Եթե Մարտակերտի ու Ասկերանի ղեկավարները Արցախի համայնքներին պատկանող մեքենաների օտարման գործերով արդարացվել են, ապա Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի գործը դեռ նախաքննության փուլում է։ Նրա խափանման միջոցը շարունակում է նույնը մնալ՝ վարչական հսկողություն։
Քաղաքապետի փաստաբան Ռոման Երիցյանի կարծիքով սա խտրականություն է, ինչը պայմանավորված է քաղաքապետի և նրա կնոջ՝ Էռնա Ջավադյանի հստակ հակաիշխանական հայտարարություններով։
«Միջնորդություն ենք գրել․ եթե մեր դեպքում չեք կարճում գործը, գոնե խափանման միջոցը փոխեք կամ այդ սահմանփակումները հանեք։ Այդ մարդը երեխայի հետ գոնե խանութ կարողանա գնալ»,- ասաց Երիցյանը։
Փաստաբանը բացատրեց, որ այս խափանման միջոցը ենթադրում է 12 ժամ տնից չբացակայելու սահմանափակում և նման է տնային կալանքին։
«Քաղաքապետների գործերը», որոնք հարուցվել էին մայիս ամսին, իրար նման են՝ խոշոր չափերով խարդախություն և փաստաթղթերի կեղծում։ Իրավապաշտպանները համոզված են, որ այդ գործերն ունեն քաղաքական շարժառիթ, քանի որ մայիսին ակտիվ փուլ էր մտել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի ղեկավարությամբ, իսկ քաղաքապետները աջակցում էին այդ նախաձեռնությանը։
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանը երեք այլ անձանց հետ խոշոր չափերով խարդախություն է կատարել՝ պատրաստելով կեղծ փաստաթղթեր։ Ավելի պարզ՝ Ստեփանակերտ համայնքին պատկանող ավելի քան 19 միլիոն արժողությամբ չորս ավտոմեքենաները՝ երկու «Վազ-21», մեկ «Տոյոտա» ու մեկ «ՈւԱԶ», բերել են Հայաստան և այլ անձանց նվիրաբերությամբ օտարման գործարքներ արել։
Ըստ փաստաբան Արսեն Բաբայանի՝ արցախցիների տեղահանությունից հետո համայնքի ղեկավարները չեն կողմնորոշվել՝ ինչ իրավական հիմք ունեն իրենց հետ տեղափոխված մեքենաները, որոնք Արցախում համայնքային գույք էին։
«Կառավարության հետ երկար քննարկումներից հետո որոշել են ժամանակավորապես մեքենաները դարձնել համայնքի ղեկավարների, այսպես ասենք՝ ամենալեգիտիմ մարդկանց անունով, որպեսզի կարողանան ապահովել շահագործման կանոնները»,- ասաց Բաբայանը։
Այնուհետև իրավապահները, ըստ Բաբայանի, հենց հանրահավաքների ժամանակ հիշել են այս խնդրի մասին ու արդեն քրեական հանցանքում մեղադրել քաղաքապետներին․ «Ստացվել է այնպես, որ հենց հանրահավաքների ժամանակ իշխանությունը որոշեց համայնքի ղեկավարների նկատմամբ հետապնդում սկսել, որպեսզի արցախցիները վախենան հանրահավաքներին մասնակցել»։
Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանն արդարացվեց հոկտեմբերի 25-ին, իսկ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց նոյեմբերի 13-ին։ Վերջինիս նկատմամբ հետապնդումը շարունակվում է մեկ այլ՝ «հավաքին մասնակցելուն նյութապես շահագրգռելու» հոդվածով։
Civilnet











