Գլխավոր Լրահոս

Վրաստանի խորհրդարանն առանց ընդդիմության նախագահական ընտրությունների օր է նշանակել

Վրաստանի խորհրդարանն առանց ընդդիմության նախագահական ընտրությունների օր է նշանակել

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արագ անցում է կատարում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իրավահաջորդին ընտրելու փուլին և սա տեղի է ունենում անորոշության ֆոնին, թե արդյոք Զուրաբիշվիլին կամ ԱԺ աշխատանքները բոյկոտող ընդդիմությունը կմասնակցեն նախագահական մրցապայքարին:

Երեքշաբթի Վրաստանի խորհրդարանը դեկտեմբերի 14-ը նշանակել է Վրաստանի հաջորդ նախագահի ընտրության օրը։ Այս անգամ նախագահին կընտրի ընտրական կոլեգիան։

Բանաձևին հավանություն է տվել «Վրացական երազանք»-ի 80 անդամ, դեմ ձայն չի եղել։ Քվեարկությունը տեղի է ունեցել խորհրդարանի աշխատանքների մեկնարկի երկրորդ օրը, որոնց մասնակցում է միայն իշխող կուսակցությունը․ ընդդիմադիր պատգամավորներից ոչ ոք ներկա չի եղել նիստին, ոչ էլ ճանաչել է դրա օրինականությունը։

Նույն բանաձևով նոր նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է դեկտեմբերի 29-ին։

«Վրացական երազանք»-ը դեռ չի հրապարակել այդ պաշտոնում իր նախընտրելի թեկնածուի անունը:

Վրաստանի նոր նախագահը նախկինի պես կպաշտոնավարի հնգամյա ժամկետով, սակայն առաջին անգամ նա կընտրվի ընտրական կոլեգիայի և ոչ թե համաժողովրդական քվեարկության միջոցով:

2017-ի սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ ընտրական կոլեգիան բաղկացած կլինի 300 անդամից՝ 150 պատգամավոր, Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի 21 անդամ, Աբխազիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի (1990-ականների սկզբից աքսորյալ կառավարություն) 20 անդամ, իսկ մնացածը կլինեն տեղական ինքնակառավարման մարմիններից՝ արտացոլելով 2021-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով ստեղծված ներկայացուցչությունը։

«Վրացական երազանք»-ը մեծամասնություն ունի տեղական կառավարման կառույցներում, ինչպես նաև խորհրդարանում, ինչը նրանց թույլ կտա նշանակել իրենց սեփական թեկնածուին:

Խորհրդարանի խոսնակի պաշտոնում վերահաստատված Շալվա Պապուաշվիլին պարզաբանել է, որ ընտրությունները տեղի կունենան խորհրդարանում, իսկ անհրաժեշտության դեպքում քվեարկության հետագա փուլերը կանցկացվեն նույն օրը։

Եթե թեկնածուներից ոչ ոք չստանա ընտրողների երկու երրորդի աջակցությունը, ապա կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ:

Ակնկալվում է, որ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին կառաջադրի թեկնածուի, ում տեսակետները, գործողությունները և քաղաքականությունը սերտորեն համահունչ են նրա սեփական նախասիրություններին կամ «Վրացական երազանք»-ի օրակարգին և որն ավելի կախյալ է, քան Սալոմե Զուրաբիշվիլին կամ նրա նախորդը՝ Գիորգի Մարգվելաշվիլին (2013–2018):

Երկուսն էլ ընտրվել են «Վրացական երազանք»-ի աջակցությամբ, սակայն հետագայում խիստ քննադատել են կուսակցությանը՝ մեղադրելով հակաժողովրդավարական ​​գործողությունների և Վրաստանի արևմտամետ արտաքին քաղաքականության ուղեգիծը վտանգելու մեջ:

«Վրացական երազանք»-ի ձևավորած խորհրդարանի երդման օրը իշխող կուսակցության նախկին դաշնակից Սալոմե Զուրաբիշվիլին այն անվանել է «սև երկուշաբթի Վրաստանի համար»: Դեռ անհասկանալի է, թե նա ինչ ծրագրեր ունի։

Սեպտեմբերի սկզբին Վրաստանի նախագահը «չէր բացառել» նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը, թեև դա կախված էր հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակից, ընտրություններ, որոնք ստվերվեցին ընտրակեղծիքների և ընտրախախտումների մասին տարածված հաղորդումներով:

Ընդդիմության հաղթանակի դեպքում նա պատկերացնում էր, որ ինքը կենտրոնական դեր կխաղա Վրաստանին իր արևմտամետ արտաքին քաղաքական ուղեգիծ հետ տանելու գործում։

Սալոմե Զուրաբիշվիլին 2022-ի հունիսին Թբիլիսիում իր կազմակերպված եվրոպամետ հանրահավաքին: Լուսանկարը՝ Շոթա Կինչայի/OC Media։

Քանի որ այդ հեռանկարն այժմ ակնհայտորեն անիրատեսական է համարվում, Զուրաբիշվիլին խուսափել է բացահայտ մեկնաբանություն անել «Ժողովրդական խորհրդարան» նախաձեռնության մասին, որն առաջարկել էր ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» խումը և որը կարող է նշանակել, որ Վրաստանում ի հայտ է գալիս զուգահեռ վիճելի իշխանություն:

Հոկտեմբերի խորհրդարանական ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելով՝ Զուրաբիշվիլին հանդես է եկել կառավարության բոլոր ճյուղերի, այդ թվում՝ իր լիազորությունների ընդլայնման օգտին: Այնուամենայնիվ, «Վրացական երազանք»-ը, կարծես, վճռական է նրան հնարավորինս արագ հեռացնելու հարցում՝ ազդարարելով այն, ինչ որոշ քննադատներ նկարագրում են որպես երկրում իրենց վերահսկողությունից դուրս գտնվող վերջին պետական ​​հաստատության վերջը:

«Առաջին հերթին ապագա նախագահը պետք է լինի հայրենասեր, ազնիվ և արտաքին ուժերից անկախ։ Նրանք չպետք է գործեն օտար երկրների ներկայացուցիչների հրահանգով»,- երեքշաբթի հայտարարել է «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն՝ կրկնելով կուսակցության հռետորաբանությունն այն մասին, որ Վրաստանը գտնվում է ԵՄ ճնշման տակ՝ միաժամանակ ձգտելով ԵՄ պաշտոնական անդամակցության:

Ներկայում նոր խորհրդարանը բոյկոտող խոշոր ընդդիմադիր խմբերից և ոչ մեկը, որոնց մեծ մասը խոստացել է ամբողջությամբ չեղարկել իրենց պատգամավորական ցուցակները, չի պարզաբանել, թե արդյոք առաջադրելու է նախագահի թեկնածու, որպեսզի մարտահրավեր նետի «Վրացական երազանքի» թեկնածուին՝ հեռանկար, որը ստվերվում է ընտրական վարչակազմի ընտրական չեզոքության նկատմամբ նրանց անվստահությամբ և ընտրական բարեփոխումների բացակայությամբ, ինչպես նաև ընտրությունների վերջին արդյունքները դատարանում վիճարկելու կենսունակ ուղիների բացակայությամբ:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում