսների կիրառման միջոցով, քաղաքական մրցակիցների հետ «բացատրական» աշխատանքներ կատարելով, ընտրակաշառքի բաժանումը կոորդինացնելով և այլն:
Այդ չինովնիկների պահվածքը բացատրվում է այն հանգամանքով, որ նրանք հստակ գիտակցում են, որ իրենց իշխանությունը ոչ թե ժողովրդից է, այլ գերագույն իշխանությունից: Հետևաբար՝ նրանք պարտավորություն չեն զգում ծառայել օրենքին և ժողովրդին, այլ պարտքի մեծ զգացումով, օրինական և հակաօրինական միջոցներով անում են մաքսիմումը, որ իրենց իշխանության աղբյուրը չցամաքի:
Մարզպետ՝ բդեշխի ֆունկցիաներով
Թեմա











