Բայդենը ներում է շնորհել իր որդուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին, որը մեղավոր էր ճանաչվել և դատավճռի էր սպասում քրեական երկու գործերով:
«Այս պաշտոնում իմ առաջին իսկ օրվանից ես հայտարարել եմ, որ չեմ միջամտելու արդարադատության նախարարության որոշումներին, և ես պահել եմ խոսքս, նույնիսկ, երբ տեսնում էի, թե ինչպես են իմ որդուն խտրական և անարդար կերպով հետապնդում»,- ասված է Բայդենի հայտարարությունում:
Դեռ սեպտեմբերին և՛ Բայդենը, և՛ նրա մամուլի քարտուղարը հավաստիացնում էին, որ նախագահը մտադիր չէ որդուն ներում շնորհելու հրամանագիր ստորագրել:
Հունիսին երդվյալ ատենակալները 54-ամյա Հանթեր Բայդենին մեղավոր էին ճանաչել 2018-ին զենք գնելիս թմրամոլ լինելու փաստը թաքցնելու համար: Կրտսեր Բայդենը ԱՄՆ պատմության մեջ առաջին գործող նախագահի որդին է, որը հանցագործության մեջ մեղավոր է ճանաչվել:
Սեպտեմբերին Հանթեր Բայդենը խոստովանել էր մեղքը մեկ այլ՝ հարկերից խուսափելու գործով:
Կիրակի երեկոյան հրապարակված հայտարարությունում Ջո Բայդենը պնդում է, որ իր որդու դեմ դատավարությունները «լի էին քաղաքականությամբ», և ուստի ավարտվել են անարդար որոշումներով:
«Երբ այս շաբաթավերջին ընդունեցի այս որոշումը, դրա կատարումը հետաձգելն այլևս իմաստ չուներ: Հուսով եմ՝ ամերիկացիները կհասկանան, թե ինչու հայրն ու նախագահը հանգեց նման որոշման»,- նշված է հայտարարության մեջ:
Հանթեր Բայդենը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ թմրամոլ եղած ժամանակ իր գործած սխալներն օգտագործվել են քաղաքական նպատակներով՝ հրապարակայնորեն նվաստացնելու և խայտառակելու Բայդենների ողջ ընտանիքը:
«Ես ոչ մի դեպքում իմ հանդեպ այսօրվա ներման ակտը ինքնին սովորական բան չեմ համարում և կյանքս կնվիրեմ նրանց օգնելուն, ովքեր դեռ հիվանդ են և տառապում են»,- հայտարարել է հեռացող նախագահի որդին:
Հանթեր Բայդենի դատավճիռները պետք է կայացվեին դեկտեմբերի 12-ին և 16-ին: Երկրորդ գործով՝ 2016-2019 թթ. 1,4 միլիոն դոլարի հարկերից խուսափելու համար, նրան սպառնում էր մինչև 17 տարվա ազատազրկում:
Ազգականների ներում
Ջո Բայդենը ԱՄՆ նախագահներից առաջինը չէ, որը ներում է շնորհել ազգականին:
Բիլ Քլինթոնը 2001-ին՝ իր երկրորդ ժամկետի վերջում, ներում է շնորհել խորթ եղբորը՝ դերասան և երաժիշտ Ռոջեր Քլինթոնին, որը 1985-ին դատապարտվել էր կոկաին պահելու համար:
Դոնալդ Թրամփը 2020-ին ներում է շնորհել իր դստեր՝ Իվանկայի սկեսրայրին՝ Չառլզ Քուշներին, որը դեռ 2005-ին դատապարտվել էր նախընտրական արշավների համար անօրինական նվիրատվությունների և հարկերից խուսափելու համար և երկու տարի բանտում էր անցկացրել:
Այժմ Թրամփը մտադիր է Քուշներին, որը զգալի գումարներ է նվիրաբերել իր նախընտրական արշավներին, նշանակել դեսպան Ֆրանսիայում:
Civilnet










