Գևորգ Թոսունյան
Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում տրամադրել հատման ենթակա ծառերի ամբողջական ցուցակը։ ՍիվիլՆեթը դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել հատման ենթակա ծառերի ցանկն ու դրանց գտնվելու վայրերը։
Երևանում, ըստ քաղաքապետարանի տվյալների, ամեն տարի հատվում է 1000-ից մինչև 1500 չոր ծառ, որը, ըստ քաղաքապետարանի, «մեծ քանակություն չէ՝ հաշվի առնելով Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկների հասուն ծառերի քանակությունը»։
Քաղաքապետարանից հայտնել են, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային որ առևտրային կառույցը (ՀՈԱԿ) 2020-ից մայրաքաղաքում իրականացնում է չոր և վթարային ծառերի ծառահատումները։
«Նշված ծառերի հատումները խիստ անհրաժեշտ են և ունեն անվտանգային և սանիտարական նշանակություն։ Կազմակերպությունը մասնագիտական կառույց է, որտեղ իրենց մասնագիտական աշխատանքներն են իրականացնում դենդրոլոգները»,- նշված է քաղաքապետարանի գրավոր պատասխանում։ Նաև ասվում է, որ ծառահատումներն իրականացվում են Երևանի քաղաքապետի 2023-ի օգոստոսի 28-ի որոշմամբ։
«Ծառահատման տոմսում նշվում են գրությամբ նշված կետերը՝ հասցե, ծառի կենսածավալային վիճակ, հիվանդություն, հատված ծառի փայտի ծավալ և տեղափոխման վայր։ Ծառահատման տոմսերը ծավալուն և ներքին շրջանառության փաստաթղթեր են»,- նշված է պատասխանում։
Մենք խնդրել էինք նաև տրամադրել յուրաքանչյուր ծառի վերաբերյալ մասնագետների եզրակացություն, որը հաստատում է հատման անհրաժեշտությունը, ինչպես նաև հատման որոշման հիմնավորումներ՝ ներառյալ գործող նորմատիվներին և ակտերին հղումներ:
ՍիվիլՆեթն այս հարցերին ևս պատասխան չի ստացել։
Քաղաքապետարանը չի հայտնել նաև, թե արդյոք հանրային քննարկումներ են անցկացվել այս թեմայով։
Ըստ պատասխանի՝ հաստատված ծառահատման տոմսերի ծավալային քանակությունից ելնելով՝ դրանց հնարավոր է ծանոթանալ այցելելով կազմակերպություն։
ՍիվիլՆեթն առաջիկա շաբաթներին կացելի ՀՈԱԿ։
Civilnet











