Գիրքը մենակ են կարդում
Սևան-Գավառ երթուղու հասարակական տրանսպորտով երթևեկող կանայք հրաժարվում են նստել տղամարդկանց հետ։ Կայքերից մեկը տեղեկացնում է, որ այդ կանայք 35 կմ երթևեկել են կանգնած։ Պատճառաբանությունները մշուշոտ են. «Բալա ջան, խո չե՞մ էթա նստեմ տղամարդկանց կողքը»։
Մահմեդական այս մտածողությունը հիշեք, սա ձեզ պետք կգա, երբ փորձեք հասկանալ, թե ինչու են մարզերում «նստած» սերիալների վրա, ինչու են քվեարկում ըստ գյուղապետի հրահանգների, ինչու չեն բողոքում, երբ ամուսինները «քացու տակ» են գցում իրենց։ Անզեն աչքով էլ հասկանալի է, որ սա բարքերի խնդիր է, այնպես չէ, որ մեղավոր են կանայք անինքնուրույնության համար։ Եվ այնպես չէ, որ այսպես մտածելու և վարվելու համար անպայման պետք է վատ կրթություն ունենալ կամ ընդհանրապես չունենալ։ Ես հիշում եմ, որ 2003թ. պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հերթական կեղծված ընտրություններից անմիջապես հետո ասաց. «Եվրոպացիները չեն հասկանա մեր մենթալիտետը»։ Եթե եվրոպացիներին մեր մենթալիտետը ներկայացնեք ամբողջ «խրձով», դափոնով, փաթեթով, նրանք իսկապես չեն հասկանա։ Ավելի ճիշտ՝ կհասկանան, որ այդպիսի մենթալիտետ ունեցողների ապագան ոչ մի տեղ է։ Բայց երբ կառավարությունը խոսում է սոցիալական, իրավական և կրթական հաջողությամբ իրականացվող բարեփոխումներից, իսկ կանայք հրաժարվում են տրանսպորտում նստել տղամարդկանց հետ, անմիջապես հասկանում ես, որ կառավարության և մեր կանանց բռնած ուղղությունները տարբեր են՝ կանայք գնում են Գավառ, իսկ կառավարությունը՝ կանանց աչքից հեռու։
Պարզ է, չէ՞, որ եթե կանանց հարցնես, թե ինչու չեք նստում տղամարդկանց հետ, կպատճառաբանեն իրենց ամուսինների վերաբերմունքով, իրենց տատիկների դաստիարակությամբ և այլն։ Նորմալ է, ցանկացած հարաբերություն պետք է դիտել մենակ մնալու հնարավորության մեջ։ Այսինքն՝ մենակության մեջ սա թեմա՞ է, թե՞ ոչ։ Ցանկացածը կգիտակցի, որ մենակության մեջ հարաբերությունների այսպիսի որակը չի քննարկվում։ Մենակության մեջ ի՞նչ կարևոր է, թե ինչ է ասում կառավարությունը սոցիալական, իրավական, կրթական բարեփոխումների մասին, ինչո՞ւ պետք է քվեարկել իշխանության և ոչ թե ընդդիմության թեկնածուի օգտին։ Այս կանայք ուրիշի աչքի համար ոտից գլուխ նախապաշարմունք են՝ բա մարդս ի՞նչ կասի։ Բայց այդ նույն գյուղերում աղջիկներ են մեծանում, նրանցից մեծ մասի աչքը Երևանի կողմն է։ Այսինքն՝ երազանքը հնարավորինս շուտ գյուղը կամ պրովինցիան լքելն է։
Հնարավոր է՝ նրանք չգիտեն, որ Երևանում մտածողությունը մի քիչ այլ կերպ է, այստեղ «մարդն» այնքան իշխանություն չունի կնոջ վրա, որքան մարզերում։ Բայց մարտունեցի աղջիկները, դիցուք, ժամանցի վայրեր են ուզում իրենց քաղաքում։ Նրանք ուզում են նստել սրճարաններում, այսինքն՝ սերիալներից, դասերից ազատ ժամերին ուզում են դրսևորվել երիտասարդությամբ։ «Աղջիկները կարծես բանտարկված լինեն, չգիտեն ուր գնալ»,– դժգոհում է հանրային սեկտորի մարտունեցի ներկայացուցիչը։ Երիտասարդությունը չի խոսում տնտեսական ձախողումներից, դրսևորվելու այլ առիթների բացակայությունից, իր քաղաքի իշխանության միշտ նույն եղանակով ընտրությունից, իր ծնողների կամքի վրա ունեցած կախվածությունից։ Բայց որոշակիացրել է բանտը՝ ժամանցի վայրեր չկան։
Հավանաբար իրենց մայրերից տեղեկացել են, որ երիտասարդությունը ժամանց է։ Համաձայն եմ՝ երիտասարդությունն ամեն ինչ է, բայց այս ամենի հետ ի՞նչ կապ ունի, թե ինչպիսի հասարակություն եք ուզում կառուցել։ Ի դեպ՝ ինչո՞ւ եմ շեշտում մենակության գիտակցումը։ Որովհետև մենակությունը արժեքներն իմաստավորելու միակ եղանակն է, ինչքան շատ լինեք մարդկանց մեջ, այնքան քիչ ժամանակ կունենաք հասկանալու, թե որոնք են իրական արժեքները։ Գիրքը մենակ են կարդում, ոչ թե երկուսով։ Նույնիսկ գրքի համաշխարհային մայրաքաղաքում։ Ի դեպ՝ քվեարկում են նույնպես մենակ։ Այսինքն՝ դրսևորվելու համար նախ պիտի սովորես լինել մենակ, ոչ թե մարդկանցից հեռու, այլ ինքդ քո հետ։
Թեմա
Մհեր Արշակյան










