Չինաստանը մտահոգված է Ռուսաստանի և Հս. Կորեայի մերձեցումից, ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

Բրիտանական The Guardian պարբերականը վերլուծական հոդված է հրապարակել Ուկրաինայում ընթացող պատերազմում Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի խորացող համագործակցության և այդ համագործակցությունից Չինաստանի անհանգստությունների մասին։
Վաշինգտոնում քննարկումներ են ընթանում, թե արդյոք Պեկինը կողմ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Ուկրաինայում կռվող ռուսական ուժերին զինվորներ տրամադրելու որոշմանը։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Կուրտ Քեմփբելի խոսքով՝ Չինաստանը գնալով ավելի է անհանգստանում Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի սերտացող հարաբերություններից: Մասնավորապես, Պեկինին մտահոգում է Փհենյան-Մոսկվա առանցքի ամրապնդումը:
Քեմփբելի հայտարարությունը լույս է սփռում Ասիայում ԱՄՆ անվտանգության գործընկերների շրջանում ծավալվող քննարկումների վրա։ Այդ երկրները փորձում են հասկանալ՝ Չինաստանը համաձայն է արդյոք Կիմ Չեն Ընի՝ Ուկրաինայում Ռուսաստանին օգնելու համար 10,000 զինվոր ուղարկելու որոշման հետ: Ըստ հրապարակումների՝ հյուսիսկորեական զորքերն արդեն իսկ Ռուսաստանի տարածքում են:
Ճապոնիայի արտգործնախարարությունում կասկածներ կան, որ Չինաստանն աջակցում է Հյուսիսային Կորեայի այս քայլին: Պաշտոնյաները նշում են, որ Պեկինը հիմնականում լռություն է պահպանում այս հարցի շուրջ: Չինաստանը հավանաբար վախենում է, որ Ուկրաինայում ռազմական համագործակցությունը կնպաստի ամերիկյան ծրագրերին՝ Արևելյան Ասիայում ստեղծելու Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետ դաշինքների ցանց, ինչը Պեկինն արդեն իսկ դիտարկում է որպես իր ազդեցությունը թուլացնելու փորձ:
Վերջերս Չինաստանը բարի կամքի հազվադեպ դրսևորում է ցուցաբերել՝ Ճապոնիային հայտնելով, որ կհեռացնի Արևելաչինական ծովում՝ ճապոնական վերահսկողության տակ գտնվող Սենկակու կղզիների մոտ տեղադրված իր լողանը: Թեև սա փոքր քայլ է թվում, կղզիները երկար ժամանակ վեճի առարկա էին երկու երկրների միջև: Այս քայլը դիտվում է որպես ազդանշան Ճապոնիայում այն ուժերին, որոնք դեմ են Չինաստանի հետ ԱՄՆ-ի գլխավորած հակամարտության մեջ ներքաշվելուն:
Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում վերջերս անցկացված քննարկմանը Քեմփբելն ասել է. «Չինացի գործընկերների համար գնալով ավելի անհարմար է դառնում Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի մերձեցման թեման: Երբ քննարկումներ ենք ունենում, պարզվում է, որ մենք ենք նրանց տեղեկացնում Հյուսիսային Կորեայի որոշ ձեռնարկումների մասին, ինչից նրանք անտեղյակ էին: Նրանք մտահոգված են, որ Ռուսաստանի խրախուսանքը կարող է Փհենյանին դրդել այնպիսի քայլերի, որոնք Չինաստանի շահերին չեն համապատասխանում»:
«Չինաստանը բացահայտ չի քննադատում Ռուսաստանին, սակայն մեր կարծիքով՝ Փհենյան-Մոսկվա աճող համագործակցությունն անհանգստացնում է նրանց»,- ասել է պետքարտուղարի տեղակալը:
Վերլուծաբանները, սակայն, այլ կարծիքի են Չինաստանի և Ռուսաստանի միջև լուրջ հակասությունների առկայության վերաբերյալ:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրենի՝ Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով նախկին օգնական Դենիս Ուայլդերը նշել է. «Պեկինի լռությունն այս հարցում ապշեցուցիչ է: Չինական մամուլը որևէ խոսք չի ասում ո՛չ ամռանը Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև կնքված ռազմավարական համաձայնագրի, ո՛չ էլ զորքերի տեղակայման մասին»: «Ինչպե՞ս է Չինաստանը բացատրում իրավիճակը և ինչպե՞ս է միջազգային հանրությունից անտեսում այն փաստը, որ իր դաշնակիցն այժմ մարտնչում է Ուկրաինայում: Եվրոպացիները կզայրանան, և նրանց զայրույթն ուղղված կլինի ոչ թե հյուսիսկորեացիների, այլ հենց Չինաստանի դեմ»,- ասել է նա:
«Եթե Ռուսաստանը սկսի Հյուսիսային Կորեային միջուկային տեխնոլոգիաներ տրամադրել, դա կամրապնդի ամերիկյան դաշինքներն Արևելյան Ասիայում և գուցե հանգեցնի մի նոր ՆԱՏՕ-ի ստեղծման: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շատ բարդ կացության մեջ է հայտնվել»,- նշել է Ուայլդերը:
Շաբաթ օրը Հալիֆաքսի անվտանգության ֆորումում ԱՄՆ-ի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար, ծովակալ Սեմյուել Պապարոն նշել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերություններն ունեն «յուրահատուկ փոխշահավետ բնույթ»:
«Հյուսիսային Կորեան Ռուսաստանին հրետանային միջոցներ ու հրթիռներ է մատակարարում, իսկ Ռուսաստանը, փոխարենը, հավանաբար հրթիռային և սուզանավային տեխնոլոգիաներ կտրամադրի Հյուսիսային Կորեային»,- ասել է նա: Պապարոն նաև նշել է, որ Չինաստանը Ռուսաստանին է տրամադրել իր կիսահաղորդիչների 90 տոկոսը և հաստոցների 70 տոկոսը՝ իր պատերազմական մեքենան վերագործարկելու համար:
Ավստրալիայի Ազգային հետախուզության գրասենյակի ղեկավար Էնդրյու Շիրերը նույնպես կասկածով է վերաբերվում Չինաստանի մտահոգությունների իսկությանը:
«Պուտինի և Սիի միջև պառակտում մտցնելու գաղափարը երևակայական է: Եթե չընդունենք այն իրողությունը, որ Պուտինը դեռ շարունակում է պատերազմել Ուկրաինայում միայն Չինաստանի ռազմական, դիվանագիտական և երկակի նշանակության աջակցության շնորհիվ, մենք չենք կարող արդյունավետ ռազմավարություններ մշակել»,- ասել է նա:
Չինաստանի դիրքորոշման վերաբերյալ կասկածներ կան նաև ճապոնացի փորձագետների շրջանում: Կոմազավա համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Էմի Միֆունեն նշել է. «Անհնար է, որ Չինաստանը տեղյակ չլիներ Ռուսաստանի պլանների մասին: Չինաստանը չի կարող թույլ տալ Ռուսաստանի պարտությունն Արևմուտքից, իսկ Ռուսաստանի հաղթանակը քարոզչական առավելություն և նախադեպ կստեղծի Չինաստանի համար՝ Թայվանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հարցում»:
Էնդրյու Շիրերը ընգծել է 2024-ի մայիսին կայացած Չինաստան-Ռուսաստան գագաթնաժողովը, երբ Չինաստանը զիջումներ կորզեց Ռուսաստանից, այդ թվում՝ Տումեն գետից Ճապոնական ծով մուտք ունենալու իրավունքը:
Ճապոնիայի Ազգային պաշտպանության ակադեմիայի պրոֆեսոր Հիդեա Կուրատայի կարծիքով՝ Պեկինը ո՛չ հավանություն է տալիս, ո՛չ էլ դեմ է արտահայտվում, այլ պարզապես անհարմար դրության մեջ է հայտնվել: Նա ընդգծում է, որ հակամարտությունը պետք է դիտարկել Կորեական թերակղզու վերամիավորման ջանքերից Հյուսիսային Կորեայի հրաժարման լույսի ներքո:
Ըստ նրա՝ Հյուսիսային Կորեան փորձում է ստեղծել սպառնալիքների աստիճանակարգ՝ սկսած տակտիկական միջուկային զենքերից մինչև Ճապոնիան թիրախավորող միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, Գուամը թիրախավորող միջին հեռահարության հրթիռներ և ԱՄՆ-ի տարածքը թիրախավորող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: Կուրատան կարծում է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում չունի ցամաքային կամ ծովային միջին հեռահարության միջուկային զենքեր, որոնք կզսպեն Հյուսիսային Կորեային:
Civilnet










