Գլխավոր Լրահոս

Հունաստանը ծրագրում է ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. հունական աղբյուր

Հունաստանը ծրագրում է ՀՕՊ համակարգեր փոխանցել Հայաստանին. հունական աղբյուր


Հունաստանը կարող է Հայաստանին փոխանցել S-300PMU-1 զենիթահրթիռային համալիրներ և ռուսական արտադրության այլ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգեր։ Այս մասին հայտնում է հունական Enikos.gr լրատվական կայքը՝ հղում անելով Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի անանուն աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցի՝ խոսքը S-300PMU-1, TOR M-1 և OSA-AK ՀՕՊ համալիրների մասին է, որոնք Հունաստանը ծրագրում է փոխարինել իսրայելական նորագույն ՀՕՊ համակարգերով։ Լրատվամիջոցի փոխանցմամբ, Հայաստանին այս համակարգերի փոխանցումը հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ Հունաստանը ավարտի «Երկաթե գմբեթ» ծրագիրը Էգեյան ծովի տարածաշրջանում՝ 2026-ի վերջին։

Ըստ հունական լրատվամիջոցի՝ սա բացառապես հունական նախաձեռնություն չէ, այլ Ֆրանսիայի հետ համագործակցության արդյունք։ Փարիզը նույնպես պատրաստվում է մասնակցել Հայաստանի զինման գործընթացին։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 23-ին, նմանատիպ տեղեկություն էր հրապարակել նաև Real News շաբաթաթերթը, որը փոխկապակցված է Enikos.gr կայքի հետ։ Աղբյուրները հավաստիացնում են, որ զինատեսակները, որոնք Հունաստանը պատրաստ է փոխանցել ոչ անվճար հիմունքներով, «չեն հեռացվի առանց փոխարինման» [խմբ․ սպառազինությունից]։

Այս տեղեկությունները դեռ պաշտոնապես չեն հաստատվել Հունաստանի կամ Հայաստանի պետական մարմինների կողմից։ 

Հունական աղբյուրները նշում են, որ վերջին տարիներին նկատելիորեն ընդլայնվել է Հայ-հունական ռազմական համագործակցությունը և նշում, որ հունական ռազմական բուհերում սովորող հայ կուրսանտների թիվը կրկնապատկվել է։

Վերջերս Հունաստանում անցկացված «Olympic Cooperation 24» զորավարժությունների ընթացքում մասնակցել էին նաև Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումները։ Ըստ լրատվամիջոցի՝ Հայաստանի հետ ռազմական համագործակցության ընդլայնումը Հունաստանի համար «վերջին պահի որոշում չէ», այլ վերջին տարիներին հետևողականորեն իրականացվող քաղաքականություն:

Հավանական փոխանցման ենթակա համակարգերի մասին

Հայաստանն ունի ռուսական արտադրության S-300, TOR-M1 և OSA-AK համակարգեր, որոնք կիրառվել են 2020-ի Արցախյան պատերազմի ընթացքում։ Հայաստանի զինանոցում առկա են S-300PT և S-300PS մոդիֆիկացիաները։ Հունաստանի սպառազինությունում առկա S-300PMU-1 մոդիֆիկացիան գերազանցում է Հայաստանի ունեցած հակաօդային պաշտպանության միջոցները` մարտավարատեխնիկական բնութագրերով։

S-300PMU-1-ը մեծ հեռահարության ՀՕՊ համակարգ է, որը նախատեսված է ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանության համար և կարող է խոցել ինքնաթիռներ և հրթիռներ 70-100 կմ հեռավորության վրա։ TOR-M1-ը նախատեսված է ցածր բարձրության թռիչքներ իրականացնող թիրախների, հատկապես անօդաչուների խոցման համար, իսկ OSA-AK-ն՝ կարճ հեռահարության (մինչև 10 կմ) նշանակետերի խոցման համար։

Հունաստանի կողմից նմանատիպ համակարգերի հնարավոր փոխանցումը կարող է էականորեն ամրապնդել Հայաստանի ՀՕՊ ներուժը` հաշվի առնելով, որ հայկական կողմն արդեն ունի այս համակարգերի շահագործման փորձ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում