Պուտինը ստում էր, կոպիտ էր և միշտ ուշանում էր. Անգելա Մերկելի հուշերից

Financial Times պարբերականում Le Monde-ի խմբագրական տնօրեն և սյունակագիր Սիլվի Կոֆմանը սյունակ է հրապարակել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի հուշագրությունների գրքի մասին։
Իր «Ազատություն» հուշագրության մեջ Անգելա Մերկելը պատմում է Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի մասին, որը վերաբերում էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցությանը նրա դեմ լինելուն։ «Դուք հավերժ կանցլեր չեք լինելու,- Մերկելին ասել է Պուտինը։- Իսկ հետո նրանք կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ։ Եվ ես ուզում եմ կանխել դա»։ Մերկելն էլ հակադարձել է. «Դուք էլ հավերժ նախագահ չեք լինելու»։
Մերկելը հեռացավ Գերմանիայի կանցլերի պաշտոնից 2021-ին՝ Արևմուտքում դառնալով կայունության խորհրդանիշ 16 տարվա պաշտոնավարումից հետո։ Պուտինը դեռ նախագահ է՝ առանց հեռանալու որևէ մտադրության։ Նա նաև Մերկելի ժառանգության ամենամեծ սպառնալիքն է։ Կանցլերի հուշագրությունները շատ տարբեր կլինեին, եթե Ռուսաստանի առաջնորդը 2022-ի փետրվարի 24-ին լայնածավալ ներխուժում չձեռնարկեր Ուկրաինա։ Գերմանիան ցնցվեց մինչև հիմքերը, երկրի հաջողության հենասյուները հանկարծ խոցելի դարձան։ Մերկելը սխալվե՞լ էր արդյոք։ Նրա հուշերում Պուտինը ամենահաճախ հիշատակված օտարերկրյա առաջնորդն է: Դա պատահական չէ։

Մերկելը փորձում է անկեղծորեն բացատրել դա, սակայն, ինչպես կասեր Մարգարետ Թետչերը, տիկինը փոխվելու մտադրություն չունի։ Ռուսաստանի հետ Գերմանիայի հարաբերությունների երեք վճռորոշ դրվագներում նրա պատմածը չի համապատասխանում իրականությանը։
2008-ին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում տեղի ունեցած պայքարի՝ Մերկելի հետաքրքիր պատմությունը, որտեղ նա Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի օգնությամբ հաղթեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի՝ Ուկրաինան և Վրաստանը դաշինքին միացնելու փորձին, զգուշորեն խուսափում է այդ բեկումնային պահի և չորս ամիս անց ռուսական ուժերի՝ Վրաստան ներխուժման միջև կապից։ Նա գրում է, թե իր տեսակետն այն էր, որ ՆԱՏՕ-ին միանալու համար այդ երկու երկրներից առնվազն հինգ տարի կպահանջվեր, և որ այդ ժամանակահատվածում, երբ այդ երկրներն անպաշտպան էին, նրանց վրա Պուտինի հարձակման ռիսկը շատ մեծ էր։
Բայց Պուտինը հենց դա էլ արեց։ Մերկելի համար Բուխարեստում ձեռք բերված փոխզիջումը, որը ուկրաինացիներն այժմ ամփոփում են «ՆԱՏՕ-ի դուռը բաց էր, բայց մեզ չհրավիրեցին» արտահայտությամբ, կանխեց դաշինքի պառակտումը, ցույց տվեց ֆրանս-գերմանական տանդեմի արդյունավետությունը և նրա կոալիցիոն կառավարության միասնականությունը։ Ապշեցուցիչ է, երբ Մերկելը հրաժարվում է դիտարկել, որ Պուտինը ՆԱՏՕ-ի անդամների այս անվճռականությունը մեկնաբանեց որպես կանաչ լույս՝ մի քանի ամիս անց Վրաստանի և 2014-ին Ուկրաինայի վրա հարձակվելու համար։
Ղրիմի բռնակցումն ավելի է վրդովեցնում Մերկելին։ Նա պատմում է իր շոկի մասին, երբ Պուտինը,- որին նա զանգահարել էր հարցնելու, թե արդյոք թերակղզին գրավող «փոքրիկ կանաչ մարդիկ» ռուս զինվորներ են,- բացահայտ հերքեց դա։ «Անամոթ սուտ»,- ասում է Մերկելը։
Նա խոստովանում է, որ ընկճված էր 2014-ին Դոնբասում Ռուսաստանի միջամտությունից։ Սակայն կրկին, նրա կարծիքով, փոխզիջումն ու բանակցությունները պետք է գերակշռեին. ռազմական լուծումը բացառված էր։ Մերկելը բացահայտում է ռուս բանակցողների կեղտոտ խաղերը Մինսկի ձանձրալի գործընթացում և մշտապես խախտվող զինադադարները։ Նա խոսում է Ուկրաինայի այդ ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյի տառապանքի մասին՝ արևելյան Ուկրաինայում նրա զորքերի կոտորածը տեսնելիս։ Բայց Մերկելը երբեք կասկածի տակ չի դնում պաշարված ուկրաինացիներին ռազմական օգնություն չտրամադրելու Բարաք Օբամայի որոշումը։ Մերկելը վճռորոշ դեր խաղաց Եվրոպայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ընդունելու հարցում՝ այնքանով, որքանով դրանք չէին վերաբերում նավթին ու գազին։
Հուշագրության ակնառու է այն, ինչի մասին Մերկելը չի խոսում։ Ռուսական գազից Գերմանիայի կախվածության վերաբերյալ նա նշում է, որ «Հյուսիսային հոսք - 1» խողովակաշարը ժառանգել է իր նախորդից՝ Գերհարդ Շրյոդերից, բայց չի նշում, որ աջակցել է «Գազպրոմի» դուստր ձեռնարկության խորհրդի նախագահի պաշտոնում Շրյոդերի նշանակմանը։ Նա ընդունում է, որ Լեհաստանը և Ուկրաինան քննադատում էին «Հյուսիսային հոսքը», բայց միայն, ըստ նրա, որովհետև կորցնում էին տարանցման վճարները։ Աշխարհաքաղաքականությունը շրջանցվում է։ Նա նաև չի նշում, որ իր դիվանագիտական խորհրդական Քրիստոֆ Հոյսգենը կարծում էր, որ «Հյուսիսային հոսք - 2»-ը վատ գաղափար է և դա ասել է նրան։
Այժմ հայտնի է, որ նա խոստովանել է եվրոպացի գործընկեր առաջնորդներից մի քանիսին այն ճնշման մասին, որ իր նկատմամբ կար գերմանական հզոր արդյունաբերական լոբբիի կողմից, որը ջանասիրաբար սիրաշահում էր Կրեմլին՝ ռուսական էժան գազի մատակարարումը շարունակելու համար։ Սակայն Մերկելը չափազանց սկզբունքային է իր գրքում այս մեղքը կիսելու առումով։ Նա լռության է մատնում այն կատաղի պայքարը, որ իր կառավարությունը մղում էր Բրյուսելում եվրոպական գազային դիրեկտիվի դեմ՝ «Հյուսիսային հոսքը» փրկելու նպատակով։
Պուտինը ստում էր, կոպիտ էր և միշտ ուշանում էր, բայց Ռուսաստանը տեղը չէր փոխելու։ Մերկելն իր առաջին 35 տարիներն անցկացրել էր Արևելյան Գերմանիայում՝ կոմունիստական բռնապետության ներքո՝ փորձելով արժանապատիվ կյանքով ապրել՝ առանց արժանապատվությունը կորցնելու։ Ի վերջո, արդեն որպես կանցլեր, նա հայտնվեց մի իրավիճակում, երբ գործ ուներ հետխորհրդային մի բռնապետի հետ, որին ատում էր, բայց չէր ուզում սրել հարաբերությունները։ Դա էր վերջնական փոխզիջումը։
Civilnet










