Հարկային արդարությո՞ւն, թե՞ հարված փոքր բիզնեսին. նախագծի շուրջ

Գևորգ Թոսունյան
Կառավարությունը ցանկանում է գործարար դաշտի փոքր խաղացողների ու մեծերի հարկման համակարգերը դարձնել համահավասար։ Կառավարության հաստատած ու Ազգային ժողով ուղարկած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով նախատեսվող փոփոխությունները խնդրահարույց են հատկապես փոքր ու միջին բիզնեսի համար։
Ինչ է նախատեսվում փոխել
Առաջին փուլում՝ 2025-ից, շրջանառության հարկը կրկնապատկվում է՝ 5%-ից դառնալով 10%։ Այս փոփոխությունն արդեն կյանքի է կոչվել․ 2024-ի մայիսի 2-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրեց այդ նշաձողը։ Կառավարությունը սահմանեց, որ շրջանառության հարկը բարձրանալու է կրկնակի։ Փաշինյանն ասաց՝ պետք է փուլ առ փուլ շրջանառության հարկի համակարգից հրաժարվել։
Եթե կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխություններն ընդունվեն, ապա կլինի հարկային փոփոխությունների երկրորդ փուլը 2025-ի հուլիսի 1-ից և շրջանառության հարկի համակարգը աստիճանաբար կվերանա։ Սա նշանակում է անցում հարկման ընդհանուր համակարգի, որտեղ գործում են Ավելացված արժեքի հարկը (20%) և շահութահարկը (18%)։
Որ ոլորտներն առաջինը կհայտնվեն նոր համակարգում
Օրենսդրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է, որ 2025-ի հուլիսի 1-ից մասնագիտական մի շարք աշխատանքների և ծառայությունների հարկումը տեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ։ Այդ գործունեության ոլորտներն են․
- շինարարություն, շենքերի և քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն,
- անշարժ գույքի հետ կապված գործունեություն, անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով,
- մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն,
- իրավաբանական և հաշվապահական գործունեություն,
- գլխամասային գրասենյակների գործունեություն, կառավարման հարցերով խորհրդատվական ծառայություններ,
- ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ և վերլուծություններ,
- գովազդային գործունեություն և շուկայի իրավիճակի հետազոտություն,
- մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեություն,
- վարչարարական և օժանդակ գործունեություն,
- ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեություն,
- աշխատուժով ապահովման այլ գործունեություն,
- առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում,
- առողջապահություն։
Կառավարության հիմնավորումը
Կառավարությունը պնդում է, որ նախագիծն անցել է հանրային քննարկումների փուլ և արդեն իսկ ենթարկվել է փոփոխությունների։ Գործադիրը որոշ զիջումների է գնացել՝ նոր համակարգին անցնելու ժամկետը հունվարի 1-ից հետաձգելով մինչև հուլիսի 1։ Նաև, մի շարք ոլորտներ դուրս են մնացել փոփոխությունների առաջին փուլից։
«Մենք ԱԱՀ դաշտ դեռ չենք անցկացնում անասնաբուժական ծառայությունները, սոցիալական խնամքի ծառայությունները, գիտական հետազոտություններն ու մշակումները»,- Ազգային ժողովում նոյեմբերի 19-ի լսումներին հայտարարեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
Իսկ ինչո՞ւ է կառավարությունը գնում այս քայլին։ Փոխնախարար Պողոսյանի խոսքով՝ խնդիրը հարկային անարդարության վերացումն է։ «Այսօր բուժաշխատողը կամ ուսուցիչն իր աշխատավարձից վճարում է 20% եկամտային հարկ, մինչդեռ նույն որակավորմամբ անհատ ձեռնարկատերը կա՛մ ընդհանրապես ազատված է հարկերից՝ գործելով միկրոձեռնարկատիրության դաշտում, կա՛մ վճարում է ընդամենը 5% շրջանառության հարկ»։
Ընդդիմախոսների փաստարկները
Կառավարության նախաձեռնությունը սուր քննադատության է արժանացել մասնագիտական և փորձագիտական գործունեություն ծավալող համայնքների կողմից։
«Սթեփ Քընսալթինգ» ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանի կարծիքով՝ այս նախաձեռնությամբ կառավարությունը նախ և առաջ հակասում է իր 2021-2026-ի ծրագրին։ Այդ փաստաթղթում հստակ ամրագրվում էր, որ «Կառավարությունը մեծապես կարևորում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը և համալիր քայլեր է ձեռնարկելու ոլորտում առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ: Ընդլայնվելու է սկսնակ ձեռներեցների աջակցության գործիքակազմը՝ նորարար ձեռներեցների համար զգալիորեն բարձրացնելով ֆինանսների, ձեռնարկատիրական հմտությունների ու կապերի, ինչպես նաև գիտելիքի հասանելիությունը»։
Մյուս կողմից կառավարությունը խոստանում էր «փոքր ու միջին բիզնեսի համար պարզեցված հարկային վարչարարության ապահովում և փաստաթղթաշրջանառության կարգավորում»։ Մուրադյանի կարծիքով՝ օրենսդրական փոփոխությունները ուղիղ հակասում են նաև այս դրույթին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը նշում է, որ մի քանի հարյուր էջ պարունակող Հարկային օրենսգրքի զգալի մասը վերաբերում է ԱԱՀ-ին ու շահութահարկին, իսկ շրջանառության հարկը չի անցնում 12-ը։
Սա ևս վկայում է, որ շրջանառության հարկից հարկման ընդհանուր համակարգ անցնող ձեռներեցների համար հարկային վարչարարությունը մի քանի անգամ բարդանալու է։
Այսինքն՝ փոխվում է ոչ միայն հարկման դրույքաչափը, այլև վարչարարությունը։
Հարկային փոփոխություններին սուր է արձագանքում նաև փաստաբանական համայնքը։ Փաստաբանները նշում են, որ ոչ շատ վճարունակ քաղաքացիները օգտվում էին անհատ փաստաբանների ծառայություններից, քանի որ գումարը ցածր էր՝ պայմանավորված նաև հարկային ցածր դրույքաչափերով: Օրենսդրական փաթեթի ընդունումից հետո այս պատուհանը նրանց համար կփակվի։ Նրանցից ոմանք այս նախագիծը որակում են որպես հարկային տեռոր։
Կառավարության նախագիծը դեռ չի մտել Ազգային ժողովի օրակարգ։
Ինչպե՞ս է գործում Հայաստանի հարկային համակարգը
Հայաստանում գործում է հարկման երկու հիմնական համակարգ՝ ընդհանուր և հատուկ։
Ընդհանուր համակարգ
Հարկման ընդհանուր համակարգի շրջանակում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են Ավելացված արժեքի հարկով և (կամ) շահութահարկով:
- Ավելացված արժեքի հարկը (20%) ամենամեծ կշիռն ունի հարկային եկամուտներում։ Սա ԵԱՏՄ տարածքում ամենաբարձր դրույքաչափերից է, որը կիրառվում է նաև Ռուսաստանում և Բելառուսում (աղբյուրը՝ 2022-2025-ի հարկային եկամուտների կառավարման ծրագիր)։ ԱԱՀ-ի դրույքաչափը չի փոխվել ներդրման պահից և երբևէ չի կիրառվել նվազեցված տարբերակ։
- Շահութահարկը (18%) գանձվում է բիզնեսի համախառն եկամտից։ Վերջերս իջեցվել է 20%-ից՝ ներդրումների համար ավելի գրավիչ միջավայր ստեղծելու նպատակով։
Հատուկ համակարգ
- Շրջանառության հարկը (5%) կիրառվում է տարեկան մինչև 115 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսների համար։ Փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին։ Վճարվում է եռամսյակային կտրվածքով։
- Միկրոձեռնարկատիրության հարկ - հարկային արտոնյալ համակարգ փոքր բիզնեսների համար։
Ըստ 2022-2025 թթ․ հարկային եկամուտների կառավարման ծրագրի՝ նախատեսվում է աստիճանաբար հրաժարվել շրջանառության հարկից՝ անցում կատարելով հարկման ընդհանուր համակարգի։ Սա նշանակում է, որ փոքր բիզնեսները 5%-ի փոխարեն պետք է վճարեն 20% ԱԱՀ և(կամ) 18% շահութահարկ։
Civilnet










